Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ անել օդային տագնապի ժամանակ. խորհուրդներ՝ ԱԻՆ-ի եւ քաղաքապետարանի մասնագետներից

Սեպտեմբեր 22,2022 19:55

Այսօր Մեդիա կենտրոնում կազմակերպված «Ի՞նչ անել օդային տագնապի ժամանակ.գործողությունների ուղեցույց ԱԻՆ-ից ու Երեւանի քաղաքապետարանից» թեմայով քննարկման ժամանակ բանախոսները՝ ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Էդան Սնգրյանը եւ Երեւանի քաղաքապետարանի զորահավաքային հարցերի եւ քաղաքացիական պաշտպանության վարչության արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության բաժնի պետ Հարություն Հարությունյանը հանրությանը խորհուրդ տվեցին նախ եւ առաջ խուճապի չմատնվել:

Էդան Սնգրյանը հորդորեց առաջին հերթին գնահատել իրավիճակը եւ առաջնորդվել ուղեցույցներով: «Շատ կարեւոր է նախօրոք նախապատրաստված լինելը: Այսինքն, տանը արագ ու հեշտ հասանելի տեղում նախապես  պատրաստած ունենալ ընտանիքի անդամների եւ անհրաժեշտ մյուս փաստաթղթերը, որոշակի քանակությամբ սնունդ եւ ջուր, առաջին անհրաժեշտության դեղորայք եւ բժշկական միջոցներ, համապատասխան հագուստ, արժեքավոր զարդերը, կապի միջոցները եւ այլն, փակել էլեկտրամատակարարման եւ ջրամատակարարման համակարգերը եւ ամենակարճ ճանապարհով տեղափոխվել դեպի մոտակա պաշտպանական կառույց: Եթե հասարակական տրանսպորտում կամ կառույցներում եք, ասենք, հանրախանութում, հետեւեք պատկան մարմինների  ուղեցույցներին: Իսկ եթե ուղեցույցներ չկան, էլի առանց խուճապի տվյալ տարածքում ընտրեք առավել պաշտպանված տարածքը եւ տվյալ պահին պատսպարվեք այնտեղ: Օրինակ, եթե հանրախանութում եք, դրանց մեծ մասն ունի ստորգետնյա ավտոկայանատեղի:

Մի օգտվեք վերելակներից, այդ թվում նաեւ բազմաբնակարան շենքերում, աստիճանավանդակներով դուրս եկեք եւ գնացեք խորացված տարածքներ, որոնք կբացառեն բեկորների եւ գնդակների ներթափանցումը այդ տարածքներ, կնվազեցնեն հարվածային ալիքի ներգործությունը: Հասարակական տրանսպորտում մի խոչընդոտեք վարորդի աշխատանքը: Նա կանգ է առնելու: Դուրս գալով՝ պետք է գտնել մերձակա պաշտպանական կառույցը: Իսկ եթե մի վայրում եք, որտեղ չկան պաշտպանական կառույցներ, օգտագործեք այդ տարածքի պաշտպանական հատկությունները՝ ջրահեռացման համակարգեր, որոնք գետնի մակարդակից ցածր են, օգտագործեք տարածքի ռելիեֆը՝ իջվածքներ, փոսորակներ: Իսկ եթե ոչ մի այլ տարբերակ չկա, ուղղակի պառկեք, ձեռքով փակեք գլուխը, ականջները, բացեք բերանը: Ու մի շատ կարեւոր խորհուրդ եւս. պայթյունների ժամանակ բարձր գոռացեք: Դա նպաստելու է օրգանիզմի միջից ավելցուկային ճնշման դեպքում ազոտի բարձրացման մի մասը օդի միջոցով թոքերից դուրս հանել»,-ասաց ԱԻՆ պաշտոնյան:

Էդան Սնգրյանը քաղաքացիներին խորհուրդ տվեց օդային տագնապի եւ այլ արտակարգ իրավիճակների ժամանակ համապատասխան ճիշտ վարքագիծ դրսեւորելու նպատակով բացել ԱԻՆ պաշտոնական կայքէջը եւ ընթերցել ուղեցույց կանոնները:

Հարություն Հարությունյանը նշեց, որ պարզագույն ապաստարան են շենքերի ու տների  նկուղները, խորացված տարածքները, մետրոպոլիտենը, ստորգետնյա ավտոկայանատեղիները, այն ամենը, ինչը գետնից ցածր է: «Երեւան քաղաքը հիմնականում ունի իր բնակչությանը պատսպարելու հնարավորություն: Այլ խնդիր է, որ նկուղների՝ այդ պարզագույն թաքստոցների մի հատվածը այսօրվա դրությամբ պատրաստ չէ բնակչությանն ընդունելու՝ կեղտոտվածության, կտրատվածության, փակ լինելու եւ այլ պատճառներով: Հարց է բարձրացվում, թե ինչի դրանք չեն մաքրվում:

Տեղեկացնեմ, որ դրանք մաքրվել են եւ առաջներում, ավելի մեծ թափով՝ 2020 թվականի պատերազմի ընթացքում ու հիմա էլ: Այդ աշխատանքները պարբերական բնույթ են կրում: Բայց կուզենայի, որպեսզի մեր բնակչությունը ուշադրությունը սեւեռեր ոչ թե նկուղների մաքրման, այլ պահպանման վրա, որովհետեւ ոչ մի իշխանություն բնակչության հետեւից չի կարող հասցնել մաքրել նկուղը, եթե ինքը՝ բնակիչը, չի ուզում մաքուր պահել նկուղը: Մենք մաքրում ենք նկուղ, մեկ ամիս հետո կատարում ենք շրջայց ու նկուղը նախկին վիճակում է»,-ասաց նա:

Պարոն Հարությունյանը եւ Էդան Սնգրյանը խոսեցին նաեւ հիմնարկ-ձեռնարկություններում, կրթական հաստատություններում՝ մանկապարտեզներ, դպրոցներ, բուհեր, կատարված ու կատարվող իրազեկման եւ գործնական աշխատանքների, խնդիրների արդյունավետ լուծման բացերը լրացնելու նպատակով օրենսդրական  նոր նախաձեռնությունների մասին:

Իսկ Aravot.am-ի դիտարկումը, թե չնայած կատարվող լայնածավալ աշխատանքներին, այնուամենայնիվ, լիարժեքորեն չեն օգտագործվում հանրության լայն շրջանների հետ տարվող իրազեկման եւ կազմակերպական գործնական աշխատանքները եւ գործիքակազմերը, բանախոսները ընդունեցին մասնակի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930