Լրահոս
Օրվա լրահոսը

«Զարմանալի է․ մարդիկ այնքան են ոգեւորվել, որ կարծում են, թե նա եկել էր բանակցելու կամ զենք տալու»․ Համբիկ Սարաֆյան

Սեպտեմբեր 22,2022 21:01

«Որեւէ ժամանակահատվածում Ադրբեջանի գործողությունները որեւէ տրամաբանության մեջ դնելու կարիք չկա, քանի որ նա հստակ ծրագիր ունի՝ ելք գտնել, միջանցք ունենալ դեպի Նախիջեւան։ Հստակ է, որ նրանք դրանից չեն հրաժարվում, եթե չլինի միջազգային միջամտություն այդ հարցի առիթով»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին Հայաստանի վրա ձեռնարկած հարձակմանը՝ ասաց ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը։

«Պատահական չէ, որ Ադրբեջանն առաջ է քաշում հետեւյալ թեզը՝ եթե ինքը Բերձորով դեպի Արցախ միջանցք է տրամադրել, ապա Հայաստանն էլ իրեն պետք է միջանցք տրամադրի դեպի Նախիջեւան։ Սակայն հավասարության նշան դնելն այստեղ բացարձակ ճիշտ չէ, եւ Ադրբեջանն էլ է դա հասկանում։ Մեր խնդիրն է դա բարձրաձայնել՝ հասկանալով, որ Ադրբեջանն այդ գաղափարից երբեք չի հրաժարվի եւ ամեն ինչ կանի դրան հասնելու համար՝ զուգահեռ փորձելով ստուգել մեր դիմադրողականության աստիճանը»,-հավելեց Համբիկ Սարաֆյանը։

Թե որ գործոնները հանգեցրին այսօրվա իրավիճակին, նա ասաց․ «Հետպատերազմյան ժամանակահատվածը եւ այն հանգամանքը, որ Ադրբեջանը շատ լավ գիտակցում է՝ մենք որպես երկիր այսօր բավարար ռեսուրս չունենք լայնածավալ պատերազմ վարելու։ Ինչ-որ չափով այսօրվա պայմանները նպաստավոր են Ադրբեջանի ծրագրերի առաջխաղացման համար, առավել եւս, որ նրանք ակնկալում էին ճնշումների ներքո միջանցքի հարցով քայլեր անելու։ Երբ հասկացան, որ իշխանությունը նման նպատակ չունի եւ քանիցս հրապարակային ասել է այդ մասին, դիմեցին բիրտ ուժի»։

Անդրադառնալով ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցին ՀՀ՝ Համբիկ Սարաֆյանը շեշտեց, որ այդքան ոգեւորվել պետք չէ․ «Այցը հստակ ուղերձ է, պատգամ մեզ։ Որոշ չափով այն նպատակ ուներ ոգեւորելու եւ ասելու, որ մենք մենակ չենք, որ ԱՄՆ-ի պես երկիրը մեզ աջակցում է։ Բայց գործնականում մենք իրավունք չունենք չափից ավելի ոգեւորվելու այդ այցից։ Զարմանալի է ուղղակի։ Մարդիկ այնքան են ոգեւորվել, որ կարծում են, թե նա եկել էր բանակցելու եւ բոլոր խնդիրների վերաբերյալ հնարավոր ուղղություններ տալու, կամ զենք տալու։ Բացարձակապես այդպես չէ, բայց հստակ է, որ ԱՄՆ-ն իր այս քայլով, ինչպես նաեւ այլ երկրները, հստակ բեկում են մտցնում մոտեցումներում։ Այդ բեկումն այսօր ինչ-որ չափով ի նպաստ մեզ է, պետք է օգտվել։ Բայց ավելորդ հույսեր կապելու եւ քաղաքականությունը փոխելու ակնթարթային որոշումները խելամիտ չեն լինի։ Մանավանդ ՌԴ-ի տեսանկյունից։ Հստահ է, որ ՌԴ-ն լավ չի ընդունի սա։ Հստակ է, որ ՌԴ-ն է կանգնած Արցախում եւ մեր սահմաններին։ Առանց այլընտրանք ու այլ երաշխիքներ ունենալու հակադրվելը շատ խելամիտ, կշռադատված որոշումներ է ենթադրում»։

Ինչ վերաբերում է սեպտեմբերի տասներեքի հարձակման վերաբերյալ Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հրապարակմանը, որով Թուրքիայի եւ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության պայմաններում Արեւմուտքի հովանու ներքո Արցախի վերաբերյալ ՀՀ-Ադրբեջան բանակցությունները որակվում են որպես վտանգավոր, Սարաֆյանից հետաքրքրվեցինք՝ ձեր վերլուծությամբ, ցեղասպանության շարունակականությունը որպես սպառնալիք այսօր որքանո՞վ  է առկա։ Մեր զրուցակիցը պատասխանեց․ «Ինստիտուտի գնահատականը ողջունելի է, բայց դա ընդունել որպես միջազգային կառույցի, որը կարող է ազդել միջազգային ատյանների վրա, ճիշտ չէ։ Ցեղասպանության հարցի վերաբերյալ չեմ կարծում, որ այսօր նման վտանգ առկա է։ Այսօր շատ ավելի կարեւորվում է սուվերենությունն ու սահմանների անձեռնմխելիության փաստը։ Պատահական չէ, որ ԱՄՆ ներկայացուցիչներն այդ հարցին անդրադառնում են։ Միջազգային ընտանիքն այսօր ավելի զգայուն է որեւէ երկրի սահմանների անձեռնմխելիության հանդեպ, եւ այդ շրջանակի մեջ է մտնում նաեւ ՀՀ-ի վերաբերյալ նրանց վերաբերմունքը։ Այսինքն, հստակ ասում են, որ Ադրբեջանն ագրեսոր է։ Դա ցույց է տալիս, որ միջազգային ընտանիքը թույլ չի տալու անարգել մտնել այլ երկրի սուվերեն տարածք ու վարվել ինչպես ուզում է»։

Նկատառմանն ի պատասխան, որ դեռեւս 44-օրյա պատերազմի ժամանակ են եղել ցեղասպանության տարրեր, հայտարարություններ այդ մասին, Համբիկ Սարաֆյանը նշեց․ «Այո, ցեղասպանության այլ մեթոդներ է ընտրել Ադրբեջանը։ Եթե ցեղասպանություն ուզում էր անել, կմտներ մինչեւ Ստեփանակերտ։ Բայց հասկանում էին, որ այդ քայլը երբեք իրեն չէր ներվի միջազգային հանրության կողմից։ Դրա համար հիմա ուրիշ միջոցներ են ընտրել՝ հայաթափում, սպիտակ ցեղասպանություն։ Բայց ասել, որ ֆիզիկապես ցեղասպանություն կիրականացնեն, եւ դա նրանց կներվի, այդպես չէ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930