Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւը աքլորանում է. նա զգում է, որ հնարավոր է իրավիճակի փոփոխություն, այդ թվում ԱՄՆ-ի՝ վերջին շրջանում ակտիվության հետ պայմանավորված». Խոսրով Հարությունյան

Սեպտեմբեր 22,2022 20:30

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է սպառնալ Հայաստանին եւ Լաչինում էլ Հայաստանին զգուշացրել է սադրանքների չդիմել, այլապես «արժանի» պատասխան են տալու: Ալիեւի խոսքով՝ այսօր Հայաստանը պետք է լավ մտածի, ոչ ոք մեզ հետ վերջնագրերով չի կարող խոսել, եւ թող ոչ ոքի վրա հույս չդնեն. «Ես մեկ անգամ ևս ուզում եմ ասել, մեզ ոչ ոք և ոչինչ չի կարող կանգնեցնել: Մենք իրավունքի, արդարության, միջազգային իրավունքի կողմնակից ենք, պաշտպանում, պաշտպանել ու վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականությունը: Ողջ աշխարհին ցույց ենք տվել, թե ինչի ենք ընդունակ, մենք ուժով ազատագրեցինք մեր հողը և հպարտանում ենք դրանով: Սեպտեմբերի 13-ին, երբ մեր դեմ հերթական սադրանքը իրականացվեց, ադրբեջանական բանակը պատասխանեց ու թշնամուն իր տեղը դրեց: Ես հուսով եմ, որ սա վերջապես դաս կլինի նրանց: Քանի որ տեսան, որ մեզ ոչ ոք և ոչինչ չի կանգնեցնի: Ոչ մեկի զանգը, ոչ մի հայտարարություն, նախաձեռնություն մեզ չի կանգնեցնի: Մենք մեր հողի վրա ենք ու մեր հողն ենք պաշտպանում»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն ասաց, որ Ալիեւը բառացիորեն հոխորտում է. «Նա զգում է, որ հնարավոր է իրավիճակի փոփոխություն, այդ թվում ԱՄՆ-ի՝ վերջին շրջանում ակտիվության հետ պայմանավորված: Նենսի Փելոսիի այց, տեսեք Բլինքենի  շատ ակտիվ մխրճվելը հարաբերությունների կարգավորման գործում, Բայդենի խոսքը այն մասին, որ մենք պատրաստակամ ենք աջակցել ոչ թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, այլ՝ կարեւորը սա է՝ ԼՂ ժողովրդի հետ կապված հակամարտությունում:

Ալիեւը հասկանում ու զգում է, որ իրավիճակը կարող է փոխվել: Ընդ որում, կարող է տարօրինակ թվալ, բայց իրավիճակը կարող է փոխվել մեր գործող իշխանությունների  կամքից անկախ: Հիմա Հարավային Կովկասում տեղի են ունենում աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայի լուրջ տեղաշարժեր, մեծ փոփոխություններ, ես նկատի ունեմ հասկանալի պատճառներով ՌԴ-ի համեմատաբար պակաս ազդեցությունն այստեղ: Բնական է, որ այն բացը, վակուումը, եթե կարող ենք այդպես ասել, որն առաջանում է, ինչ-որ մեկը պետք է լցներ: Տրամաբանական է, որ այդ վակուումը մեզ համար այս փուլում փորձում է լցնել ԱՄՆ-ն՝ իր քաղաքական ազդեցությամբ: Այս ամենը չի կարող Ալիեւին չանհանգստացնել»:

Ըստ Խոսրով Հարությունյանի, Ալիեւի այս խոսքերի հասցեատերը հայաստանյան իշխանությունները չեն, նույնիսկ միջազգային հանրությունը չէ, այլ՝ իր ժողովուրդն է. «Իր ժողովրդի մոտ է աքլորանում: Լավագույն դեպքում այս խոսքերի հասցեատերը կարող է լինել նաեւ Թուրքիան՝ այն ակնկալիքով, որ իմ ավագ եղբայր, ես շարունակում եմ մնալ ռազմատենչ, կարող եք ինձ վրա խաղադրույք կատարել: Բայց մեծ իմաստով, ո՛չ միջազգային խաղացողները, ո՛չ տարածաշրջանի դերակատարները, ըստ էության չեմ կարծում, որ դա լուրջ կընդունեն: Եթե Ալիեւը փորձում է այս խոսքերը հնչեցնել սեպտեմբերին երկօրյա, եռօրյա պատերազմի համատեքստում, ապա այդ պատերազմն էլ առավելապես Ալիեւի մասին լավ չի խոսում: Նա չհասավ իր ուզածին: Թեպետ որոշ հաջողություններ արձանագրել է, բայց ավելիին էր ձգտում ու ստացավ հայկական զինված ուժերի պատասխանը: Նա հասկացավ, որ եթե չշտապի 44-օրյա պատերազմի արդյունքների կապիտալիզացիայի հարցում, ապա իրադարձությունները իր համար կարող են բարենպաստ չլինել: Իրանի Իսլամական հանրապետության բարձրագույն ռազմական, քաղաքական ղեկավարները հայտարարություններ արեցին, դա ինչ-որ բան խոսում է, չէ՞: Ալիեւի հաշվարկների մեջ կարող էր լինել այն, որ այդ հոխորտանքից ազդվի ՀՀ քաղաքական ղեկավարը, շտապի նախկինում ձեռք բերված ինչ-որ պայմանավորվածություններ իրականացնել, դա չեմ բացառում: Ինքը՝ Փաշինյանը, իր տարբեր հայտարարություններով հիմք է դրել ողջամիտ կասկածների համար, որ Ալիեւի հետ ունի որոշակի պայմանավորվածություններ: Նա է իր խոսքով, վարքով նպաստել դրան ու չի բացառվում, որ Ալիեւի հոխորտանքը հենց դրա մասին է: Կարծում եմ, որ հատկապես սեպտեմբերի 14-ի հուժկու հանրահավաքը, որը ոմանք փորձում են ներկայացնել, թե չհաջողվեց, բայց դա ցույց տվեց, որ ընդվզման նման պոտենցիալ կուտակված է: Նման հուժկու հանրահավաքի  պարագայում՝ մի կողմից, մյուս կողմից՝ արտաքին նոր խաղացողների, իրավիճակի շատ ադեկվատ մեսիջները՝ ուղղված հայաստանյան իշխանություններին, չեմ կարծում, որ այս պայմաններում Նիկոլ Փաշինյանը կտրվի Ալիեւի հոխորտանքներին»:

Խոսրով Հարությունյանն ընդգծեց Փելոսիի այցի կարեւորությունը. «Թե՛ Փելոսին Հայաստանում, թե՛ Բայդենն իր ուղերձում խոսում է ժողովրդավարության խորացման մասին: Եթե նկատեցիք, շրջանառության մեջ մտավ ու դրա հեղինակը Փելոսին էր, «ավտորիտար պատերազմը՝ ժողովրդավարության դեմ» եզրույթը: Սա շատ կարեւոր բանաձեւ է եւ կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը, գոնե փորձագիտական շրջանակները հաստատ այս հանգամանքի վրա ուշադրություն են դարձրել: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն տարածաշրջանում ժողովրդավարության զարգացման կռվաններից մեկը տեսնում է նաեւ Հայաստանը: Նոր, համեմատաբար փոփոխված աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայի պայմաններում ավտորիտար Ադրբեջանը մտահոգվելու լուրջ հիմքեր ունի ու կարծում եմ, Ալիեւը դա էլ է հասկանում: Մենք էլ պետք է գիտակցենք, որ ձեւական ժողովրդավարությունը երբեւէ չի կարող հաջողություններ արձանագրել: Սա Նիկոլ Փաշինյանի առջեւ նաեւ պարտավորեցնող բանաձեւ է դառնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930