Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են խոստանում Սիսիան համայնքի ավագանու թեկնածուներն ընտրողներին (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 22,2022 13:17

Սեպտեմբերի 25-ին հանրապետության 17 համայնքում կայանալիք ավագանու համամասնական ընտրություններին թվով ամենաշատ ուժերն առաջադրվել են Սիսիան համայնքում։ Այստեղ ուժերը կչափեն 5 կուսակցություն եւ 2 դաշինք։

Արմեն Հակոբջանյան

Սիսիանին ապագա խոստացող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 63 հոգանոց ցուցակը գլխավորում է Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, 37-ամյա Արմեն Հակոբջանյանը։ Նրան հաջորդում են ոչ մի տեղ չաշխատող, Սիսիանի ավագանու անդամ Արմենակ Միրզախանյանն ու Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրեն Անիկ Գրիգորյանը։ Առաջին եռյակից անկուսակցական է Արմենակ Միրզախանյանը։ Կառավարող ուժի ընտրացուցակում են նաեւ Սիսիան համայնքի ղեկավարի տեղակալներ Կարեն Հովհաննիսյանը, որը 4-րդ հորիզոնականում է եւ Գարիկ Հակոբյանը, որը 32-րդն է։ Ցուցակի 13-րդ համարն Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Համբարձումյանի եղբայրն է՝ «Հայանտառի» Սիսիանի մասնաճյուղի տնօրեն Տիգրան Համբարձումյանը։ Նրանք բոլորը անդամակցում են կառավարող ուժին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակի թեկնածուներից անկուսակցական են 16-ը։

Արա Զաքարյան

«Ապրելու երկիր» կուսակցությունը համայնքի ավագանու համամասնական ընտրություններին մասնակցում է 43 թեկնածուով։ Ցուցակը գլխավորում է 38-ամյա գործարար Արա Զաքարյանը։ «Տեղյակ ենք, կարող ենք, կանենք»․կարգախոսով ընտրողին ներկայացած Արա Զաքարյանը իր թիմի հետ Սիսիանը ապրեցնելու նպատակ ունի։ Ընտրացուցակի առաջին եռյակում են՝ կենտրոնական բանկի Սիսիանի տարածքային կառույցի ղեկավար Տիգրան Իվանյանն ու ոչ մի տեղ չաշխատող Իսկուհի Բաղդասարյանը։ Թեկնածուներից միայն երկուսն են անկուսակցական՝ Արա Զաքարյանն ու 12-րդ հորիզոնականում գտնվող Հայ օգնության ֆոնդի աշխատակցուհի Լուսինե Հարությունյանը։

 

Հայկ Առաքելյան

«Աշխատանք եւ արդարություն» դաշինքի ցուցակում 63 թեկնածուներ են, որից 18-ն անկուսակցական են, 25-ը՝ « Վերածնվող Հայաստան», 20-ը՝ «Համերաշխություն» կուսակցությունների անդամներ։ Ցուցակը գլխավորում է անկուսակցական 38-ամյա Հայկ Առաքելյանը։ Վերջինիս հաջորդում է Սիսիանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի (ԶԱԳՍ) պետ Նվեր Մարտիրոսյանը, իսկ 3-րդ հորիզոնականում Գալյա Հովհաննիսյանն է։ Վերջիններս անկուսակցական են։ Ցուցակի 4-րդ հորիզոնականում Սիսիանի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ, անկուսակցական Սիմոն Հովհաննիսյանն է։

Ի դեպ, նկատենք, որ դաշինքի ընտրացուցակում շատ են համայնքապետարանի ենթակայությամբ հաստատություններում աշխատող թեկնածուները՝ երաժշտական դպրոցների, նախակրթարանների աշխատակիցներ, դպրոցների մանկավարժներ։ Ցուցակի 17-րդ համարը Սպանդարյանի վարչական ղեկավար Դավիթ Ենոքյանն է։ «Աշխատանք եւ արդարություն» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Առաքելյանը Aravot.am-ի հետ զրույցում նշել էր, որ չնայած թեկնածուների վրա ճնշումների փորձերին՝ դրանք որեւէ արդյունք չունեցան նախընտրական պայքարի վրա։

«Հանուն Հանրապետության» կուսակցության 38 թեկնածուից 5-ն ինքնաբացարկի դիմում են ներկայացրել։ Ցուցակը գլխավորում է Գորայքի համայնքապետարանի առաջատար մասնագետ, 50-ամյա Սեւակ Մուսաթյանը, որը «Հանուն Հանրապետության» անդամ է։ Նրան հաջորդում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետ, անկուսակցական Արսեն Ավագյանը, իսկ 3-րդ հորիզոնականում Սիսիանի ավագ դպրոցի ուսուցչուհի Նախշուն Յազուլյանն է։ Վերջինս կուսակցական է։ Այս քաղաքական ուժի կարգախոսն է «Հանուն Սիսիանի՝ կամք, արդարություն, աշխատանք»։

Ի դեպ, սիսիանցիների դիտարկմամբ հիմնականում պայքարը ծավալվելու է «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր» , Հանուն Հանրապետության» կուսակցությունների ու «Աշխատանք եւ արդարություն» դաշինքի միջեւ։

 

« Ի զէն, ի գործ» կարգախոսով Սիսիանի զարգացման իրենց տեսլականն է առաջարկում «Զարգացող համայնք» դաշինքը։ Ընտրացուցակում 29 թեկնածուներ են, որից երկուսը ինքնաբացարկ են ներկայացրել։ Ցուցակը գլխավորում է անկուսակցական, անհատ ձեռներեց, 51-ամյա Մհեր Ազոյանը։ Նրան հաջորդում են անկուսակցականներ «Բասոնա» ՍՊ ընկերության տնօրեն Հասմիկ Ազոյանն ու «Վեգա Ուորլդ»-ի Սիսիանի մասնաճյուղի մենեջեր Արման Բաբայանը։ Դաշինքի ցուցակի 6 թեկնածուներ ներկայացնում են «Արդարություն» կուսակցությունը, 14 հոգի էլ «Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական կուսակցությունը»։ Հենց այս քաղաքական ուժերն են կազմել «Զարգացող համայնք» դաշինքը; Թեկնածուներից 7-ն անկուսակցականներ են։

«Ձեզ հետ, ձեր կողքին, ձեզ համար» կարգախոսով «Մեկ Հայաստան» կուսակցության 40 թեկնածուից մեկը ինքնաբացարկ է ներկայացրել։ Ցուցակը գլխավորում է 34-ամյա Մարտին Հարությունյանը, որը կուսակցության անդամ է։ Առաջին եռյակի մյուս թեկնածուները անկուսակցականներ են՝ «Ա․Կ․ԿԱԶ» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Արտյոմ Գրիգորյանն ու Անի Հարությունյանը։ Ցուցակի մեծ մասը աշխատանք չունի․ բացի Արտյոմ Գրիգորյանից, զբաղվածություն ունեն եւս 5 թեկնածուներ․ Ծղուկի դպրոցի տնօրեն Աննա Հակոբյանը, որը 10-րդ հորիզոնականում է, 8-րդ համարի ներքո գտնվող «Մանե ՀԷԿ»-ի տնօրեն Արման Հարությունյանը, 17-րդ հորիզոնականում գտնվող Օվսաննա Մանուկյանն աշխատում են Սիսիանի կարի գործարանում, Հացավանի դպրոցի պահակ Ծովինար Հակոբյանն ու Թասիկի դպրոցի ուսուցչուհի Հեղինե Գալստանյանը՝ համապատասխանաբար 20 եւ 30 հորիզոնականներում են։

«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 25 թեկնածուով։ Մեկ թեկնածու ինքնաբացարկ է տվել։ Ցուցակը գլխավորում է 64-ամյա Աշոտ Ավագյանը։ Նրան հաջորդում են անհատ ձեռներեց Կարո Գեւորգյանն ու Հասմիկ Գրիգորյանը։ Երեքն էլ ՀՅԴ անդամներ են։ 7 թեկնածու անկուսակցականներ են։ Դաշնակցությունը սիսիանցիներին խոստանում է անվտանգ ու համերաշխ համայնք։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Լուսանկարները թեկնածուների ֆեյսբուքյան էջերից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930