Հարցազրույց տրանսպորտի նախկին նախարար, Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի հետ
– Եռօրյա կռվից հետո հրադադար հաստատվեց, տեսակետ կա, որ կա՛մ արդեն կողմերը համաձայնության են եկել եւ հարմար պահի կիրագործեն բանավոր պայմանավորվածությունը, կա՛մ էլ այս սրացումը պայմանավորված էր նրանով, որ Փաշինյանը հետո դիմի ժողովրդին, ասելով՝ կա՛մ մեր երիտասարդներին ենք ուղարկում մահվան բերան, կա՛մ տալիս ենք միջանցքը։
– Բայց ինչո՞ւ ենք միայն վերջին սրացումը դիտարկում, անցած տարի մայիսին Սեւ լճի տարածք մտան, ինչ է՝ նույն ձեռագի՞րը չէ, իրենք անընդհատ փորձելու են քայլ-քայլ առաջ գալ, որպեսզի, ի վերջո, մեզ ստիպեն ստորագրել մի այնպիսի փաստաթուղթ, որ, մեծ հաշվով, միայն իրենց օգտին է լինելու։
– Իսկ գուցե Մեղրիով ճանապարհի հարցն է, որ հետո էլի պատասխանատվությունը գցեն նախկինների վրա։ Պատահական չէ, որ այս օրերին կրկին շրջանառում են, թե դեռեւս Ռոբերտ Քոչարյանի ժամանակ է Մեղրիի տարբերակը բանակցվել։
Կարդացեք նաև
– Ախր, դա ի՜նչ արդարացում է։ Սեղանին դրված էր` 15 տարի սպասեցին, նո՞ր զարթնեցին, նո՞ր հիշեցին, ինչո՞ւ այն ժամանակ չէին փորձում անել։ Գիտեք՝ ամեն տարբերակ կարող են ասել, Ադրբեջանն էլ կուզենա, որ Ղարաբաղն ամբողջությամբ իրենը լինի, մենք էլ ուզում էինք, որ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հատվածը մերը լիներ, այլեւ դաշտավայրայինը, բայց ուժդ պետք է պատի, որ անես, չէ՞։ Ի վերջո, ցանկությունը մի բան է, հնարավորությունը՝ այլ բան։ Եվ հետո` ի՞նչ համեմատություն է։ Այդ փաստաթղթում (Քոչարյանի ժամանակ քննարկված) ոչ թե միջանցքի գաղափարն էր, այլ՝ տրանզիտ ճանապարհի։ Դա արվում էր Արցախի կարգավիճակի դիմաց, գումարած երկու շրջան՝ Լաչին, Քարվաճառ։ Գինը թանկ էր այն ժամանակ, իսկ հիմա՞: Հիմա բան չեն տալիս, բացարձակապես ոչինչ․․․ Ես ուզում եմ հավատալ, որ Հայաստանի սուվերեն տարածքն իսկապես կարմիր գիծ է իշխանությունների համար, իրենք չպիտի վախենան ո՛չ արտաքին ճնշումներից, ո՛չ էլ Ադրբեջանի։ Այդ հարցը գին ունի։ Մենք պետք է պատրաստ լինենք մերժելու եւ գին վճարելու, իսկ գինը կռիվ տալն է, մեկ անգամ, երկու անգամ ատամ ցույց տվեցինք, խնդիրը հօգուտ մեզ կլուծվի։ Դա նաեւ ժողովրդի ցանկությունն է, մարդիկ պատրաստ են գնալ կռիվ տալ, մենակ միջանցք չլինի, տարածքի զիջում չլինի։ Աստված չանի, եթե որեւէ մեկիս զավակը զոհվում է, եթե հասկանում ենք՝ ինչի համար է զոհվել, ցավը, չեմ ասի հեշտ, բայց հասկանալով ենք տանում, իսկ անիմաստ տեղը զոհվելու դեպքում ասում ենք՝ խի՞ պիտի գնար իմ երեխան, զոհվեր։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: