Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանի նախագահի «համարձակությունը» սնվում է Թուրքիայից, ինչպես նաեւ միայն կոչերով սահմանափակվող երկրների չեզոքությունից. «Հայաստանի Հանրապետություն»

Սեպտեմբեր 23,2022 11:32

Այն, որ Ադրբեջանը չի պատրաստվում բավարարվել արդեն իսկ բռնազավթած տարածքներով ինչպես Արցախի, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետություններից, ակնհայտ է Բաքվի բռնապետի սեպտեմբերի 21-ին Բերձորում արված հայտարարություններից։ Այդտեղ նա այցելել էր 110 կիլովոլտ ենթակայանի կառուցման հիմնարկեքի արարողությանը մասնակցելու նպատակով։ «Մեզ ոչ մեկի կոչն ու ոչ մի հայտարարությունը չի կանգնեցնի։ Եթե Հայաստանը փորձում է մեզ մեղադրել, որ մենք ներխուժել ենք իրենց տարածք, ապա դա անհիմն է։ Առանց սահմանների սահմանազատման՝ ոչ ոք չի կարող ասել, թե որտեղով է այն անցնում»,- ասել է Ալիեւը՝ փաստացի խոստովանելով, որ սահմանների գծումն իրականացնում է ռազմական ուժի կիրառման ճանապարհով՝ ոտնահարելով միջազգային իրավունքը։ Դրանով ձեռնոց է նետում այսօր գոյություն ունեցող միջազգային կանոններին եւ սկզբունքներին։ Միաժամանակ նկատենք, որ «հստակ սահմաններ չունենալու» կամ «խորհրդային վարչական բաժանման» մասին հիշատակումները երկսայր են եւ թույլ են տալիս հիմնավորել ըստ ադրբեջանական մոտեցումների, որ ԼՂԻՄ-ը, Դաշտային Արցախը նույնպես որպես վարչական բաժանում չեն պատկանում այսօրվա Ադրբեջանին։

ՀՀ տարածքների նկատմամբ ունեցած հավակնությունների մասին է վկայում մի քանի օր առաջ Թուրքիայում բնակվող 200 ադրբեջանցիների կողմից «Գեյչա-Զանգեզուրի Հանրապետության» ստեղծումը։ Մի կողմ թողնենք այն հարցը, թե արդյո՞ք Ադրբեջանի իշխանություններն են խրախուսում այդ արկածախնդիրներին, սակայն միանշանակ են ինչպես Սյունիքի, այնպես էլ՝ Սեւանա լճի եւ անգամ Երեւանի մասով հավակնությունները, այդ թվում՝ պետական մակարդակով։ Մասնավորապես, երբ Ալիեւը ՀՀ Սյունիքի մարզը համարում է իրենց «պատմական հողը»՝ ներկայացնելով որպես «արեւմտյան Զանգեզուր» արհեստածին անվամբ։

Բնականաբար, Ադրբեջանի նախագահի «համարձակությունը» սնվում է Թուրքիայից, ինչպես նաեւ միայն կոչերով սահմանափակվող երկրների չեզոքությունից։ Տեղին է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի՝ Հայաստանի անկախության օրվա առթիվ թվիթերյան գրառման մեջ արված դիտարկումը, որ ադրբեջանական «վայրագությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային հանրությունը հստակորեն չի դատապարտել Ալիեւին»։ ԱՄՆ կոնգրեսականն իր աջակցությունն է հայտնել՝ նշելով, որ «Հայաստանի անկախության օրը սգում են անցած շաբաթ ադրբեջանական ուժերի կողմից սպանված հայ զինվորների եւ արդարություն փնտրում տեղահանվածների ու ահաբեկվածների համար»։ Պետական դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը սեպտեմբերի 16-18-ը Հայաստան կատարած այցի արդյունքների հիման վրա արված հայտարարությունում նշել էր. «Հայաստանին, ինչպես եւ ամբողջ տարածաշրջանին խաղաղություն է պետք, բայց ոչ պերմանենտ նվաստացման գնով։ Խաղաղության պայմանագիրը եւ հայ-ադրբեջանական սահմանագծումը չեն վերացնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը, որի լուծման որոնումը պահպանվում էր միջազգային հարաբերությունների օրակարգում 30 տարի»։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930