ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին:
ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Մարտինեսին Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հետագա հաջողություններ: Շնորհավորելով Իսպանիայի հետ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ հայ-իսպանական համագործակցությունը հիմնված է ոչ միայն երկու ժողովուրդների դարավոր կապերի, այլեւ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ իրավունքի գերակայության հիմնարար արժեքների վրա:
Հանդիպմանը զրուցակիցները փաստել են երկկողմ փոխգործակցության ակտիվացման եւ փոխշահավետ համագործակցության նոր հեռանկարային ուղղությունների սահմանման կարեւորությունը:
ՀՀ ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել Հայաստանում մշտական ներկայացուցչություն բացելու՝ Իսպանիայի կառավարության որոշման կապակցությամբ:
Կարդացեք նաև
Կողմերն անդրադարձել են սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիային եւ փխրուն հրադադարին: ՀՀ ԱԺ նախագահը կոչ է արել բոլոր միջազգային գործընկերներին, այդ թվում՝ Իսպանիային, խստորեն եւ ուղիղ դատապարտել ադրբեջանական ռազմական ագրեսիան, ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի արգելքի սկզբունքի կոպտագույն խախտումները:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Իսպանիայի դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի կենդանի եւ դինամիկ ժողովրդավարությունը լավ օրինակ է, ինչն էլ դրվելու է հետագա նախագծերի առանցքում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ