Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻԵԴ-ն արդեն երեք նոր դիմում ընդունել է հայ ռազմագերիների հարցով միջանկյալ միջոց կիրառելու համար». Անի Չատինյան

Սեպտեմբեր 22,2022 19:30

«Բոլոր ռազմագերիների վերաբերյալ տեղեկությունները, որոնք հարազատների կողմից նույնականացվել են տեսանյութերի միջոցով, հարազատները դիմում են, որ վատ վերաբերմունքի դրսևորում են տեսել, նույնականացրել են իրենց ծառայողին՝ կլինի պայմանագրային, թե ժամկետային, ՄԻԵԴ հրատապ գանգատ ենք ներկայացրել միջանկյալ միջոցներ կիրառելու խնդրանքով»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Պատերազմական հանցագործություն. Ադրբեջանին քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավոր ուղիներ» թեմայով քննարկման ժամանակ տեղեկացրեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը:

Նա հայտնեց՝ արդեն երեք դիմում են ներկայացրել դատարան՝ կապված սեպտեմբերի 13-15-ը Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքներում իրականացված ագրեսիայի հետևանքով գերեվարված զինծառայողների հարցով ու շարունակեց․«Դատարանը ստացել ու հարցադրումներ է ուղարկել Ադրբեջանին՝ ժամկետ տրամադրելով այսօր Ստրասբուրգի ժամանակով մինչև ժամը 17.00 տեղեկություններ տրամադրել գերեվարված անձանց կյանքի, առողջության, պահման պայմանների վերաբերյալ»:

Անի Չատինյանը նշեց՝ այս պահին փաստահավաք կազմակերպչական աշխատանքներ են իրականացնում, մասնավորապես տարածել են հաղորդագրություն, որում նշված են հեռախոսահամարներ, որպեսզի զանգեն և իրենց զինծառայողների մասին տեղեկություններ հայտնեն․ «Հավաքագրում ենք տվյալները, առաջին հնարավորության դեպքում փորձում ենք ճշտել նրանց գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվություն, որպեսզի միջազգային հարթակներում ներկայացնենք»:

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը նշեց, որ նման դեպքերը՝ որպես խախտում արձանագրված են, ամբողջ հարցն այն է, որ Ադրբեջանը շարունակում է նման դեպքերն օգտագործել՝ որպես պատերազմի միջոց: Նա ասաց․«Իրավական գործընթացները դեռ իրենց հավաքական ազդեցությունը չունեն, որ կարողանան ազդել Ադրբեջանի վարքագծի վրա: Բնականաբար, այս ամենը պետք է շարունակել, որ գա մի պահ, որ ադրբեջանական ռեսուրսներն առնվազն միջազգային իրավական դաշտում սպառվեն՝ ձևավորելով հանրային գլոբալ կարծիք, որ Ադրբեջանը սպառնալիք է միջազգային խաղաղությանը։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում առաջին անգամ օգտագործվեց ագրեսոր պիտակը, թեև դեռ ոչ վստահաբար և ոչ բոլորի կողմից։ Դավիթ Գիշյանի օրինակը ընդհանրացնող օրինակ է․ ցույց է տալիս Ադրբեջանի քաղաքականությունը։ 2010-ից Ադրբեջանը սկսեց էսկալյացիա, պարզ էր, որ դա Ադրբեջանն օգտագործում էր՝ որպես պատերազմի գործիք։ Երբ Հաագայի դատարանում գործը մտնի եզրափակիչ փուլ, ավելի շատ միջազգային սուբյեկտներ կսկսեն խոսել, որ Ադրբեջանը սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանում, այլև միջազգային առումով: Այժմ դեռ միայն կողմերը բավարարվում են ներկայացնել դեպքը՝ որպես սահմանային միջադեպ։ Դա արդեն աբսուրդի դաշտ է տանում։ Պետք է պնդեմ, որ սա սահմանային միջադեպ չէ։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930