Խուճապ տարածելը սխալ է, դատապարտելի է: Ավելին, կարծում եմ, այս՝ պատերազմական իրավիճակում պետք է հետապնդվի օրենքով: Այլ բան է ներկա իրավիճակին սթափ հայացքով նայելը: Այս գործում մեզ պետք է օգնի պետությունը: Առաջին հերթին՝ պաշտպանության նախարարությունը, որը սակայն բավարար տեղեկություն չի հաղորդում: Մասնավորապես՝ պարզ չէ, թե ինչ եղան «շրջափակման մեջ հայտնված» ադրբեջանցիները: Նրանք իսկապե՞ս շրջափակման մեջ են, թե՞ խորացել են մեր տարածքի մեջ եւ այնտեղ կահավորում են, բետոնապատում են իրենց դիրքերը:
Ընդհանուր առմամբ՝ թշնամու մտադրությունը պարզ է, հայտնի է եւ չի թաքցվում՝ կիսել մեր երկիրը՝ ամենանեղ հատվածում: Թող որեւէ պաշտոնատար անձ ասի, որ նման վտանգ չկա:
Եթե այդ վտանգը կա, ապա հիմնական անելիքը պետք է լինի ոչ թե սոցցանցերում ֆեյքերի ֆաբրիկայով այլախոհների դեմ պայքարելը, ոչ թե քարոզիչների միջոցով Ռուսաստանը հայհոյելը կամ Եռաբլուրում պատերազմի զոհերի ծնողներին ծեծելը, ոչ էլ խորհրդարանում իրար բզկտելը կամ «Նիկոլ դավաճան» կարգախոսով հանրահավաքներ անելը: Հիմնական անելիքը պետք է լինի բանակին զինելը, դիրքերը կահավորելը, դեպի դիրքեր տանող որակյալ ճանապարհներ սարքելը, սահմանամերձ գյուղերի անվտանգությունն ամրապնդելը:
Իշխանությունը չի զգում կամ ձեւ է անում, որ չի զգում պետության գլխին կախված վտանգը: Նրանք տարված են բոլորովին այլ հոգսերով: Հասարակության զգալի մասը նույնպես մտահոգված չէ պետության խնդիրներով:
Կարդացեք նաև
Սակայն բացառված չէ, որ հասարակության մյուս՝ պակաս անտարբեր մասի համար գուցե դրական ազդակ լինի նախկին երեք նախագահների եւ կաթողիկոսի հանդիպումը: Իհարկե, կարելի է հիշել բոլորի գործած բազմաթիվ մեղքերը, ինչով եւ զբաղված են ֆեյսբուքյան հրապարակախոսները: Կարելի է կասկածներ հայտնել իրավիճակի վրա ազդելու այդ մարդկանց հնարավորությունների մասին: Բայց ինքը՝ այդքան հակադիր մարդկանց հանդիպման փաստը, վկայում է, որ իրավիճակը լուրջ է:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ