Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե կաթողիկոսը համոզի նախագահներից մեկին բացահայտել 2018 թ․ առեղծվածը, կունենանք այլ հայրենիք»․ Արթուր Համբարձումյան

Սեպտեմբեր 22,2022 20:07

Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանն, անդրադառնալով շրջանառվող  այն տեղեկություններին, որ այսօր երեկոյան Վեհափառը կհանդիպի ՀՀ երեք նախագահների հետ,   ասաց․ «Աստված տա այդ հանդիպումը տեղի ունենա։ Ճիշտ է ՝ուշացած հանդիպում է, բայց  այն էականորեն կարող է բեկել այն գահավիժումը, որի մեջ ենք մենք ազգովի։

Կաթողիկոսը, հոգևոր աշխարհի ներկայացուցիչները կարող են համախմբող դերակատարություն ունենալ։ Պիտի ասեմ, որ սա մեծ պահանջարկ ունեցող հանդիպում է․ առանց չափազանցնելու կարող եմ ասել, որ Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների ճնշող մեծամասնության համար սա պահանջ է, որը պիտի տեղի ունենա։ Եվ կաթողիկոսը, հոգևոր աշխարհի ներկայացուցիչները, եպիսկոպոսները միանշանակ կարող են համախմբել էլիտայի ներկայացուցիչներին, նախագահներին, մարդկանց, որոնցից շատերի մեջ կան հակասություններ։

Բայց քանի որ գահավիժման գործընթացի մեջ ենք, կաթողիկոսը կարող է լինել  այն պատմական ֆիգուրը, ում հորդորով, պահանջով, կարող են մարդիկ ժամանակավորապես կամ առհասարակ իրենց հակասությունները դնել մի կողմ և անցնել ակտիվ գործողությունների»։

Արթուր Համբարձումյանն այս հանդիպումից երկու ակնկալիք ունի, դրանից մեկն այն է, որ եկեղեցին կոչով դիմի մարդկանց, որպեսզի դուրս գան փողոց և մերժեն իր ձևակերպմամբ «դավաճան իշխանություններին»։

«Եվ եթե այդ կոչից հետո երեք նախագահները իրենց ռեսուրսները օգտագործեն այն իրականություն դարձելու համար, ես վստահ եմ, որ մենք մեկ շաբաթ հետո կունենանք բացարձակապես  այլ Հայաստան։

Եթե այդ կոչը լինի, և երեք նախագահները, որոնք հսկայական ազդեցություն ունեն ներքաղաքական պրոցեսների վրա, գոնե միմյանց չխանգարեն, ոչ թե չխանգարեն այդ կոչի իրականացմանը, այլ միմյանց, վստահ եմ, որ  դրանից հետո շատ կարճ ժամանակ հետո կունենանք լրիվ այլ Հայաստան։

Իհարկե, իշխանության ներկայացուցիչները փորձելու են այս պրոցեսները վիժեցնել․ ով փորձում է պետությանը, ազգին պատուհասած իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն տալ, նրանք ասում են, որ այս  մարդը պիտի քաղաքականությամբ չզբաղվի։

Եթե հիշում եք, Ազգային անվտանգության ծառայության նախկին պատասխանատուները, երբ որ դուրս էին գալիս պաշտոնից, ինչ-որ հայտարարությամբ էին հանդես գալիս, իմքայլական պատգամավորներն  ասում էին՝ ԱԱԾ սպա ես, իրավունք չունես քաղաքականությամբ զբաղվելու։

Հիմա ևս, երբ հոգևորականները խոսում են, դուրս են գալիս տարբեր մարդիկ և ասում են՝ իրավունք չունես քաղաքականությամբ զբաղվելու, որովհետև քաղաքականությամբ զբաղվելը տերտերի գործը չէ։ Բայց այն, ինչ տեղի է ունենում, քաղաքական պրոցես չէ,սա վերաբերում է ազգի գոյությանն,  առանց չափազանցության կարող եմ ասել՝ այսօր էքզիստենցիալ խնդրի առաջ ենք կանգնած», -ասում է Արթուր Համբարձումյանը։

Նրա երկրորդ ակնկալիքը կաթողիկոսից այն է, որ Վեհափառը կարողանա նախագահներից մեկին համոզել, որպեսզի ամբողջությամբ բացահայտի 2018 թվականի ճշմարտությունը։ Այդ դեպքում ևս, ըստ Արթուր Համբարձումյանի, կկարողանանք ամրապնդել մեր հայրենիքը։

«Եթե կաթողիկոսը կարողանում է պարտադրել, համոզել, չգիտեմ ինչ բառ ուզում եք ասեք, նախագահներից մեկին բացահայտել ժողովրդին 2018 թվականի ճշմարտությունը՝ ամրապնդելով հայրենիքը, վստահ եմ, որ մեկ շաբաթ հետո կունենաք բացարձակապես այլ հայրենիք։

Հայրենիքը չեն պաշտպանում միայն սահմանին, հայրենիքը պաշտպանում են այն մարդիկ, որոնք սահմանի վրա կանգնած զինվորի թիկունքում իրականացնում են գործողություններ, որոնք բերում են ճշմարտության, արդարության հաղթանակին»։

Մեր զրուցակիցը հստակեցրեց, որ 2018 թվականի ճշմարտության բացահայտում ասելով՝ ի նկատի ունի այն, որ նախագահներից մեկը վերջապես խոսի, թե ով է եղել Նիկոլ Փաշինյանը և ինչու կազմակերպվեց 2018 թվականի «խեղկատակությունը»։

«Եթե նախագահներից մեկը խոսի, վստահ եմ՝ Փաշինյան Նիկոլն այս դեպքում Հայաստանի Հանրապետությունից փախնելու է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պայթելու է։ Ինչքան մենք չենք խոսում այդ ճշմարտության մասին, այդքան մենք անարգում ենք քրիստոնեական արժեքները և թուլացնում ենք մեր հայրենիքը։

Բացահայտվում է 2018 թվականի առեղծվածը, բացահայտվում է «ռեալիթի շոուի» հիմնական մոտիվները, մենք ունենում ենք բացարձակապես այլ Հայաստան։ Իսկ ով կարող է պատմական դավադրությունը պարզաջրել, եթե ոչ հոգևոր աշխարհի բարձագույն ներկայացուցիչները։

Իրենց խոսքն է՝ Աստված ավելի բարձր է, քան հայրենիքը, Աստված, հետո նոր հայրենիք, ճշմարտություն, հետո նոր հայրենիք»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր says:

    Ռուսական պատվերով ուզում են հեղաշրջում անել, որ Հայաստանը հավերժ մնա Ռուսական ճահիճի մեջ որպըս իրենց ստրուկ։ Հույսով եմ՝ ժողովուրդը խոհեմ կգտնվի և չի գնա այս մատդկանց հետևից:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930