Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհրաբ Մնացականյան․ Պետք է դադարել ազգային պետությանը պարտադրել ազգային-ազատագրական շարժման մտածելակերպ

Սեպտեմբեր 23,2022 08:28

ՀՀ նախկին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է ծավալուն հոդված, որում անդրադարձ է արվում ներկայում Հարավային Կովկասում՝ Հայաստանի և Արցախյան հիմնախնդրի շուրջ ստեղծված բարդ իրավիճակին:

Ինչու սեփական շահերը, սեփական ուժերի վրա ապավինելը, ինքնավստահությունը և համախմբումն այլընտրանք չունեն

Մենք մուտք ենք գործել մեր ֆիզիկական անվտանգության, մեր ինքնիշխանության և մեր ազատության դեմ ուղղված գոյութենական սպառնալիքին և մարտահրավներին դիմակայելու նոր փուլ:

Կա հիմնավոր, հստակ և ակնհայտ փաստ. սեպտեմբերի 13-ի կեսգիշերից անմիջապես հետո Ադրբեջանը բազմաթիվ ուղղություններով հարձակում է գործել Հայաստանի վրա՝ սահմանի հարավ-արևելյան և արևելյան ուղղությամբ, ծանր հրետանու, ականանետների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ թիրախավորել է քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակավայրերը Հայաստանի խորքում։ Ադրբեջանական ցամաքային զորքերը ներթափանցել են Հայաստանի տարածք՝ նպատակ ունենալով վերահսկող դիրքեր գրավել Հայաստանի տարածքում։ Այս նյութը գրելու պահին ռազմական ագրեսիան Հայաստանի դեմ և նրա ինքնիշխան տարածքի օկուպացիան շարունակվում են։ Հայաստանի սադրանքների մասին բացարձակ անհեթեթությունն այս ագրեսիայի համար հիմքեր ստեղծելու անհրաժեշտ քարոզչական ֆոնն էր: Միամիտ կլիներ ակնկալել, որ Ադրբեջանը բացահայտորեն հայտարարելու էր, որ դիմել է ուժի կիրառման, քանի որ, ըստ իրենց, առկա էին բարենպաստ ռազմական և աշխարհաքաղաքական պայմաններ բանակցային ներկա համատեքստում ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ ընդունելու իրենց բոլոր պահանջները։

Հայաստանի համար ադրբեջանական քարոզչությամբ պայմանավորված խնդիրն այն է, որ այդ պատումներն օգտագործվում են միջազգային հանրության կողմից և միջազգային լրատվամիջոցների կողմից, ովքեր նախընտրում են թաքնվել «չեզոքության» վահանի հետևում՝ սեփական շահերը պաշտպանելու համար, կամ ովքեր տարածաշրջանում և դրանից դուրս աշխարհաքաղաքական զարգացումների «հավասարակշռված լուսաբանման» քողի ներքո պահպանում են լայն ընկալում ունեցող պատումները: Ինչպե՞ս ենք հակադարձելու:

Մենք՝ հայերս, հետևողականորեն շարունակում ենք մեր ազգի միջազգային փրկիչների մասին պատրանքները, ինչը եղել է ամենավնասակար մտածելակերպը, որը մենք կարող էինք որդեգրել մեր պատմության մեծ հատվածում և հատկապես ինքնիշխանությունը վերականգնելուց հետո: Նրանց հեռացնելու համար հրամայական է վերջնականապես ընդունել և հետամուտ լինել որոշակի հիմքերի: Նախ՝ աշխարհն արդար չէ, և շատ հաճախ՝ արդար չէ մեր օգտին: Երկրորդ՝ պետք է դադարել ազգային պետությանը պարտադրել ազգային-ազատագրական շարժման մտածելակերպ։ Դա վնասակար է ազգային շահերի առաջմղմանն ուղղված արդյունավետ միջազգային ներգրավվածության և պրագմատիկ գործողությունների համար: Ազգային պետության առաջնային իրավունքն ազգային շահերի և ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է։ Այս գործառույթը երրորդ կողմին պատվիրակելը հենց ազգային-ազատագրական շարժման մտածելակերպի դրսևորում է։

 

Պրագմատիկ միասնականություն

Ուինսթոն Չերչիլը մի անգամ ընդգծել է. «Անհրաժեշտ է պայքարել, երբ հաղթանակի հույս չկա, քանի որ ավելի լավ է կործանվել, քան ապրել որպես ստրուկ»: Աստված օրհնի մեր բանակը. մենք կարողանում ենք հաղթել նույնիսկ այն ժամանակ, երբ դա անհնարին է թվում: Այնուամենայնիվ, Աստված մեզ ուժ տա, որպեսզի մեր ազգային խիղճի, պրագմատիզմի, իմաստության և հստակության հիման վրա վերջապես հանգենք պրագմատիկ միասնության գիտակցության (խնդրում եմ՝ չշփոթել միատարրության հետ): Սա հրամայական է մեր պաշտպանական կարողություններին կշիռ և համախմբված ազգային հանրային աջակցություն տալու համար։ Ճակատամարտերի և պատերազմների մեծ մասը հաղթում են ոգու ուժով: Սա մեզ անհրաժեշտ է, որպեսզի պաշտպանենք մեր ինքնիշխանությունը, մեր ժողովրդավարությունը, մեր ազատությունները, մեր ինքնությունը, մեր ժառանգությունը և ամենակարևորը՝ մեր ապագան:

Միջազգային ներգրավվածությունը մեր ինքնիշխան գործիքակազմի ամենակարևոր տարրերից է՝ կայուն ազգային անվտանգության և ազգային զարգացման համար անհրաժեշտ միջավայր և պայմաններ ստեղծելու համար: Ազգային պետությունները համագործակցում կամ միմյանց հետ բախվում են նախեւառաջ, եթե ոչ բացառապես ազգային շահերը պաշտպանելու և առաջ մղելու նպատակով:

Արտաքին քաղաքականությունը փխրուն է, քանի դեռ այն հիմնված չէ միջազգային գործընկերների հետաքրքրությունը գրավելու ազգային կարողության վրա: Համաշխարհային փորձը մշտապես մատնանշում է այն փաստը, որ ազգային կարողությունները պարտադիր չէ, որ բխեն ընդերքից: Միանշանակ, խոսքը նավթի և գազի մասին չէ, թեև, ինչպես մենք հաճախ տեսնում ենք մեր տարածաշրջանում, այն հաճախ կենտրոնական նշանակություն ունի միջազգային հանրության համար: Այնուամենայնիվ, աշխարհի և հատկապես Եվրոպայի շատ երկրների փորձը հանդիսանում են հզոր ազգային կարողությունների ակնհայտ և համոզիչ օրինակներ, որոնք հիմնված են գործող պետական ինստիտուտների և մրցունակ ժամանակակից և առաջադեմ, միջազգային հաջող ինտեգրում ունեցող տնտեսության վրա: Երեսուն տարին բավականին երկար ժամանակահատված է ժամանակակից պատմության համար: Կարող ենք դիտարկել Ֆինլանդիան 1945-ից մինչև 1975 թվականը: Հայաստանի դեպքում կասկած չկա մեր ազգի ուժի և տաղանդի վրա՝ մեր հազարամյա պատմության այս փուլում ոտքի կանգնելու գոյութենական հերթական սպառնալիքից հետո: Արդյունավետ գործող պետությունը և դրա կառույցները, ժողովրդավարական համակարգում օրենքի գերակայության արդար և հզոր կիրառումը, էական ենթակառուցվածքների զարգացումը և որակյալ կրթությունը այն չորս հիմնասյուներն են, որոնց վրա մենք կարող ենք հաջողությամբ շարունակել կառուցել մեր ազգային անվտանգությունը և ազգային զարգացումը, հաջողությամբ գեներացնել համընկնող շահեր միջազգային մեր գործընկերների մեծամասնության հետ: Մի խոսքով, արտաքին քաղաքականությունը սկսվում է տնից։ Իսկ այդ նպատակին հասնելու համար արտաքին քաղաքականությունն ամրապնդում է համագործակցությունը միջազգային գործընկերների հետ։

Ինքնիշխան մտածելակերպի ամրապնդման և կայունացման պայմաններում ռազմավարական առաջնահերթությունները, ինչպիսիք են վերը նշվածները (և անկասկած, շատերի համար դրանք սպառիչ չեն լինի) չպետք է դիտարկվեն կամ որդեգրվեն որպես կարճաժամկետ, միջնաժամկետ կամ երկարաժամկետ քաղաքականություն, բայց որպես պետության և հանրության մշտական կենսակերպ։

Մինչդեռ, ներկայումս մենք հավաքականորեն հասցեագրում ենք անվտանգության հիմնարար և ինտենսիվ մարտահրավերներ, որոնց հիմքը դրվել է 2020 թվականի Արցախյան պատերազմի կործանարար հետևանքներով։ Ներկայիս էսկալացիան 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո հաստատված խորը փխրունության հերթական դրսևորումն է: Հայաստանի շարունակվող ռազմավարական մարտահրավերների շրջանակն ու դինամիկան սահմանվում են հիմնականում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բովանդակությամբ (որը հետագայում համալրվեց 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններով):

 

Հավաքական արտացոլում

2020 թվականի Արցախյան պատերազմի պատճառներն ու հետևանքները եղել են և տեսանելի ապագայում կմնան Հայաստանում և Արցախում կատաղի և հաճախ իրար բախվող հասարակական ու քաղաքական բանավեճերի թեմա։ Պատճառահետևանքային կապի առնչությամբ կարելի է նշել բազմաթիվ սխալ հաշվարկները, հիմնված վերջին 30 տարիների ընթացքում և, մասնավորապես, 1994 թվականից ի վեր ձևավորված ամբարտավանության զգացման վրա: Բանավեճերի բարձր հուզականությունը, թերևս, անխուսափելի է, թեև իրավիճակի վերաբերյալ ավելի զուսպ հավաքական արտացոլումը կարող էր առավել օգտակար և հասուն լինել: Մի կողմ թողնելով զգալի «աղբը» և էմոցիոնալ պոռթկումները, այս բանավեճում կան ինչպես քննադատության, այնպես էլ առաջ շարժվելու բազմաթիվ ծանրակշիռ փաստարկներ, որոնք ակնհայտորեն ընդգծում են կարծիքների արտահայտման ազատության և այդ առումով խոսքի ազատության իրավունքի (և ի վերջո, բոլոր հիմնարար ազատությունների) արժեքը: Կարելի է հանրային տարածքում տեսնել քաոս, սակայն այս քաոսն առավել նախընտրելի է ավտորիտար «կարգուկանոնից»: Նման բանավեճերը, որքան էլ դրանք քաոսային, հախուռն և հակընդդեմ լինեն, հանգեցնում են հասարակական կոնսենսուսի և սահմանում արդար և ժողովրդավարական ընտրություններում մեծամասնության կողմից ընտրված կառավարության կողմից իրականացվող հանրային քաղաքականությունը: Հաշվի առնելով մեր ժողովրդի և հասարակության բնորոշ ազգային առանձնահատկությունները՝ սա միակ ճանապարհն է մեր ինքնիշխան պետության մեջ կայուն և առողջ հասարակական կյանք ապահովելու համար: Ուստի, Հայաստանի պարագայում ժողովրդավարությունը քաղաքական մոդել չէ, այլ անվտանգության պահանջ, ազգային շահերին հետամուտ լինելու սահմանող պայման և կազմակերպման սկզբունք:

Վերջին էսկալացիայից բխող անմիջական մարտահրավերի համատեքստում, և նկատի ունենալով վերը նշված դիտարկումները, ակնհայտ է, որ Հայաստանի արտաքին քաղաքականություն մշակողները բախվում են նոր պատումների մարտահրավերի, որոնք բխում ենք Ռուսաստանի միջնորդությամբ 2020 և 2021 թվականներին ընդունված երեք եռակողմ հայտարարություններից, ինչպես նաև Եվրամիության կողմից որդեգրված միջնորդական ուղուց։ Սա բոլորովին նոր իրավիճակ է տարածաշրջանում, որը մեծ չափով, բայց ոչ ամբողջությամբ, չեղյալ է հայտարարում 2020 թվականի Արցախյան պատերազմի մեկնարկից առաջ գոյություն ունեցող պատումները ու գործառնական պարամետրերը։

Նոյեմբերի 9-ի հայտարարության առաջնային, եթե ոչ միակ նպատակը, պարզ լեզվով ասած, Արցախում պատերազմը դադարեցնելն էր։ Այդ հայտարարությունը ամեն ինչ է, բայց ոչ հակամարտության կարգավորման փաստաթուղթ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության առանցքը սահմանող հարցերը, մասնավորապես՝ Արցախի կարգավիճակը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման հետ, Արցախի ժողովրդի համապարփակ և կայուն անվտանգությունը՝ երաշխավորված Հայաստանի կողմից (այդ թվում՝ Հայաստանի հետ ուղիղ կապի միջոցով) և միջազգային հաստատումներով, ոչ միայն վնասվել են, այլև լրջորեն վտանգվել։ Արցախի ժողովրդի գոյութենական վտանգը միայն սրվել է: Հակամարտության պատճառ հանդիսացող հիմնական հարցերը ոչ մի կերպ չեն անհետացել։ Նրանք ենթարկվում են զգալի ճնշումների և ձևափոխվում են նոր հանգամանքների լույսի ներքո: Այս իրողությունը հիմնարար նախադրյալն է՝ ռազմավարական երկարաժամկետ քաղաքականության տարբերակները գնահատելու համար:

 Նոյեմբերի 9-ի հայտարարությունն առաջին հերթին սահմանում է հրադադարի ռեժիմ՝ կիրառելով շատ կոնկրետ մեխանիզմ՝ ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայում: Սա ինքնին նշանակալից է այն պայմաններում, երբ խաղաղապահ առաքելությունը մնում է Արցախի դեմ վերսկսվող գրոհի միակ զսպող միջոցը։ Այն նաև կարևոր շրջանակ է տրամադրում կողմերին հակամարտության կարգավորման դիվանագիտական ​​գործընթացում կրկին ներգրավելու համար: Իհարկե, խաղաղ գործընթացը, բանակցությունները և դիվանագիտությունը հակամարտությունների կարգավորման նախընտրելի միջոցն են։ Խոսքը պատերազմից նախընտրելի է: Միևնույն ժամանակ, նոյեմբերի 9-ի հայտարարության բովանդակությունից ի հայտ են գալիս մի շարք նոր վտանգներ։

 Նախ, խաղաղապահներն ապահովում են Արցախի որոշակի անվտանգությունը։ Այս հանգամանքներում սա միակ պայմանավորվածությունն է, որ հասանելի է Արցախին։ Այնուամենայնիվ, այս պայմանավորվածության խոցելիությունը խաղաղապահ գործողության ժամանակային սահմանափակումն է, անկախ նրանից, թե ինչ ենթապայմաններ կան տեքստում: Անկասկած, պետք է ակնկալել, որ Ադրբեջանը կատաղի կերպով փորձելու է չեղարկել այն գինը, որը վճարել է 2020 թվականի պատերազմի ելքի համար։ Այդ գինը օտարերկրյա ռազմական սուբյեկտի ներկայությունն է «իր հողում», որն իր հետ բերում է անվտանգության զգալի խոցելիություն, այդ թվում՝ իր ներքին համատեքստում:

 Բացի այդ, միջազգային հարաբերությունների փոփոխվող ներկապնակի ներքո ուժային որոշ կենտրոններն առավել լայն մարտահրավեր են նետելու ռուսական խաղաղապահությանը: Իր նպատակին հասնելու համար Ադրբեջանի ներդրած հստակ մեթոդներից մեկը խաղաղության համաձայնագրի պարտադրումն է՝ իր տարածքային ամբողջականության անվերապահ ճանաչմամբ, որում «Լեռնային Ղարաբաղը գոյություն չունի»: Մինչ այժմ միջազգային հանրության որոշ հատվածներից ակնհայտ ազդակներ և ակնարկներ են եղել՝ ընդունելու նման մտածողությունը՝ հանուն ավելի լայն տարածաշրջանային խաղաղության։

 Սա, ակնհայտորեն, անընդունելի է և շատ վտանգավոր Արցախի ժողովրդի և Հայաստանի համար։ Նման գծի ընդունման հետևանքներն են Արցախի ժողովրդի բռնի տեղահանումը, էթնիկ զտումն ու բնաջնջումը, իրենց պատմական հողի վրա ներկայության հետքերի լիակատար ոչնչացումը։ Նախկինում Ադրբեջանի կողմից իրականացված նման գործողությունների պատմական դառը փորձ կա։ Օրինակ, Նախիջեւանը։ Արցախն Ադրբեջանին ենթարկելուց ի վեր Հայաստանը բարձրաձայնել է այս փաստարկը։ Այս պատումը լայն տեսանելիություն ստացավ, ներառյալ միջազգային դաշտում 1988 թվականից սկսած՝ Խորհրդային Միության փլուզմանը նախորդող տարիներին իրականացված բաց քաղաքականության արդյունքում: Այն ընդգծում է արցախահայության գոյութենական սպառնալիքի առկայությունը։ Անվտանգության հարցից բխող և ինքնորոշման իրավունքի իրացմամբ ամրապնդված կարգավիճակի հարցը հիմնված է հենց հայերի ֆիզիկական շոշափելի սպառնալիքի վրա, եթե վերջիններիս նկատմամբ իրականացվի ադրբեջանական ուղղակի իրավասություն։ Էթնիկ զտումների գործողությունների ժամանակ հնարավոր չէ ապավինել միջազգային զսպման մեխանիզմների անփութությանը ու դանդաղաշարժությանը:

Երկրորդ, նոյեմբերի 9-ի հայտարարությունը հիմնովին վերափոխում է Հայաստանի և Արցախի միջև ուղիղ կապի շրջանակը: Այն, որ Լաչինի միջանցքի հսկողությունը պատվիրակված է ռուս խաղաղապահներին, այլ ոչ թե հայկական կողմերին, զգալի խոցելիություն է առաջացնում Արցախի և Հայաստանի միջև անվտանգ ուղիղ կապի կայունության համար և դրանով իսկ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ստեղծում է անվտանգության կարևոր բաց:

 Երրորդ, տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման առաջնահերթությանն անդրադառնալիս նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի պահպանում տրանսպորտային այս բոլոր կապերի վերաբերյալ ընդհանուր հղումը: Փոխարենը, այն անհարկի հղում է անում Նախիջևանի և Ադրբեջանի միջև կապին: Սա հետագայում չափազանց վտանգավոր է դարձել Հայաստանի համար։ Այս հստակ կապի մասին կողմերի՝ իրարից տրամագծորեն հակադիր մեկնաբանությունների ներքո Ադրբեջանը փորձում է ամրագրել «միջանցքի» հայեցակարգը՝ ուղղակիորեն մարտահրավեր նետելով Հայաստանի՝ իր հարավային տարածքների նկատմամբ ինքնիշխան վերահսկողությանը: Այս ձևակերպումը, ըստ էության, հանդիսանում է գոյութենական սպառնալիքը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա տարածելու միջոց, ինչին փաստացի ականատեսն ենք լինում ներկա էսկալացիայի օրինակով:

Դժվար է արդարացիորեն գնահատել Եվրամիության միջնորդական ջանքերից բխող պատումը, քանի որ դրա բովանդակության մասին հանրության գիտելիքները սուղ են: Սակայն նոյեմբերի 9-ի հայտարարության շարադրանքից կտրուկ շեղվելու էական ազդակներ չկան։ Ըստ երևույթին, նույն օրակարգը, որը պտտվում է հաղորդակցության ուղիների, միջանցքների և խաղաղության համաձայնագրերի շուրջ, սահմանում է ԵՄ միջնորդության դինամիկան՝ թեմայի իր տարբերակմամբ: Հատկանշական է, որ Եվրամիությունը հստակորեն արտահայտել է անվտանգ էներգետիկ համագործակցության իր առաջնահերթությունը, ինչպես ակնհայտ նշվեց Հանձնաժողովի նախագահի հուլիսի 18-ի հայտարարության մեջ: Սա հանրային փաստ է: Ընդհանուր առմամբ, երկու միջնորդական գործընթացները, կարծես, սահմանում են համանման և հետևողական գերիշխող պատում, որը մարտահրավեր է մեր արտաքին քաղաքականությունը մշակողների համար:

 

 

Տարածաշրջանի խաղադրույքները

Ի լրումն Ադրբեջանի կողմից բխող մարտահրավերների, կան նաև զգալի ռիսկեր, որոնք բխում են ավելի լայն միջազգային հարաբերություններում խորացող առճակատման միջավայրից, որը ներառում է նաև մեր տարածաշրջանում հստակ խաղադրույքներ ունեցող տարածաշրջանային և միջազգային դերակատարների։ Դրանցից առավել աչքի են ընկնում Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Եվրամիությունը և ԱՄՆ-ը։ Կան հստակ օրինաչափություններ, այդ թվում, ցավոք, քաղաքականություն մշակողների, դիտորդների և մեկնաբանների շրջանում, ովքեր հաճախ պարզեցված պատկերացումներ ունեն մեծ եղբայրների ընկերների և թշնամիների մասին, որոնք էլ ավելի են սրվում Ուկրաինայում շարունակվող պատերազմի ֆոնին: Երբ փղերը տրորում են խոտը, փոքր երկրները բախվում են խոշոր գործարքներում սակարկությունների առարկա դառնալու սպառնալիքին: Այս հարցում մենք պատմությունից դառը դասեր ենք քաղել: Եվս մեկ անգամ մենք կանգնած ենք մարտահրավերի առաջ՝ պայմանավորված «ծանր քաշայինների» միջև աճող լարվածության ֆոնին մեր գոյութենական սպառնալիքների և կենսական շահերի նկատմամբ նվազ ուշադրությամբ։

Իրերի այս վիճակը, ինչպես նաև ընդհանուր առմամբ վերը ներկայացված աճող ռիսկերը չպետք է հուսահատեցնեն: Սա փորձ է իրատեսական և արդարացի (նորից, իհարկե, ոչ վերջնական և ամփոփ) գնահատելու ներկայիս պայմանները, որում մենք հայտնվել ենք։ Միայն նման մոտեցմամբ է պրագմատիկ ճանապարհ սահմանում արտաքին քաղաքականություն մշակողների կողմից ներկա մարտահրավերներին դիմակայելու համար:

Իհարկե, մեր գործողությունների ընթացքը գնահատելիս անհնար է և չմտածված կլինի թերագնահատել կամ մի կողմ դնել մարտահրավերների, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային խաղացողների արմատացած շահերի լայն համատեքստը: Այնուամենայնիվ, նույնքան սխալ կլինի, եթե քաղաքականության տարբերակները գնահատելիս թերագնահատենք և մեր կենսական ազգային շահերը ստորադասենք այդ ավելի լայն շահերին:

Ներկայում կարծես թե առկա է անհայտության և շփոթության նշանակալի աստիճան, թե ինչ ենք ուզում: Թերևս որոշակիորեն դժվար է պարզ պատասխաններ ձևակերպել գերիշխող հաստատված պատումների ճնշման ներքո, ինչը սահմանափակող ազդեցություն ունի: Մանրակրկիտ մեկնաբանությունների կարիք չկա՝ դիտարկելու և հասկանալու համար, որ գոյություն ունեցող շրջանակներն ու պարամետրերը, որոնց ներքո մենք հասցեագրում ենք սպառնալիքները, քիչ նպաստավոր են: Հետևաբար, թերևս միակ անմիջական գործառույթը, որի վրա հնարավոր է կենտրոնանալ, պատումների և պարամետրերի ընդլայնումն է, հատկապես նրանք, որոնք պետք է ստանան որոշակի ձևի կոդավորում (միջազգային հարթակներում որոշումների ընդունում]:

Գոյութենական սպառնալիքների և մեր ազգային շահերի վերաբերյալ մեր մտահոգությունները հիմնավոր են և օրինական։ Վերջին էսկալացիան՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիան և օկուպացիան, դրա բացահայտ վկայությունն են։ Բացարձակապես անհնար է համակերպվել այս ընթացիկ և ակնհայտորեն փխրուն զինադադարի ընդունման հետ, որը շարունակում է պահպանվել այս տողերը գրելու պահին:

Հրադադարը մոլորեցնող է, քանի որ օկուպացիայի փաստը պահպանվում է, իսկ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը՝ զգալի են: Ավելին, առանց հայկական տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերման իրավիճակի հանդարտեցման առաջնային վտանգը կայանում է նրանում, որ սա Ադրբեջանին թույլ կտա հաջողությամբ կիրառել «սալյամի մարտավարությունը»: Այս սխեման ենթադրում է էսկալացիայի այս փուլում տարածքների մասնատում և վերահսկողության հաստատում, որը ներկայումս արդեն կազմում է Հայաստանի ինքնիշխան տարածքի ավելի քան 50 քկմ-ն, ապա սպասել հաջորդ բարենպաստ պատուհանին՝ մեր տարածք ներթափանցումը ընդլայնելու համար։ Իրավիճակը մնում է հեղհեղուկ և վտանգավոր:

Այնուամենայնիվ, այս վերջին էսկալացիան և զանգվածային ագրեսիան, լինելով լուրջ սպառնալիք, նաև հանդիսանում է գործողությունների հերթական կոչ: Պրակտիկ գործողությունների տեսանկյունից այն ստեղծում է հիմքեր հաստատված պատումները մեր օրինական մտահոգություններով և շահերով վիճարկելու համար:

Բացառապես արտաքին քաղաքականությունը մշակողների համար գործողությունների ոչ վերջնական ցանկում կարելի է ընդգրկել տեղում փաստացի միջազգային ներկայության ընդլայնումը և միջազգային հանրության աչքերի ու ականջների շրջանակի մեծացումը: Ռուս խաղաղապահները մանդատ ունեն Արցախում: Հայաստանի դեմ ագրեսիան հանգեցրեց նրան, որ ադրբեջանցի զինվորականները փաստացի հայտնվեցին Հայաստանի տարածքում: Զանգվածային վնասներ են հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին և բնակավայրերին։ Կան մեծ կորուստներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում։ Կան բազմաթիվ վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։ Հազարավոր մարդիկ դարձան ներքին տեղահանվածներ: Հայ զինծառայողների նկատմամբ կատարվել են զազրելի վայրագություններ: Այս տողերը գրելու պահին Հայաստանի իշխանությունները հրապարակել են կորուստների և վնասների թարմացված ցուցակները։

Այն, որ հավատարմագրված ռեզիդենտ ​​դեսպաններն անցյալ շաբաթ այցելել են մարտական գործողությունների գոտի, օգտակար է, թեև ոչ բավարար։ Անհրաժեշտ է ավելի ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերել միջազգային իրազեկության բարձրացման համար՝ համապատասխան կազմակերպություններից, այդ թվում՝ ՄԱԿ-ից և ԵԱՀԿ-ից մասնագիտական ​​առաքելությունների ներգրավմամբ: Նրանք ունեն բոլոր տեսակի խախտումները և ագրեսիան փաստացի արձանագրելու և այդ կազմակերպությունների անդամներին զեկուցելու կարևոր գործառույթներ։ Ավելին, նրանք կարող են ընդլայնել և փոխել պատումները: Նրանք մեր օրինական մտահոգություններն ու սպառնալիքներն արտացոլող պատում մշակելու միջոց են: Նրանց զեկույցները կարևոր հիմք են պատումի նորացված կոդավորման համար՝ համապատասխան մարմիններում համապատասխան որոշումներ հետապնդելու միջոցով: Այն, որ անցյալ շաբաթ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի որոշ անդամներ բողոքում էին տեղեկատվության պակասից, ինչը թույլ արդարացում է, համոզիչ փաստարկ է տարածաշրջան համապատասխան առաքելությունների անհապաղ ուղարկում պահանջելու համար:

 Մյուս կարևոր բաղադրիչը հանրային դիվանագիտությունն է: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի և նրա պատվիրակության այցը Հայաստան հանրային տարածքում, հատկապես միջազգային լրատվամիջոցներում առկա պատումներին մարտահրավեր նետելու հստակ օրինակ է, պատումներ, որոնք հիմնված են պարզեցված կարծրատիպերով, թե ով ում ընկերն է: Առաջնահերթությունների շարքում է նաև Հայաստանի օրինական մտահոգությունների և սպառնալիքների բարձր տեսանելիության ապահովմանն ուղղված համաձայնեցված գործողությունների իրականացումը։

 Զսպելը ամենադժվար մարտահրավերն է։ Այս մարտահրավերն առաջին հերթին վերաբերում է Արցախի դեմ ադրբեջանական նոր ագրեսիային կամ Թուրքիայի ագրեսիվ գործողություններին, այդ թվում՝ Նախիջևանի տարածքով։ Մասամբ այս մարտահրավերները հասցեագրվում են մոբիլիզացված միջազգային քաղաքական ուշադրության ընդլայնման և պահպանման միջոցով, որպեսզի հնարավոր լինի հասնել արագ արձագանքման:

 Արտաքին քաղաքական դաշտում այս և այլ գործողությունները պետք է ուղղված լինեն տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման զարգացող գործընթացում մեր օրինական շահերի հաստատուն ներդրմանը: Միակողմ խաղաղությունն անկայուն է և փխրուն: Այն չի աշխատի, եթե այն ձեռք բերվի ի հաշիվ մեզ։ Խաղաղության մասին ադրբեջանական և թուրքական հռետորաբանությունն այս պահին առավել քան համոզիչ չէ։ Խաղաղության ձգտումը վեհ և կենսական նպատակ է, բայց միայն այն դեպքում, երբ այն իրական է: Տարածաշրջանն իրական խաղաղության կարիք ունի: Ինչպես ցանկացած ծնող, մոտ 30 տարի առաջ ես հույս ունեի, որ իմ որդիները չեն ապրի պատերազմի սարսափելի իրականությունը: Նրանք ապրեցին: Ապագան պետք է այլ լինի:

 Խաղաղության ձգտումը պահանջում է ազգային ռեսուրսների ամուր հիմք և ազգային կարողությունների մոբիլիզացում: Ահա թե ինչու սեփական շահերը, սեփական ուժերի վրա ապավինելը, ինքնավստահությունը և համախմբումն այլընտրանք չունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930