Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը և հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.
«Մեծարգո ներկաներ,
Հարգելի գործընկերներ,
Կարդացեք նաև
Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը, որի նպատակն է իրացնել մեր նախնիների մշակութային ներուժն ի պաշտպանություն մշակութային բազմազանությանը և խաղաղությանը:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Իրաքի Հանրապետությանն այս հանդիպումն անցկացնելու համար։
Հայաստանն այս Ֆորումը դիտարկում է որպես մշակութային երկխոսության և համագործակցության հարթակ, որը կարող է էական դեր ունենալ այսօրվա գլոբալացված աշխարհի մարտահրավերներին դիմակայելու գործում։ Մենք հանձնառու ենք ակտիվորեն աջակցել և նպաստել միջմշակութային երկխոսության, փոխադարձ ըմբռնման և փոխհամաձայնության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերին:
Համոզված ենք, որ բարելավված բազմամշակութային համագործակցությունը, գիտելիքի փոխանակումը և մշակութային ներառական դինամիկայի, նորարարության, համերաշխության ու կայունության խթանմանն ուղղված քաղաքականություններն ի զորու են ամրապնդել հանդուրժողականությունը, հարգանքն առ բազմազանություն և խաղաղություն:
Հարգելի՛ բարեկամներ,
Հենց այս պահին, 2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղի տարածքներում Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը: Ադրբեջանը, ինչպես խաղաղ ժամանակ, այնպես էլ վերջին պատերազմի ընթացքում, իրականացնելով տարածաշրջանում հայկական մշակույթի ոչնչացման ու վերացման իր քաղաքականությունը` ցանկանում է ժխտել հայկական ժառանգության գոյությունն անգամ։
Ավելի քան հրատապ է միջազգային հանրության գործուն և հաստատակամ արձագանքը՝ կանխելու այս բարբարոսական գործողությունները, որոնք վտանգում են խաղաղությանն ուղղված ջանքերը և տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատումը։ Ադրբեջանի կողմից մշակութային ժառանգության կոթողների միտումնավոր ոչնչացումը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև՝ ողջ մարդկության համար, և այն պետք է խստորեն դատապարտվի և հասցեագրվի: Այս առումով մենք բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղ անկախ փորձագիտական առաքելություն ուղարկելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկը, որի իրականացմանը մինչ այժմ խոչընդոտում է Ադրբեջանը։
Հարգելի՛ գործընկերներ,
Հայաստանը բազմիցս հայտնել է միջազգային գործընկերների հետ համագործակցելու իր պատրաստակամությունը՝ մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված միջոցների բարեխիղճ իրականացումն ապահովելու և միջմշակութային երկխոսության ու մշակութային բազմազանության խթանմանն ուղղված գլոբալ ջանքերին իր ներդրումն ունենալու նպատակով:
Հուսով ենք, որ մեր համատեղ ջանքերն ու նվիրվածությունը թույլ կտան մեզ հետամուտ լինել մեր պարտավորություններին և էլ ավելի ամրապնդել մեր կապերն ու համագործակցությունը:
Շնորհակալություն»:
ՀՀ ԱԳՆ Լրատվության և հանրային դիվանագիտության վարչություն