Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Հայաստանն իրեն Արևմուտքի բարեկամն է համարում, ապա պետք է բացի Զանգեզուրի միջանցքը. National Interest

Սեպտեմբեր 23,2022 11:23

Հարավային Կովկասում վերջին սահմանային բախումները գրեթե մթագնեցին Ուկրաինայում տեղի ունեցող և առավել լուսաբանվող իրադարձությունները: Բայց մի մոլորվեք: Ադրբեջանի և Հայաստանի միջև վերսկսված մարտերը, որոնք վատթարագույնն են 2020թ. Մոսկվայի միջնորդությամբ հաստատված հրադադարից հետո, համաշխարհային նշանակություն ունեն: Այդ երկու երկրների միջև ընթացող խաղաղ բանակցություններն այժմ վտանգված են, և, եթե շարունակվեն, վտանգված են նաև երկու երկրների տարածքով անցնող անվտանգ տարանցիկ կապերը, որոնց վրա հենվում է համաշխարհային շուկան: Այս մասին ամերիկյան հեղինակավոր The National Interest պարբերականում գրում է վերլուծաբան Ստեֆան Բլանկը:

Այդ նույն տարանցիկ կապերն արդեն վտանգի տակ էին ուկրաինական պատերազմի պատճառով, շարունակում է հոդվածագիրը: Էներգիայի, սննդամթերքի և կոմերցիոն նշանակության ապրանքների տեղաշարժի լուրջ խափանումները սեյսմիկ ցնցումներ են առաջացրել ամբողջ աշխարհի տնտեսություններում: Գազի եվրոպական գները բարձրանում են այն բանից հետո, երբ Մոսկվան կրճատեց մուտքը դեպի «Հյուսիսային հոսք 1» գազատարը, մինչդեռ արևմտյան պատժամիջոցները առաջացրել են ամենաառաջնային պարենային ապրանքների գների աճ ամբողջ աշխարհում:

«Եվ հենց այս ֆոնին Հայաստանն այլևս չի կարող հետաձգել Եվրոպայի և Ասիայի միջև կարևորագույն նոր տրանսպորտային երթուղու՝ Զանգեզուրի միջանցքի կառուցումը»,- գրում է Բլանկը: «Միջանցքը», որն ըստ հեղինակի, «երկար ժամանակ եղել է սեղանին, բայց ներկայումս արգելափակված է Հայաստանի կողմից», ձգվելու է Ադրբեջանի հարավ-արևմտյան սահմանից Հայաստանով մինչև ադրբեջանական Նախիջևան անկլավ, այնուհետև Թուրքիա և դրանից դուրս: «Սա Արևելք-Արևմուտք առևտրային միակ ուղիներից մեկի բացակայող օղակն է, որը կարող է շրջանցել Ռուսաստանը։ Եթե Հայաստանն իսկապես Արևմուտքի բարեկամն է, ինչպես պնդում է նրա խոշոր սփյուռքը, ապա պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ և անհապաղ թույլ տա միջանցքի բացումը»,- գրում է Բլանկը։

Հեղինակը նշում է, որ Հայաստանը հավատարիմ է «միջանցքի բացմանը` որպես 2020 թվականի նոյեմբերին Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի համաձայնագրի մաս»: Այնուամենայնիվ, այդ գործարքի պայմանները միջանցքի կառավարումը թողնում են Ռուսաստանին, ինչը վտանգավոր նախադեպ է հետագա շահարկումների համար: Բլանկի կարծիքով՝ ավելի նախընտրելի է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից անցյալ տարվա դեկտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ բանակցություններից հետո հայտարարված բանաձևը։ Միշելի ծրագիրը թույլ կտա յուրաքանչյուր երկրի վերահսկել միջանցքի այն հատվածը, որն անցնում է իր տարածքով` տեղ չթողնելով երրորդ կողմերի շահարկումների համար:

Զարմանալի չէ, որ ԵՄ-ն որոշակի հաջողությամբ փորձեր է կատարել վերաձևավորել բանակցությունները և հակազդել իրավիճակը շահարկելու Մոսկվայի փորձերին, շարունակում է հեղինակը: Ռուսաստանը շրջանցող անվտանգ «հարավային միջանցքի» փնտրտուքը նորություն չէ, սակայն համաշխարհային աշխարհաքաղաքականության ներկա վիճակը թելադրում է հրատապության նոր մակարդակ։ Տեսականորեն տրանսպորտային ամենահեշտ ճանապարհը պետք է անցնի Իրանով։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով ԱՄՆ-ի պատժամիջոցները և իրանական երկաթուղիներում խրոնիկ անբավարար ներդրումները, դժվար է դա դիտարկել որպես ապահով կամ հուսալի տարբերակ:

Դա մատնանշում է, որ լուծումը Հարավային Կովկասն է։ Վերջին տարիներին տարբեր գործոններ ուժեղացրել են տարածաշրջանի՝ որպես տարանցիկ կապի դերը։ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի միջև հաջող համագործակցությունը նոր կապեր է ստեղծել, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթգիծը և Հարավային գազային միջանցքը, որոնք Եվրոպային ապահովում են կասպյան գազով և այլ ռեսուրսներով: Այս նախաձեռնությունն ավելի մեծ թափ ստացավ, երբ նախկին խորհրդային հանրապետությունները, ինչպիսիք են Ղազախստանը և Ուզբեկստանը, սկսեցին վառելիք և ապրանքներ ուղարկել Ադրբեջանով՝ ի պատասխան Ռուսաստանի շրջափակման:

Այնուամենայնիվ, Հարավկովկասյան երթուղու վրա հույս դնելն ունի նաև թերություններ։ 2008 թվականին Ռուսաստանը ներխուժեց Վրաստան, հարձակում, որը դիտվում է որպես Ուկրաինա վերջերս իրականացված ներխուժման փորձարկում: Ռազմական գործողություններն ամրապնդեցին Ռուսաստանի վերահսկողությունը վրացական տարածքում երկու խամաճիկ «հանրապետությունների»՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ: Ռուսական տանկերը մինչ այժմ տեղակայված են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից ընդամենը քառասուն մղոն հեռավորության վրա:

Չարագուշակ նշանները վկայում են ռուսական հետագա ներխուժման վտանգի մասին։ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նշել է, որ «Ուկրաինայից հետո հաջորդ թիրախը Վրաստանն է»։ Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Անվտանգության խորհրդի բարձրաստիճան անդամ Դիմիտրի Մեդվեդևը սոցիալական ցանցերում Ղազախստանն ու Վրաստանն անվանել է «արհեստական» միավորներ՝ մատնանշելով, որ «Կիևի ազատագրումից հետո Ռուսաստանը կրկին միավորվելու է»։ Թեև տասը րոպե հետո գրառումը հեռացվեց, և մեղքը բարդվեց «հաքերների» վրա, դա միայն հաստատում է Ռուսաստանի հնարավոր ապագա մտադրությունների վերաբերյալ կասկածները: Հետևաբար, Վրաստանով անցնող միջանցքը չի կարող հուսալի լուծում լինել երկարաժամկետ ներդրումների համար, և ոչ էլ երթուղի՝ լիարժեք զերծ ռուսական միջամտությունից։

Ավելի լավ լուծում է Զանգեզուրի միջանցքը, որը Բաքվից Թուրքիայի արևելյան Կարս նահանգ ձգվող և Իրանի սահմանի մոտով հայկական տարածքով անցնող ռազմավարական տրանսպորտային երթուղու մաս է կազմում: Զանգեզուրի միջանցքը կարող է դառնալ Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների միջև ցամաքային տրանսպորտային ամենակարճ ճանապարհը, կարծում է Բլանկը։

Բացելով համաշխարհային մատակարարման շղթայում բացակայող օղակը՝ Հայաստանը զգալիորեն կշահի։ Այնուամենայնիվ, ըստ հոդվածագրի, «մինչ այժմ Հայաստանը փորձել է հետ կանգնել իր պարտավորություններից»: Թեև Հայաստանի արտաքին քաղաքականությունն առաջին հայացքից այնպիսին է, որ կողմ է Արևմուտքի հետ գործընկերությանը, իրականությունն այլ է: Հայաստանը ամուր կերպով կառչած է Ռուսաստանին՝ որպես նրա ամենամոտ դաշնակիցներից և կախյալներից մեկը, ինչը լուրջ քաղաքական երկընտրանք է ներկայացնում երկրի ղեկավարության համար, գրում է Բլանկը։

«Շարունակելով արգելափակված պահել Զանգեզուրի միջանցքը՝ Հայաստանը տուրք է տալիս համաշխարհային տնտեսությունը խեղդամահ անելու Մոսկվայի սցենարին։ Միևնույն ժամանակ, սերունդներով եկող պոպուլիստական հակաթուրքական և հակաադրբեջանական հռետորաբանությունը հայ քաղաքական գործիչների համար նեղացրել է հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը: Այնուամենայնիվ, այժմ ժամանակն է, որ Հայաստանը որոշի՝ արդյոք ինքը Արևմուտքի բարեկամն է, ինչպես հաստատակամորեն պնդում է ԱՄՆ-ում և Եվրոպայում նրա ուժեղ և բարձրագոչ սփյուռքը, թե ոչ: Եթե այդպես է, ապա նա պետք է վերսկսի խաղաղ բանակցությունները Ադրբեջանի հետ և օգնի բացել Զանգեզուրի միջանցքը։

Ռուսաստանի կողմից համաշխարհային մատակարարման ուղիների շրջափակման պայմաններում քիչ կենսունակ լուծումներ կան արևելքից արևմուտք ապրանքներ փոխադրելու համար: Դրանցից ամենաօպտիմալը Զանգեզուրի միջանցքն է»,- եզրափակում է հոդվածագիրը։

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930