«Ադրբեջանի ախորժակը ՀՀ սուվերեն տարածքի հանդեպ միշտ հայտնի է եղել։ Սա վերջին ագրեսիան չէ, նորից է փորձելու ոտնձգություններ անել ՀՀ սուվերեն տարածքների հանդեպ։ Միշտ ասում են, որ աչք ունեն Սյունիքի վրա, մանավանդ որ չկարողացան նպատակին հասնել եւ Սյունիքով միջանցք ստանալ»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին Հայաստանի վրա ձեռնարկած հարձակմանը՝ ասաց ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Ալեքսան Քէոշկէրեանը։
«Միջազգային հակազդեցությունը շատ ավելին էր, քան նախորդ անգամները։ ՀԱՊԿ-ի դերակատարման առումով որեւէ բան չեմ կարող ասել, բայց արեւմուտքի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հայտարարությունները, կարծում եմ, սանձեցին։ Բավական է շեշտել մեր բանակի հակազդեցությունը։ Մեր զինվորների հակազդեցության եւ միջազգային հանրության ճնշման տակ Ադրբեջանն այս անգամ չհասավ նպատակին, եւ, կարծում եմ, այսուհետեւ եւս չի կարողանալու»,-համոզմունք հայտնեց Ալեքսան Քէոշկէրեանը։
Անդրադառնալով ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցին ու հարցադրմանը, թե մենք ինչ ենք առհասարակ սպասում միջազգային դերակատարներից, Ալեքսան Քէոշկէրեանը նշեց․ «Արեւմուտքից շատ մեծ սպասումներ չունեմ։ Ուզենք, թե ոչ, ունենք ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, որն այսօր ինքն իր հարցերն ունի, մխրճված է ուկրաինական պատերազմում, «կախվածություններ» ունի Թուրքիայից։ ՌԴ-ի ազդեցությունն այս անգամ թուլացած է, բայց արեւմուտքի վրա ամբողջությամբ հույսը դնելը սխալ է, որովհետեւ արեւմուտքն իր հաշիվներն ու հարցերն ունի։
Այո, Փելոսին եկավ եւ զորակցեց, արեց հայտարարություններ, որոնց մենք չենք կարող ընթացք տալ, մանավանդ Իրանի հետ կապված ակնարկը։ Իրանը մեր հարեւանն է, բարեկամն է։ Ամբողջապես համաձայն չենք Փելոսիի ասածների հետ, բայց զորակցության եւ քաղաքական աջակցության համար շնորհակալ ենք։ Մենք համաձայն չենք դառնալ այն երկիրը, որով կմեկուսացնեն Իրանին։ Իրանն այն երկրներից է, որ ծայրահեղ դեմ է միջանցքի հանձնմանն Ադրբեջանին։ Իրանի հետ կապը մեր համար կյանքի ճանապարհ է։ Չպետք է շահագործվենք՝ տարածաշրջանում Իրանին մեկուսացնելու հարցում։ Դա մեր շահերից չի բխում»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ