Լրահոս
Օրվա լրահոսը

Ես սարսափում եմ այս լռությունից ու անմիաբանությունից․

Սեպտեմբեր 22,2022 12:53

44-օրյա պատերազմից հետո Հայաստանն ապրում է երկու զուգահեռ իրականության մեջ՝ պարբերաբար, պատառ-պատառ կորսվող Հայրենիք, ողբացող ու մեծացող Եռաբլուր, միաժամանակ՝ ճոխ հարսանիքներ, ճամփորդություններ, վայելքներ։ Զուգահեռ իրականություն՝ ինչպես ընդամենը վերջերս՝ Սուրմալուի դժոխք, զուգահեռ փողոցում՝ երաժշտությամբ զվարճացող ամբոխ։

Զուգահեռ, ինչպես երեկ՝ մի կողմում Հայաստանի վրա «անբան մարդակերի» լայնամասշտաբ ագրեսիա, արյուն, ավեր, մյուս կողմում ՝ ստեղծագործական միությունների ու գիտակրթական համայնքի տասնյակ հազարավորների շարունակական քար լռություն: (Բացառությամբ հատուկենտ ազգային ու ազգանվեր արվեստագետների):

Այն, որ շուրջ քառորդ դար գողապետական իշխանության ձեռամբ Հայաստանն արդեն մի ոտքով անցել է պետականության կորստի շեմը՝ գիտամշակութային համայնքի լռության կամ իշխանահաճո քծնանքի հետևանքով է նաև: Այդ իսկ պատճառով նրանց ապաշխարության ժամը վաղուց անցել է: Այսօր նրանց պատասխան տալու ժամանակն է՝ իրենց խղճի առաջ:

Ես չեմ սարսափում այսօրվա թուրքական հորդայից, որն «Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան»: Ես սարսափում եմ Հայաստանի Հոգևոր Եկեղեցու, հոգևոր մտավորականության, անմիաբան անհատների ՉԱՐԱԳՈՒՇԱԿ ԼՌՈՒԹՅՈՒՆԻՑ:

…Չի հնչում Ամենայն Հայոց Եկեղեցու տագնապի կոչնազանգը՝ ի լուր համայն քրիստոնեական աշխարհի և առաջադեմ ազգերի՝ բռնելու թուրք ցեղասպանի ձեռքը, որն այսօր կրկին սպառնում է վերջնականորեն բնաջնջել աշխարհի առաջին Քրիստոնեական Պետությունն ու նրա ամենահին քաղաքակրթությունը կրող ժողովրդին:

-Տագնապ հնչեցնելն այլևս ո՞ւշ է:

Ինչո՞ւ չի խոսում Նախագահը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, ում Խոսքին այսօր, ավելի, քան երբևէ, սպասում է Հայ ժողովուրդը:

– Հուսադրող ասելիք չկա՞ այլևս:

Ինչո՞ւ չեն միավորվում տակավին չարատավորված մտավորական անհատներն ու քաղաքական գործիչները:

– Հուսահատվա՞ծ են, ելքը չե՞ն գտնում, այլևս անիմա՞ստ է:

Ես սարսափում եմ այս լռությունից ու անմիաբանությունից:

Անահիտ Քնարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930