Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թալինում ժողովուրդը պետք է ցույց տա, որ իշխանության քաղաքականությունն իր համար անընդունելի է. Դավիթ Մանուկյան

Սեպտեմբեր 22,2022 19:03

«Բոլորիս հայտնի է՝ ի՞նչ իրավիճակ է հիմա երկրում. պատերազմական իրավիճակ է, ունենք շատ զոհեր, վիրավորներ ու մարդիկ չգիտեն իրենց վաղվա օրը: Այսինքն, միշտ այդ վտանգը կախված է մեր գլխին եւ այսօրվա իրավիճակում, իմ կարծիքով, այդ ընտրություններն անցկացնելը սխալ է. կարելի էր հետաձգել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Թալինի ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Դավիթ Մանուկյանը: Սեպտեմբերի 25-ին, Արագածոտնի մարզի Թալին համայնքում արտահերթ ընտրություններ են կայանալու:

Դավիթ Մանուկյանից հետաքրքրվել էինք՝ սեպտեմբերի 13-ին՝ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումից հետո, ճի՞շտ էր այս ընտրություններին գնալը, թե՞ ավելի ողջախոհ կլիներ, եթե կառավարությունը նշանակված ՏԻՄ ընտրությունները հետաձգելու որոշում կայացներ:

Թալինում թեժ ընտրություններ են սպասվում: Տեղական իշխանության համար այստեղ կպայքարեն  հինգ ուժեր՝  «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր», «Արդար Հայաստան», «Հայ յեղափոխական դաշնակցություն» և «Կայունություն» կուսակցությունները:  Հիմնական պայքարն այստեղ ընթանալու է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Ապրելու երկիր» կուսակցությունների միջեւ:

Հիշեցնենք, 2021 թվականին Թալինում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր երեք ուժերի կողմից որպես համայնքապետի թեկնածու առաջադրվել էր «Հայք» խմբակցության ղեկավար Դավիթ Մանուկյանը, բայց համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվեց իշխանական թեկնածու Տավրոս Սափեյանը։ Ինչեւէ, համայնքի ղեկավարի պաշտոնում Տավրոս Սափեյանը չկարողացավ երդման արարողություն անցկացնել՝ ավագանու անդամների քվորում չլինելու պատճառով: Հետագայում նույն պատճառով ավագանու նիստեր տեղի չունեցան։ Ամիսներ անց, սակայն, իշխանության նախաձեռնությամբ, օրենք ընդունվեց, որով հնարավորություն ստեղծվեց Թալին համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել եւ ավագանու նոր ընտրություններ նշանակել։

Հետպատերազմյան ի՞նչ նախընտրական տրամադրություններ են թալինցիների մոտ, կկայանա՞ն այս ընտրությունները, թե՞ դրանք կտապալվեն՝ հարցին էլ, Դավիթ Մանուկյանը պատասխանեց, որ համայնքից զոհվածներ, վիրավորներ եւ անհայտ կորածներ կան, մարդկանց տրամադրություններն անկումային են, բայց քանի որ ընտրությունները կայանալու են, նա հորդորում է մարդկանց՝ գնալ ու իրենց խոսքն ասել. «Այսօրվա իրականության պայմաններում, մարդիկ շատ լավ հասկանում են, որ ստեղծված իրավիճակի գլխավոր պատասխանատուն իշխանություններն են եւ ես ուղղակի չեմ պատկերացնում, որ այս իրականության պայմաններում, այսքան բանը տեսնելուց հետո, քանի՞ մարդ պետք է գնա եւ իր ձայնը ՔՊ-ին տա: Ճիշտ է, համայնքային ընտրություն է, բայց այսօրվա իրականության մեջ այս ընտրությունը շատ կարեւոր դեր եւ սիմվոլիկ նշանակություն ունի, որ մեր ժողովուրդը, վերջիվերջո, իշխանությանը ցույց տա՝ գիտեք, ժողովուրդ, մենք ձեր կողքին չենք, դուք սխալ եք անում, ձեր արածը մեզ համար ընդունելի չէ»:

Հիշեցնելով իշխանական պատգամավորների, վարչապետի հրապարակային ելույթներն այն մասին, որ պատրաստ են ինչ-որ փաստաթղթեր ստորագրել, Դավիթ Մանուկյանը հարց է տալիս. «Պատկերացնում ե՞ք, որ վաղը Թալինում իրենք շատ քվե ստանան. ասելու են՝ ժողովուրդը մեր կողքին է, ինչ անում ենք՝ լավ ենք անում, ճիշտ ենք անում: Այսինքն, ժողովուրդը պետք է այս մարդկանց ցույց տա, որ մենք ձեր կողքին չենք, դուք սխալ եք անում, մենք չենք ընդունում այսօրվա իրականությունը եւ դուք մեղավոր եք այսօրվա իրականության համար»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930