Լրահոս
Օրվա լրահոսը

«Մթագնած իրատեսությունը» եւ բարոյական հաղթանակներից հրաժարվելու հրամայականը

Սեպտեմբեր 23,2022 09:30

«Սևրի դաշնագիրը շլացրել է մեր աչքերը,

 կաշկանդել միտքը, մթագնել իրատեսության գիտակցությունը»:

Հովհաննես Քաջազնունի

 

Իրավիճակը և դրա ահագնացումը

2020 թ. 44-օրյա պատերազմից հետո թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է ռազմական և գաղափարախոսական հարձակումը Հայաստանի վրա: Շրջանառվող լոզունգները՝ «Զանգեզուրը, Սևանը, Երևանը ադրբեջանական են» մի կողմից շարունակում են կերտել հակահայկական ադրբեջանական ինքնությունը և թեժացնել ցեղասպան մտածողության գագաթնակետին հասած ատելությունը, իսկ մյուս կողմից հոգեբանական զենք են հայ հասարակության դեմ, որի մի մասը «Արցախը տանք հանգիստ ապրենք» կործանարար մտածողության թակարդում հայտնված առնվազն հաստատակամ է դառնում իր այդ կարծիքում, ինչը չի բացառում այլ ավելի կործանարար և խայտառակ մտքերի ներհոսքը: Թուրք-ադրբեջանական ձեռագիրը պարզ է և կանխատեսելի առնվազն մասնագետների համար. զավթված բարձրունքները չեն վերադարձվում և նոր ճնշման լծակների են վերածվում՝ «Խաղաղության պայմանագրի», սահմանների ադրբեջանանպաստ դելիմիտացիայի և դեմարկացիայի և այլ խնդիրներ լուծելու համար: Հայաստանի տարածքների օկուպացիան ռազմական գործողությունների վերսկսման նպաստավոր պայման լինելուց բացի, անվտանգությունից զրկել է Հայաստանի Հանրապետության մի շարք ճանապարհներ, բնակավայրեր, պատճառ է դարձել մարդկանց անժամկետ տարհանման դրանից բխող այլ հետևանքներով: Մի խոսքով մեր կենցաղ ավելի ցայտուն մտավ ագրեսիան և անապահովության զգացումը:

Ադրբեջանական ցեղասպան բանակը Հայաստանի ինքնիշխան տարածքի նվաճումից բացի, իրականացնում է ՀՀ քաղաքացիների ռիտուալային սպանդ, խոշտանգում, գերեվարում և դրանից հետո որպես «բարի կամքի դրսևորում» հայկական կողմին է փոխանցում տասնյակ դիակներ: Այսինքն՝ մնալով զավթված տարածքներում և դե ֆակտո այն տիրելով՝ փոխանցում է ՀՀ ինքնիշխան տարածքում իր իրականացրած ցեղասպան պատերազմի հետևանքով զոհվածների մարմինները:

Այս ամենում Ադրբեջանն ունի Թուրքիայի բացահայտ աջակցությունը և՛ հասցեական հայտարարություններով, և՛ քաղաքական, և՛ ռազմական առումներով: Ցեղասպան մեծ եղբայր պետությունը ուղղորդում է ցեղասպան փոքր եղբայր պետությանը և սա պատմության կրկնություն է. 100 տարի առաջ օսմանյան աջակցություն արհեստածին Ադրբեջան պետությանը, 100 տարի հետո թուրքական աջակցություն, 100 տարի առաջ ռազմական օգնությունը և ուղղորդումը գլխավորում էր Էնվեր փաշայի եղբայր Նուրի փաշան, 100 տարի հետո` Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի փաշան:

Ի՞նչ է անելու Ադրբեջանը հաջորդիվ. նախ չզիջելով դիրքերը փորձելու է հարմար պահի գնալ նոր սադրանքների, օկուպացիայի և հնարավորության դեպքում պատերազմի Հայաստանի դեմ՝ լիակատար կապիտուլյացիայի բացահայտ նպատակով: Սրան զուգահեռ փորձելու է անել այն, ինչ Հայաստանը չկարողացավ անել 1994-ին՝ կապիտալիզացնել հաղթանակը համապատասխան պայմանագրով: Բացի այդ, Իլհամ Ալիևը մանկամիտ բռնապետին հարիր պահվածքով չի էլ թաքցնում իր ծրագիրը՝ «30 տարի միջազգային հարթակներում քննարկել, թե Հայաստանի տարածքից ինչքան ենք օկուպացրել, որն է Հայաստանի տարածք, դեմարկացիա անել», այսինքն՝ պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի երկարամյա գործունեությանը հայ-ադրբեջանական խնդրի հետ կապված, որը նրա մոտ բարդույթներ է առաջացրել, ինչը տարիներ շարունակ ակնհայտ դրսևորվում է նրա ելույթներում և հարցազրույցներում: Սա մի կողմից պարզունակ վրեժխնդրություն է, մյուս կողմից քաղաքական հալածանքի ու պարտադրանքի դասական ու ցավոք դեռևս էֆեկտիվ դրսևորում:

Այս ամենը՝ թուրք-ադրբեջանական ծրագրերը և հնարավորության դեպքում ցեղասպան քայլեր անելու մոլուցքը նորություն չէ, նոր են Հայաստանի պաշտոնական պահվածքի որոշ դրվագներ, որոնք միևնույն ժամանակ պետականակործան են:

 

Վտանգ չկա, գնանք դեպի խաղաղություն

Այդ պահվածքի ամենացայտուն և հավաքական թեզը հետևյալն է. «Թուրքիայից և Ադրբեջանից վտանգ չկա», «խաղաղության դարաշրջանը հնարավոր է», «ադրբեջանցիների հետ միևնույնն է համակեցության հասնել հնարավոր է» և այլն: Իշխող ուժի տարբեր ներկայացուցիչներ տևական ժամանակ է կրկնում են վերոնշյալ թեզերը գրեթե բառացի, շատ ինքնավստահ, սակայն նրանց մի մասը գիտակցելով է դա անում և մեծագույն մեղք գործում պետության ու ազգի առջև, մի մասը չգիտակցելով է անում (երևի կուսակցական հանձնարարության շրջանակներում), սակայն միևնույնն է՝ նույն մեղքն են գործում պետության և հասարակության հանդեպ: Ինչո՞ւ, որովհետև այն, ինչի մասին նրանք խոսում են ուղղակի չկա, սուտ է, միֆ է և ինչպես կարող է քաղաքական գործիչը այսքանից հետո հայտարարել, թե «Թուրքիայից և Ադրբեջանից վտանգ չկա», կամ «մենք հավատում ենք Ադրբեջանի հետ խաղաղությանը»: Մի՞թե չեն հասկանում, որ սրանով էլ ավելի են թուլացնում և ուղղակի զրոյացնում են հանրության զգոնության և ինքնապաշտպանական բնազդների վերջին փշրանքները: Արդյոք այդ ասողները վերջին օրերի դաժան և ցեղասպանական բնույթի տեսանյութերը և նկարները նայե՞լ են և եթե դրանից հետո էլ նույն կարծիքի են, ապա նրանց ելույթները պետք է ընկալվեն որպես ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք:

Որտեղի՞ց է գալիս այս ամենը, թե Թուրքիան և Ադրբեջանը սպառնալիք չեն. 2018 թվականից Հայաստանում իշխող ուժի «խաղաղության կոնցեպտի» գաղափարական կնքահայր Ժիրայր Լիպարիտյանը, ում գրեթե սակրալ պաշտամունքի աստիճանի խոնարհումով են մոտենում ՔՊ-ականների և «պրագմատիկների» որոշ շրջանակներ, 2021 թ. բառացի ասում էր. «Ես Ադրբեջանից և Թուրքիայից վտանգ չեմ տեսնում»: Սա վստահորեն կարելի է համարել «հաստատակամ մոլորություն», քանի որ այդ մտքերի հեղինակը և թուրք-ադրբեջանական տանդեմից վտանգը բացառողը՝ Լիպարիտյանը, տասնամյակներով հավատացել և քարոզել է այդ գաղափարը: Ենթադրում եմ, որ իշխանական back office-ներում և քարոզչական քաղաքականությունը մշակողների շրջանակներում Լիպարիտյանի գիրքն ու տեսությունը առանձնահատուկ նշանակություն և դեր ունի:

 

Ամերիկան մեզ կփրկի

Բարոյական հաղթանակների և հայտարարությունների հավատացող ազգը, երբ արդեն պետականություն ունի, սակայն չի հրաժարվում բարոյական հաղթանակների պարգևած ինքնախաբեության բերկրանքից, ապա ուղղակի չի կարող չբախվել խորքային ճգնաժամի: Այս օրերին այդ մակերեսային մտածողությունն է թևածում մեր հասարակության տարբեր շերտերում. մի կողմից ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիրն է, մյուս կողմից ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի առաջացրած ոգևորությունը: Սակայն հարցերին պետք է նայել ընդգծված պրագմատիզմի և բացառապես պետական շահի դիտանկյունից, իսկ էմոցիոնալ զեղումները և բարոյական հաղթանակի մտածողությունը ուղղակի աղետաբեր են: Ուստի, ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը քննարկելիս պետք է հստակ պատասխան տանք, թե ի՞նչ ենք շահում, ի՞նչ ենք կորցնում: Դուրս գալ ՀԱՊԿ-ից և չգնալ ոչ մի տեղ, այլ արժանանալ խրախուսական հայտարարությունների, թե՞ մնալ ՀԱՊԿ-ում և թեկուզ հնարավորություն ունենալ աշխատեցնել չաշխատող կամ վատ աշխատող մեխանիզմները. սրանց մեջ է մեր ընտրությունը: Եթե կա երրորդ տարբերակ և մեզ գրկաբաց սպասում են այլ ռազմաքաղաքական դաշինքում, կամ հստակ են այն մեխանիզմները, որոնք կապահովեն մեր պետականության անվտանգությունը, մեր հասարակության և երկրի այլ առաջնային կարիքները, ապա դրանց շեշտադրման ներքո միայն պետք է ընթանան քննարկումները: Այլապես այս ամենը նման է խորը արկածախնդրության, որը շրջանառվում է ակնհայտ կողմնապահ քաղաքականացման և անհիմն ինքնավստահության շղարշների ներքո:

 

Ի՞նչ անել

Բանաձևերով և հայտարարություններով դժվար թե վիճակ փոխվի, պետք են գործուն մեխանիզմներ դիվանագիտության և ռազմական արվեստի համադրմամբ, ընդ որում՝ դիվանագիտական այնպիսի մեթոդներ, որոնք ենթադրում են արագ և թիրախային պատժամիջոցներ: Դիվանագիտական հմտությունների առկայությունը թույլ է տալիս և հնարավորություն է ստեղծում կոնկրետ շահագրգիռ դերակատար պետությունների հետ փոխադարձ շահերի հիման վրա գնալ արագ և արդյունք ապահովող լուծումների, իսկ դրանցից ամենաառաջինը ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ցեղասպան խմբավորումներին դուրս քշելն է: Բացի այդ, 21-րդ դարում Ադրբեջանի բացահայտ ցեղասպանական գործողությունները և դրանց տարածումը լրջագույն հիմք են միջազգային իրավական համապատասխան գործընթաց սկսելու համար, ինչի մասին արդեն իսկ պրոֆեսիոնալները հայտարարում են:

Եվ ի դեպ, իշխանական վերլուծական և քարոզչական կառույցներին շատ արագ և հեշտ իրագործելի խորհուրդ տամ՝ ձեր դարակներից և գրասեղաններից շատ արագ հեռացրեք և հեռու, աչքի չզարնող մի տեղ դրեք Ժիրայր Լիպարիտյանի գիրքը, քանի որ փաստերը և իրողությունը ապացուցում են, որ Թուրքիայից և Ադրբեջանից ոչ միայն կա սպառնալիք, այլ այն գոյութենաբանական է:

 

Ռուբեն Մելքոնյան

պատմական գիտություններ դոկտոր, պրոֆեսոր,

թուրքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930