«Ընտրված այդ իրադարձությունը, որը որակվեց հատուկ գործողություն, իրականում զարհուրելի էր, բայց արդեն օրինաչափ էր: Դրա առաջին քայլն այն էր, երբ ԱԺ իշխանական պատգամավորները, եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սկսեցին սպառնալ ԱԺ-ի առաջ ցույց անողներին, որ կգնան նրանց տներ եւ կուղարկեն սահման պահելու»,- «Հայելի» ակումբում ասաց լեզվաբան Նարինե Դիլբարյանը` անդրադառնալով ոստիկանության ծառայողների կողմից Փաշինյանի մուտքը փակած զոհվածների ծնողներին Եռաբլուրից բռնի ուժով հեռացնելուն:
Նրա խոսքով. «Ամեն ինչ սկսվեց այդ սպառնալիքներից, իսկ գագաթնակետը դարձավ մեր Անկախության 31-ամյակը: Խնդիրն այն չէ, որ մենք չունենք ոչ մի տոնական միջոցառում կատարելու հրամայական, բայց նշելն ու տոնելը տարբեր իրողություններ են: Ի վերջո, երկիրը չի կարելի վերածել անգործության, սգի եւ բամբասանքի կամ ուժի կիրառման դաշտի: Դրա համար էլ տեղի ունեցավ երկրորդ գործողությունը, երբ մենք տեսանք, թե Փաշինյանի իշխանությունը եւ թիմը ինչպիսի ներուժ ունի»:
Նարինե Դիլբարյանը կարծում է, որ այդտեղ նախ խնդիրն այն էր, որ ամեն գնով Եռաբլուրի մուտքը եւ տարածքը ազատելու հրաման էր տրված. «Դա նշանակում է, որ մեր պետության կառավարական անկումը հասնում է իր գագաթնակետին: Որդեկորույս ծնողներն եւ այն քաղաքացիների, որոնք իրենց ամենաթանկը տվել են հայրենիքի ազատագրությանը, ստացվում է իրենց կամարտահայտությունը չեն կարող բարձրաձայն նշել, եւ նրանք պետք է այդ վայրենի ու բարբարոս ձեւով հեռացվեին տարածքից: Վտանգավորը ոչ միայն նրանց հեռացնելու հրամանն էր, այլեւ հրաման կատարողները:
Երբ ես այսահար հետեւում էի հեռուստատեսությամբ այդ կադրերին, նկատեցի, որ նրանք 25-30 տարեկան այրեր էին, եթե, իհարկե, նրանց այր բառը համապատասխանում է, որոնք մեծ կատաղությամբ, առանց որեւէ վարանումի` քարշ էին տալիս հայ մայրերին եւ քույրերին:
Կարդացեք նաև
Հստակեցնենք, որ խնդիրը երկու դաշտում է, նախ դա հակաիրավական գործողություն է, եւ հետո չկա որեւէ պարտադիր պրոտոկոլ, որով սեպտեմբերի 21-ին վարչապետը պետք է մաքրի Եռաբլուրը եւ նոր այնտեղ հարգանքի տուրք մատուցի: Այդ գործողությունը հարգանքի տուրք մատուցելու հետ ոչ մի ընդհանրություն չուներ, եւ ինձ համար ցուցիչ էր այն, թե ինչպես մեկ-երկու ժամ անց նրանց բերած պսակները նետվեցին Եռաբլուրից ներքեւ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ