Լրահոս
Օրվա լրահոսը

«Առնվազն երեք կանանց կրծքավանդակի հատվածում մերկացրել են, ոտնակոխ արել». ՄԻՊ աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ

Սեպտեմբեր 22,2022 14:29

«Նոր տեսանյութեր ենք հավաքագրել և այս պահին դրանց վերլուծությունն է իրականացվում: Շուտով կհրապարակենք նաև երկրորդ զեկույցը»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Պատերազմական հանցագործություն.Ադրբեջանին քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավոր ուղիներ» թեմայով քննարկման ժամանակ տեղեկացրեց ՄԻՊ աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը:

Նա նշեց՝ ՄԻՊ նախորդ զեկույցին կցվել են սեպտեմբերի 13-ից իրականացված թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով հայ ռազմագերիների նկատմամբ կտտանքները և դաժան վերաբերմունքը փաստող տեսանյութերը և ուղարկվել են միջազգային կառույցներին: Գործընթացը շարունակական է:

Ամփոփելով ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի վնասները՝ նա նշեց. «Ունենք 7600 տարհանված անձինք՝ 1500 երեխաներ, հարյուրին մոտ հաշմանդամություն ունեցող անձինք, ցավոք, ունեցել ենք երկու կին և մեկ հաշմանդամություն ունեցող տղամարդ, որ չեն կարողացել տարածքը լքել և մնացել են պատերազմական գործողությունների տարածքներում: Ունենք ենթակառուցվածքների վնասներ՝ դպրոցներ, համայնքապետարաններ, Ջերմուկի ճոպանուղին, սրճարաններ, առողջարաններ, էլեկտրացանցի, ԱԻՆ-ի շենքի վնասում և տարբեր այլ ենթակառուցվածքների վնասում»:

Խոսելով սեպտեմբերի 13-ից իրականացված ռազմական ագրեսիայի ընթացքում առանձնահատկությունների ադրբեջանական դաժանությունների մասին՝ Լաուրա Գասպարյանն ասաց. «Նույն դաժանությունն է և ավելին: Ծայրահեղ դաժան պատկերներ ենք ստանում, միակ տարբերանշող փաստն է այն, որ այս ագրեսիայի ժամանակ կանանց նկատմամբ առանձնահատուկ դաժանություն է եղել: Դիտարկել ենք կին զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ դաժան վերաբերմունքի ծայրահեղ դրսևորումներ, որոնք զեկույցում արծարծվել են, եղել են մարմնի, դիերի նկատմամբ վատ վերաբերմունք, խոշտանգման դեպքեր ունեցող փաստեր: Օրինակ՝ մարմնի տարբեր վերջույթների անդամահատումներ, մերկացում, ստորացում, նվաստացում, առնվազն երեք կանանց կրծքավանդակի հատվածում մերկացրել են, ոտնակոխ արել: Քանի որ կանանց մարմինները եղել են մերկ, այն հագուստը, որ կրել են, հավանական ենք համարել, որ նրանցից մեկը եղել է քաղաքացիական անձ: Երեքից մեկը եղել է քաղաքացիական անձ: Տվյալները ճշտվում են»:

Հարցին՝ Ադրբեջանի տիրապետության տակ խոշտանգումների ենթարկված և սպանված հայ ռազմագերի Դավիթ Գիշյանի դիակի փորձաքննություն իրականացվե՞լ է, ե՞րբ է նրա մահը վրա հասել, Լաուրա Գասպարյանը պատասխանեց. «Մենք ունենք նախնական տեղեկատվություն՝ պատասխանատու մարմինները կհայտարարեն: Մեր դիտարկումը հետևյալն է՝ տեսանյութը, որը հրապարակվել էր, դրա վրա գրված էր՝ հումանիզմ: Ցուցադրական ներկայացնում են, թե ինչպես են վնասվածք ստացած հայ ռազմագերուն բժշկական օգնություն ցուցաբերում: Մեր դիտարկումն այն է՝ մեր զինծառայողի նկատմամբ բժշկական օգնությունը, որ ցուցաբերվել է, դա որքանո՞վ է եղել պատշաճ ու բավարար, որ անձի կյանքի իրավունքը չխախտվի: Դա ուսումնասիրման փուլում է: Խնդիր է եղել վնասվածքներին համարժեք բժշկական օգնություն ցուցաբերելու հարցում»:

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն էլ հայտնեց. «Մեզ մոտ մեթոդաբանություն է, որ Ադրբեջանի կողմից վերադարձված մարմինները երկու անգամ դատաբժշկական փորձաքննության են ենթարկվում, պարզելու համար, թե վնասվածքները ողջ ժամանակ են հասցվե՞լ, թե՞ մահից հետո»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930