Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ խոսնակը չհստակեցրեց՝ Իշխանասարի դիրքերում իսկապե՞ս զորքը լոմի ու բահերի կարիք ուներ

Սեպտեմբեր 22,2022 13:45

Ադրբեջանի սանձազերծած վերջին ագրեսիայից հետո համացանցում քաղաքացիները զինվորների համար շարունակում են հավաքագրել ինչպես հագուստ, այնպես էլ աշխատանքային գործիքներ՝ լոմ, բահ, քլունգ եւ այլն:

Երեկ համացանցում երաժիշտ Սուրեն Ստեփանյանն էր փնտրում ՊՆ խոսնակին՝ խնդրելով ճշտել, թե Սյունիքի մարզի Իշխանասարի շրջակայքի դիրքերում ինչու է զորքը խնդրում իրենց տրամադրել լոմ, բահեր, քլունգ և աշխատանքային այլ պարզագույն գործիքներ, եւ ինչու են քաղաքացիները ստիպված միջոցներ հայթայթում դրանք ձեռք բերելու համար:

Aravot.am-ը ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանից հետաքրքրվեց՝ զորքը չունի՞ աշխատանքային նման գործիքներ, ՊՆ-ն չի՞ ապահովում, որ քաղաքացիներին են դիմում։ Ի պատասխան՝ Արամ Թորոսյանն ասաց. «Բոլոր նմանօրինակ գրառումներն առանձին ուսումնասիրվում են , ճշտվում է դրանց համապատասխանությունը իրականության հետ: Պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ունի բավարար միջոցներ, այդուհանդերձ, ինչպես նախկինում նշել ենք, եթե բանակին աջակցելու ցանկությունը մեծ է, այդ աջակցության միջոցառումները պետք է կազմակերպել բացառապես Պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ»:

Մեր հարցին՝ կարե՞լի է ասել, որ կոնկրետ Իշխանասարի դիրքերում բավարար աշխատանքային գործիքներ չի տրամադրվել զորքին, որ նրանք դիմել են քաղաքացիների օգնությանը, ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց. «Ինչպես արդեն նշեցի՝ ցանկացած նմանօրինակ խնդրի բարձրաձայնմանը, առանձին մոտեցում է ցուցաբերվում, ճշտվում դրանց համապատասխանությունը իրականությանը»:

Մեր հարցին՝ հիմա կոնկրետ Իշխանասարի դիրքերում աշխատանքային գործիքների կարիքը համապատասխանո՞ւմ էր իրականությանը, խնդրի մասին ահազանգողները հայտնում են՝ նաեւ լուսանկար ու տեսանյութ ունեն ձեռքի տակ, ՊՆ խոսնակը պատասխանեց. «Որեւէ տեսանյութ ու որեւէ լուսանկար մեզ չի տրամադրվել այս պահի դրությամբ… բայց ցանկացած ուղղությամբ, եթե լինում է որեւէ պարագայի, միջոցի անհրաժեշտություն ու այդ մասին, ըստ վերադասության, զեկույց է լինում, Պաշտպանության նախարարությունը ձեռնարկում է բոլոր միջոցները ապահովելու անձնակազմին նշյալ պարագաներով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ․ Գ․ Ավելի ուշ Սուրեն Ստեփանյանը գրել է․

Սուրեն Ստեփանյան

«Ընկերներ, խոսեցի ՊՆ Մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի հետ: Մոտակա ժամերին ՊՆ-ին կփոխանցեմ ձեռքիս տակ եղած տեղեկությունները, փաստերը, հեռախոսահամարները այն բացերի մասին, որոնք կան ճակատում:

Պայմանավորվել ենք, որպեսզի ՊՆ-ն իմ տված ինֆորմացիայի վրա իր հերթին կապվի բոլորի հետ և ճշտի ամեն ինչ, թե ինչ պարզագույն գույքի կարիք ունի բանակը այս պահին և փորձի լուծում տալ դրանց, որպեսզի խնդիր չունենանք դիրքեր բահ ու քլունգ հասցնելու:

Խնդիրները լուծելու դեպքում դիմելու եմ խնդրանքով անձամբ կամ խմբով այցելել առաջին գծի տարբեր հատվածներ՝ համոզվելու կատարված աշխատանքում:

Խոսել եմ նաև մի քանի պատգամավորների հետ, որոնք իրենց հերթին խոստացել են մշակել մեխանիզմ տեղում իրադրությանը ծանոթանալու համար:

Եթե հնարավորություն չլինի օրեր անց մեր աչքով ստուգել տեղում տիրող վիճակը, կփորձենք այլ ձևեր ու մեխանիզմներ գտնել:

Շնորհակալ եմ Արամ Թորոսյանին ու պատգամավորներին արագ արձագանքի համար:

Խաղաղություն մեզ ու առաջնագիծը հսկող մեր տղերքին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930