Իջևան խոշորացված համայնքն արժանացել է 300․000 եվրո դրամաշնորհի «ԵՄ-ն՝ հանուն մշակութային զարգացման» ծրագրի շրջանակում՝ դառնալով EU4Culture ծրագրի հաղթող։ Ծրագրային թիմի ղեկավար Անատոլի Բեյֆերտն այսօր Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանին հանձնեց խորհրդանշական մրցանակը։ Համայնքին բացառիկ հնարավորություն էր տրվել մշակելու մշակութային զարգացման ռազմավարություն, ինչն էլ հավանության էր արժանացել ԵՄ հանձնաժողովի կողմից։ Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը շնորհակալություն հայտնեց Անատոլի Բեյֆերտին համագործակցության համար և կարևորեց նախադեպը չունեցող մշակութային ծրագրի իրականացումը համայնքում։
Իջևանի համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ՝ Լիլիթ Ղալումյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ծրագրի շրջանակներում համայնքում կկազմակերպվեն փառատոններ, աշխատանքներ կտարվեն մշակութային ենթակառուցվածքների բարելավման, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման և այլ ուղղությամբ։ «Ուզում եմ նաև շեշտել, որ մենք շնորհակալ ենք ԵՄ-ին՝ մշակութային զարգացման ռազմավարություն ունենալու և այն կյանքի կոչելու հնարավորության համար»,- հավելեց Լիլիթ Ղալումյանը։
Լիա Ճաղարյան