Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա զուտ թուրքական ձեռագիր է․ 1915թ․-ի երեւույթները տառացի կրկնվում են այսօր»․ Աշոտ Մելքոնյան

Սեպտեմբեր 22,2022 18:33

«Թուրքիայի գործելակերպը հարյուրամյակներ շարունակ չի փոխվել։ Այդ երկիրը մեր տարածաշրջանում իր «իրավունքները» հաստատել է արյան, սպանությունների ճանապարհով։ Այդ նույն քաղաքական ուղեգիծը Թուրքիայից որդեգրել է նաեւ Ադրբեջանը»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի՝ Ադրբեջանին տրված «կարմիր դրոշի» հրապարակմանը՝ ասաց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանը։

Նշենք, որ այս հրապարակմամբ ինստիտուտն արդեն երկրորդ անգամ ահազանգում է Թուրքիայի հովանավորությամբ եւ Ադրբեջանի ձեռամբ դրսեւորվող ցեղասպան քաղաքականության մասին, որն օրերս հերթական արտացոլումը գտավ սեպտեմբերի 13-ի հարձակման ժամանակ՝ հայ զինվորների սպանություններ, մարմինների խեղումներ, վայրագություններ․ այդ ամենի տեսանյութերը հրապարակվել են սոցցանցերում՝ նպատակ ունենալով նվաստացնել հայերի արժանապատվությունը, թիրախավորել ՀՀ-ի եւ Արցախի բնակիչներին։ Ինստիտուտը հիշեցրել է, որ նույն ցեղասպանական գործողությունները դրսեւորվել են նաեւ 2020թ․-ի պատերազմի ժամանակ։

Հատկանշական է, որ ինստիտուտն ընդգծում է՝ նման տեսանյութերը հիշեցնում են «Իսլամական պետության» գործողությունները Սիրիայի եւ Իրաքի էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հանդեպ, ինչպես նաեւ թուրք զինվորականների՝ Թուրքիայում ապրող քրդերի հանդեպ ինստիտուցիոնալ մակարդակ եւ պետական տեռորիզմ կրող ցեղասպան գործողությունները։ Լեմկինի անվան ինստիտուտը նաեւ շեշտում է, որ նման վայրագություններն առանձին դեպքեր չեն եւ կապված են Ադրբեջանում, Թուրքիայում եւ «Գորշ քայլեր» ահաբեկչական կառույցում հակահայկականության դրսեւորումների հետ։

Աշոտ Մելքոնյանից հետաքրքրվեցինք՝ պատմական եւ ժամանակագրական տեսանկյունից Սիրիայում տեղի ունեցած վայրագություննե՞րն են արդյոք ամենավաղ օրինակը։ Նա նշեց․ «Թուրքական ձեռագրով՝ արյան ծովի եւ սպանությունների մեջ է ստեղծվել իրենց պետությունը նաեւ արեւելյան Անդրկովկասում, որի ամենավառ վկայությունը 1920թ․-նն է։ Հուլիսին նախկին մուսավաթականները բոլշեւիկյան գլխարկներով ներխուժեցին Գորիս եւ այնտեղ Ասադ Կարաեւին նշանակեցին Գորիսի հեղկոմի նախագահ։ Նրան հասցեագրած նամակում Ադրբեջանի հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովը գրում է՝ հանկարծ ձեռքդ չդողա երեխա, կին եւ ծեր սպանելու հարցում, որովհետեւ մենք մեր թուրքական երկիրը պետք է ստեղծենք հայերի ոսկորների վրա․․․Այդ ձեռագիրը շարունակվում է նաեւ այսօր։ Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ թուրքը որտեղ ներխուժի, այդտեղ պետք է բնազդով գործի այնպես, ինչպես ժամանակին իջնում էին Ալթայից եւ ներխուժում Միջին եւ Փոքր Ասիա»։

Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ պատահական չէ, որ 1974թ․-ին, երբ Թուրքիան ներխուժեց Կիպրոսի տարածք եւ բռնազավթեց Կիպրոսի զգալի մասը, հազարավոր հույներ անհետ կորան․ «Մորթել էին, կտոր-կտոր արել այնպես, ինչպես թուրքերին բնորոշ էր միջնադարում վարվել։  Այն, ինչ տեղի է ունենում այսօր այլ ժողովուրդների հանդեպ, դարձյալ նույն ձեռագիրն է։ Այն, ինչ ադրբեջանցի զինվորականների կողմից տեղի ունեցավ այդ թվում հայ կին զինծառայողների հանդեպ, այդ թվում՝ անդամահատում, խեղում, սա զուտ թուրքական ձեռագիր է, ուստի չեմ զարմանում, որ աշխարհում աստիճանաբար մեծանալու է թուրքական ցեղասպան քաղաքականության ալիքը։ Մեր պնդումները, որ Թուրքիան եւ Ադրբեջանը մշտապես կանգնած են ցեղասպան քաղաքականության հետեւում, ամբողջապես իրական են»։

Աշոտ Մելքոնյանը կոչ արեց չմոռանալ նաեւ հետեւյալը․ «ՌԴ նախագահ Պուտինը 44-օրյա պատերազմից հետո հետաքրքիր «բացահայտում» արեց, որ Ղարաբաղում տեղի ունեցածը ցեղասպանությանը հակազդեցությունն էր։ Այսինքն, ՌԴ-ն ստիպված էր ընդունելու, որ Արցախի հայությունը ցեղասպանվելու էր, եւ դրանով պայմանավորված՝ ՌԴ խաղաղապահները մտան եւ կանխեցին դա։ Ադրբեջանը չարձագանքեց, որ ՌԴ-ն իրեն մեղադրում է ցեղասպանության մեջ։ Մեր համար սա զարմանալի չէ։ Ազգովի պետք է պատրաստ լինենք, որ մի թիզ թուրքին զիջելու պարագայում յաթաղանը նորից կկախվի մեր գլխին»։

Հատկանշանական է, որ ըստ Լեմկինի ինստիտուտի՝ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի լիարժեք աջակցությամբ հայերի հանդեպ իրականացնում է «դանդաղ ցեղասպանություն», եւ այս իրավիճակում Արցախի վերաբերյալ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ բանակցելու մասին Արեւմուտքի կոչերը ՀՀ-ին վտանգավոր են ու անհեռատես։ Այս առիթով էլ Աշոտ Մելքոնյանը նշեց․ «Ռաֆայել Լեմկինը բանաձեւը կազմելիս հիմքում ունեցել է հայերի ցեղասպանությունը։ Բոլոր այն դեպքերը, որոնք տեղի են ունեցել հայերի հետ, նա առանձին կետերով է ամրագրել։ Հիմա պատահական չէ, որ Լեմկինի ինստիտուտն է արձագանքում, որովհետեւ տեսնում են, որ 1915թ․-ի երեւույթները տառացի կրկնվում են։ Եւ այստեղ ոչ միայն էթնիկ հիմքով սպանության, ցեղասպանության խնդիր կա, այլեւ հայրենազրկման, որովհետեւ հայոց ցեղասպանությունը այլ ցեղասպանություններից տարբերվում է նրանով, որ հայ ժողովուրդը ոչ միայն ֆիզիկապես բնաջնջվել է ազգային պատկանելիության համար, այլեւ հայրենազրկվել է, կորցրել հայրենիքի մեծ մասը։ Հայրենազրկումը եւս ցեղասպան քաղաքականության բաղադրիչ է։ Նույնն արել են նաեւ Արցախի զգալի մասում, նույնը փորձում են անել նաեւ Սյունիքում՝ այն համարելով ադրբեջանական տարածք։ Սա այն իրականության պարագայում, երբ Ադրբեջանի զգալի մասը ստեղծվել է հայկական հողերի վրա»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Հ․ Գ․ Լեհաստանցի անվանի իրավագետ Ռաֆայել Լեմկինը հեղինակել է «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի նախնական բանաձևը եւ ներկայացրել մի շարք պետությունների․ ԱՄՆ-ի աջակցությամբ բանաձևը դրվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի քննարկմանը։ 1951 թվականին Լեմկինը միայն մասնակիորեն է հասնում իր նպատակին․ կոնվենցիան ուժի մեջ է մտնում այն բանից հետո, երբ 20 երկիր վավերացնում է այն։ Կոնվենցիան ներառում է ցեղասպանության ֆիզիկական կողմը միայն, որը բնորոշվում է որպես գործողություններ՝ ոչնչացնելու նպատակով, լիովին կամ մասամբ, ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբերի հանդեպ։ Ըստ Լեմկինի, ցեղասպանություն եզրը ներառում է ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեբանական ազդեցություններ։ 1944 թվականին, երբ Ռաֆայել Լեմկինը հեղինակեց «գենոցիդ» եզրը, հիմք ընդունեց 1915 թվականի հայերի ոչնչացումը՝ որպես հիմնարար օրինակ։ «Նկատի ունեմ երեսուն տարի առաջ թուրքերի կողմից իրականացված գազանությունները հայերի նկատմամբ։ Սակայն ոմանք կասեն, որ այդպես չեն մտածել։ Ահա սա է մեր ժամանակների ողբերգությունը։ Մենք չափազանց շուտ ենք մոռանում։ Երեկ զոհերը «միայն» հայերն էին, այսօր «միայն» հրեաներն են, բայց նաև լեհերն ու այլ եվրոպական ժողովուրդներ։ Իսկ ո՞վ կլինի վաղը…»,-գրել է նա։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930