Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Վարյան. Այո, ավելի շուտ բարոյական է, քան օրենքի խախտում. Մենք էլ ենք կոշտ եղել, բայց ո՛չ զոհ ենք ունեցել միտինգ ցրելիս, ո՛չ էլ պատմությունների մեջ ընկել. «Հրապարակ»

Սեպտեմբեր 23,2022 11:56
varyan

Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանության՝ զոհված ու անհետ կորած զինծառայողների ծնողների նկատմամբ ցուցաբերված վայրագ գործողությունների վերաբերյալ զրուցել ենք ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության կրթահամալիրի նախկին պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի հետ։

Պարոն Վարյան, վստահ եմ՝ տեսել եք, թե ինչպես էին երկու օր առաջ Եռաբլուրում կարմիրբերետավոր ոստիկանները վարվում զոհված զինվորների ծնողների, այդ թվում՝ մայրերի հետ։ Ի՞նչ գնահատական կարող եք տալ դրան։

– Ես միայն մի բան կարող եմ ասել, որ շատ անդուր տեսարան էր։ Իսկ էս դեպքում խոսել պրոֆեսիոնալիզմի մասին՝ էդտեղ ավելի շատ պրոֆեսիոնալիզմը չէ, մարդիկ գուցեեւ իրենց պարտականություններն են կատարում, բայց կան սահմաններ, որը չի կարելի անցնել, ու նաեւ կարեւոր է՝ ում դեմ, ում հանդեպ։ Էդ բոլորը պիտի հաշվի առնվի։ Եթե հանցագործներ լինեին, կարելի էր կոպիտ վարվել, բայց ո՛չ զոհվածների ծնողների հետ։ Եվ դա շատ վատ տպավորություն է թողնում, ավելի լավ է՝ ինձ մի զանգեք, զանգեք էն զինվորներին, որոնք հիմա սահմանին կանգնած են, իրենց զանգեք՝ իրենք Ձեզ ավելի լավ կպատասխանեն։

Իսկ Ձեր օրոք ինչպե՞ս էր, Դուք ինչո՞վ էիք առաջնորդվում այդպիսի իրավիճակներում։

– Ես 12 տարուց ավելի անձամբ եմ ղեկավարել էդ ծառայությունները, բայց որեւէ մի անգամ չի եղել, որ անցնեմ սահմանները։ Այո, խիստ ենք եղել, այո, կոշտ ենք եղել, բայց ո՛չ զոհ ենք ունեցել միտինգ ցրելիս, ո՛չ էլ ինչ-որ պատմությունների մեջ ենք ընկել:

Շատերը մեղադրում են, որ անձամբ ոստիկանապետը կամ հենց Նիկոլ Փաշինյանն է ցուցում տվել, որ իրենց ճանապարհն ինչպես ուզում են՝ բացեն, որ անարգել անցնեն։

– Ուրեմն Նիկոլ Փաշինյանը չի կարող էդպիսի կարգադրություններ տալ, դա նրա մակարդակի հարց չէ։ Դա ավելի շուտ ոստիկանության պետ, պետի տեղակալ, Երեւան քաղաքի վարչության պետ՝ էդ մակարդակի հարց է։ Բայց որ խնդիրը դրված է՝ ապահովել, եւ ոստիկանությունը պարտավոր է ապահովել, դա՝ միանշանակ։

Եռաբլուրում տեղի ունեցածի պարագայում օրենքի խախտում կա՞ր, ըստ Ձեզ։

– Երկու ձեւի պիտի նայեք․ ոնց հաշվենք, որ դա օրենքի խախտում է, եթե պետական ինչ-որ միջոցառում է, եւ խանգարում են։ Ուրիշ բան, որ կարելի էր այլ ձեւ վարվել՝ բանակցելով, համոզելով, բացատրելով փորձել։ Եթե փորձել են, եւ չի ստացվել՝ ի՞նչ ասեմ, նաեւ էդպիսի բաներ կարող են լինել։ Բայց եթե իրենք փորձել են, խնդրել են, համոզել են, որ գոնե տասը րոպեով թողեք հանգիստ՝ միջոցառում է, խայտառակ մի արեք, պետություն է եւ այլն… Բայց նաեւ պետք է հասկանալ էդ ծնողներին։

Այստեղ, սակայն, խնդիրն ավելի շատ բարոյական ու էմոցիոնալ դաշտում է, ոչ թե զուտ օրենքի։

– Այո, ավելի շուտ բարոյական է, քան օրենքի խախտում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930