Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները պետք է հետ քաշվեն հայկական հողից». Կապիտոլիումի բարձունքում տեղի ունեցավ «Ողջույն Արցախին» միջոցառումը

Սեպտեմբեր 22,2022 13:57

Վաշինգտոն – Ս.թ. սեպտեմբերի 19-ին, երկուշաբթի երեկոյան Կոնգրեսում տեղի ունեցավ Արցախի անկախությունը նշող «Ողջույն Արցախին» միջոցառումը, որը համատեղ կազմակերպվել էր Ամերիկայի Հայկական Համագումարի և Ամերիկայի հայ ազգային կոմիտեի կողմից՝ համագործակցելով Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի հետ: Հիմնական ելույթներով հանդես եկան Արցախի արտաքին գործերի նախարար՝ մեծարգո պարոն Դավիթ Բաբայանը և Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ, այդ թվում՝ կոնգրեսականներ՝ Ֆրենկ Փալոն կրտսերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Ադամ Շիֆը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջուդի Չուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջիմ Կոստան (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) և Դեյվիդ Սիսիլինը (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ): Բացման և փակման աղոթքներով հանդես եկան Մերիլենդ նահանգի Բեթեսդա քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ, պատվարժան հայր Սարգիս Աքտավուկյանը, Վաշինգտոն քաղաքի Սուրբ Մարիամ հայկական եկեղեցու հոգևոր հովիվ պատվարժան հայր Հովսեփ Կարապետյանը, ինչպես նաև հավելյալ խոսքով հանդես եկավ Կոնգրեսի նախկին աշխատակից Թադեհ Իսախանյանը։

Կոնգրեսական Չուն, որը եղել է Արցախում, շնորհավորեց հանրապետությանը անկախության 31-րդ տարեդարձի կապակցությամբ և նշեց, որ դա «գեղեցիկ երկիր է»։

«Դուք կարող էիք տեսնել, թե ինչպես էր հայ ժողովուրդը ծաղկում Արցախում, և դա է, որ ավելի ցավալի դարձրեց 2020թ.-ին Ադրբեջանի պատերազմի ազդեցությունը Արցախի վրա»,– ասաց կոնգրեսական Չուն: «Տասնյակ հազարավոր փախստականներ դեռևս տներ չունեն, և մենք գիտենք, որ հայ ռազմագերիները ենթարկվում են չարչարանքների ադրբեջանցի պաշտոնյաների կողմից»:

Կոնգրեսական Չուն, ով ասաց, որ իրեն արգելված է մուտք գործել Ադրբեջան, ինչը նա համարում է «պատվո նշան», ընդգծեց, որ շարունակելու է հանդես գալ հանուն «Արցախի և Հայաստանի խաղաղ ժողովրդի», ինչն էլ ավելի կարևոր է այժմ՝ Արցախի և Հայաստանի անվիճելի սահմանների դեմ Ադրբեջանի հերթական դաժան հարձակումից հետո»։

«Մեզ անհրաժեշտ է ԱՄՆ-ի ուժեղ աջակցությունը Հայաստանին և Արցախին և պետք է հստակ գիծ գծել»,– ասաց կոնգրեսական Չուն, ով համահովանավորում է H.Res.1351 Բանաձևը, որով դատապարտվում է անցյալ շաբաթ Հայաստանի վրա Ադրբեջանի առանց դրդապատճառի հարձակումը: «Այլևս ոչ մի ԱՄՆ-ի օգնություն Ադրբեջանին, և հետագա բռնությունները պետք է հանգեցնեն պատժամիջոցների»:

«Այսօրվա տոնակատարությունը ցույց է տալիս, որ Կոնգրեսում կա երկկուսակցական ուժեղ աջակցություն, և դրանով մենք հույս ունենք, որ կարող ենք արդարության հասնել Հայաստանի և Արցախի հայերի համար՝ ԱՄՆ-ում այդքան աշխատասեր հայերի հետ միասին»,– եզրափակեց կոնգրեսական Չուն:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի (Դեմոկրատ, Կալիֆորնիա) ու կոնգրեսկաններ՝ Ջեքի Սփիրի (Դեմոկրատ, Կալիֆորնիա) և Աննա Էշուի (Դեմոկրատ, Կալիֆորնիա) հետ միասին Հայաստան կատարած իր այցից նոր վերադարձած կոնգրեսական Փալոնը նկարագրեց հայերի ջերմ ընդունելությունը և «ԱՄՆ-ի հանդեպ սիրո և աջակցության զեղումը»:

Նա հայտարարեց, որ Ադրբեջանը «ուղղակիորեն հարձակվեց» Հայաստանի վրա՝ դրսևորելով ագրեսիա, և որ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան եղել են «շատ արդյունավետ` լրատվամիջոցներին համոզելու համար, որ իրենք պատասխանատվություն չեն կրում, և որ դա սուտ է»:

«Խոսնակը հասկացրեց, որ դա ագրեսիա էր Ադրբեջանի կողմից, և նրանք պետք է հետ քաշվեն և հեռանան հայկական հողից»,– ասաց կոնգրեսական Փալոնը: «Անընդունելի է, որ նրանք մնան (հայկական տարածքում)»:

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Փալոնն ընդգծեց, որ ԱՄՆ-ն պետք է ներգրավվի անվտանգության տեսանկյունից և ապահովի, որ Հայաստանը կկարողանա պաշտպանել իրեն:

Նա նաև նշեց, որ իրենց պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր, և իրենք գիտակցում են, որ Ադրբեջանում դպրոցներում և բանակում հակահայկական հռետորաբանություն և քարոզչություն է դասավանդվում, և որ «ինչ-որ բան պետք է արվի այդ առումով»։

«Դուք չեք կարող ունենալ մի հասարակություն, որն անընդհատ կերակրում է սովորական մարդուն և զինվորականներին այն գաղափարով, որ նրանք, ըստ էության, շարունակելու են ցեղասպանությունը և վայրագություններ իրականացնել»,– եզրափակեց կոնգրեսական Փալոնը:

Կոնգրեսական Շիֆը, ով առաջնորդեց երկկուսակցական H.Res.1351 Բանաձևը, հայտարարեց, որ վերջին ներխուժումը «Ադրբեջանի կանխամտածված բացահայտ ագրեսիայի պատերազմ է, որը ղեկավարում է Ալիևը, և դա ուղղակի արյունալի սպանություն է, որը պետք է դադարեցվի»:

Նա նշեց, որ ներկայիս մարտերից և 2020թ.-ի Արցախյան պատերազմից հնարավոր կլիներ խուսափել, եթե աշխարհը «դադարեր խոսել կեղծ համարժեքությունների մասին, երբ պարզ է, որ մի երկիր է եղել ագրեսորը, և դա Ադրբեջանն է»։

Նա ընդգծեց, որ «ոչ մի պատճառ» չկա, որ ԱՄՆ-ը կամ արևմտյան աշխարհը պետք է ռազմական կամ այլ աջակցություն ցուցաբերեն Ադրբեջանին, քանի որ այն ամենը, ինչ նա արել է՝ «պատերազմողին խթանելն է»:

Կոնգրեսական Շիֆը, ով Հայկական հանձնախմբի համանախագահների հետ մշակեց մի օրինագիծ, որով կոչ է արվում դադարեցնել Ադրբեջանին ֆինանսավորման հատկացումը, ասաց, որ «Ադրբեջանի համար պետք է ուսումնասիրվեն պատժամիջոցներ և քրեական հետապնդում ռազմական հանցագործությունների համար»:

Կոնգրեսական Ջիմ Կոստան (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) կրկնում է աջակցությունը՝ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին իր ագրեսիվ գործողությունների համար

Կոնգրեսական Կոստան նշեց «Հայաստանի և Արցախի մարտահրավերային ժամանակները», և որ Ադրբեջանի կողմից առանց դրդապատճառի հարձակումները «կրկին ցույց են տալիս աշխարհին, որ նրանք մտադիր չեն ենթարկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին»։

Նա ասաց, որ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի, և որ խոսնակ Փելոսիի ժեստը՝ որպես Հայաստան այցելած ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյայի, կարևոր հայտարարություն էր։

«Հայերը ժողովրդավարություն են ստեղծում շատ դժվարին հարևանության պայմաններում»,– ասաց Կոստան: «(Ամերիկահայերը) ունեն երկկուսակցական աջակցության մեծ կոալիցիա, և մենք պետք է աջակցենք նրանց և նրանց ջանքերին՝ ապահովելու, որ ժողովրդավարությունը կարող է գոյատևել ու ծաղկել»:

Կոնգրեսական Սիսիլինը, ով կիսվեց, որ ինքը մեծացել է Ռոդ Այլենդի մեծ հայկական համայնքում, ասաց, որ հայ ժողովրդի պայքարի մասին իմացել է իր համայնքի միջոցով, և որ ինքը «շարունակելու է լինել Հայաստանի օգտին ուժեղ քարոզիչ»:

Համագումարի խորհրդի անդամ Հերման Պուրուտյանը կիսվում է իր նկատառումներով՝ որպես ամերիկահայ ակտիվիստ

Համագումարի խորհրդի անդամ Հերման Պուրուտյանն ընդգծեց Արցախի և Հայաստանի ժողովրդի անվտանգության կարևորությունը, ովքեր «այժմ մեծ սպառնալիքի» տակ են։

Խոսնակ Փելոսիի այցը Հայաստան, կոնգրեսականներ՝ Փալոնի, Սփիրի և Էշուի հետ միասին, «խիստ անհրաժեշտ լույս սփռեց» իրավիճակի վրա, ու թեև նրանց ազդեցիկ մեկնաբանությունները ողջունելի էին, «գործողություններն ու քաղաքականությունը» ծայրահեղ կարևոր են:

«907 Բանաձևը շատ երկար ժամանակ է ինչ կասեցվում է (յուրաքանչյուր տարի), ինչն այժմ պետք է դադարեցվի»,– ասաց Պուրուտյանը։ «Մենք, որպես ամերիկահայեր, պետք է շարունակենք մեր պայքարը, որպեսզի համոզվենք, որ ԱՄՆ-ն անում է իր բաժինը՝ Հայաստանի և Արցախի զարգացող ժողովրդավարությունների և դրանց ժողովրդի անվտանգություն ապահովելու համար»:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ում իր պատվիրակության կազմում միացել էին Արցախի մշակույթի, կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը և Վաշինգտոնում Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ասաց, որ հպարտ է ԱՄՆ-ում հայերի ներկայացվածությամբ, բայց նաև «ցավ» է զգում, որ համայնքը «ցեղասպանության արդյունք» է։

Նա երախտագիտություն հայտնեց Սփյուռքին, ԱՄՆ-ի ընտրված պաշտոնյաներին և Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի անդամներին՝ Հայաստանում և Արցախում ժողովրդավարության և մարդու իրավունքների ապահովմանն իրենց աջակցության համար։

Արտգործնախարար Բաբայանը համաձայնեց, որ Արցախում իրավիճակը՝ մարտահրավեր է էկզիստենցիալ սպառնալիքների պայմաններում, և որ իրենք միշտ զգոն են, որ ցանկացած պահի կարող է տեղի ունենալ լայնածավալ հարձակում, հետևաբար՝ ցեղասպանություն։

«Մենք շարունակելու ենք մեր պայքարը, որովհետև մենք պայքարում ենք մեր անցյալի, մեր ապագայի և մարդկության համար»,– ասաց նախարար Բաբայանը։ «Մենք պետք է համախմբվենք Արցախի գաղափարի շուրջ և անսասան մնանք, քանի որ սա մեր վերածննդի միայն սկիզբն է»։

Լուսանկարում՝ ձախից աջ. Համագումարի խորհրդի անդամներ Հերման Պուրուտյանը և Անի Թոթահը, Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը և Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930