Տիգրան Ավինյանն այսօր Երեւանի ավագանու նիստում որպես փոխքաղաքապետի թեկնածու անդրադարձավ մայրաքաղաքի աղտոտվածությանն ու հանքերի շահագործմանը։
Ավագանու անդամ Վահե Գեւորգյանը Ավինյանից հետաքրքրվեց՝ 2018-ից սկսած, հաշվի առնելով մի շարք բնապահպանական նորմեր, փոշու եւ աղտոտվածության աստիճանը, Երեւանի քաղաքապետարանն ընդհանրապես չի տրամադրել հանք շահագործելու թույլտվություն, ի՞նչ մոտեցում ունեք սրա վերաբերյալ։
Ի պատասխան հարցի` Ավինյանն ասաց․ «Ես Երեւան քաղաքում հանքերի շահագործումը չեմ պատկերացնում, ինչպես չեմ պատկերացնում անասնագործությունը, եթե դա օրինակ․․․ մենք խոսում ենք մայրաքաղաքի մասին: Բայց, այնուամենայնիվ, պետք է որոշ իրողություններ հասկանանք, միգուցե հաշվի նստենք: Կդժվարանամ հարցին պատասխանել, որովհետեւ նույնիսկ չգիտեմ, թե որ հատվածներում կան հանքեր, որոնք շահագործվում են եւ ինչ ծավալների են դրանք»:
Ավինյանը նշեց՝ մայրաքաղաքի սահմաններից դուրս մեծածավալ շինարարություն է ընթանում, հանքեր են շահագործվում․ «Անկախ նրանից՝ հանք է, շինարարություն է, թե մեկ այլ բան է, որը ստեղծում է այն փոշու ծավալը, որն այսօր կա, դա էլի ոլորտի անհատական շահն է գերակա հանրային շահի դեմ: Չի կարող քաղաքը այնպիսի շինարարության ծավալներ ունենա կամ հանքերի շահագործման ծավալներ, կամ քաղաքից դուրս, քաղաքին մերձ, որ մենք փոշու մեջ կորենք»։
Կարդացեք նաև
Ավագանու այսօրվա նիստում Տիգրան Ավինյանը նշանակվեց Երեւանի փոխքաղաքապետ․նրա թեկնածությանը կողմ քվեարկեցին ավագանու 44 անդամներ։ Այժմ քաղաքապետն ունի 5 տեղակալ, Ավինյանը դարձավ 6-րդը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ