Լրահոս
Օրվա լրահոսը

Եռաբլուրը` բոլորի և ապագայի համար

Սեպտեմբեր 22,2022 12:30

Մենք այն վիճակում չենք, որ մեզ սխալվելու շռայլություն թույլ տանք։ Լռելը, ճշմարտության կեսն ասելը, երկակի ստանդարտները, «ամոթի» զոհ դառնալը, կեղծ բարեպաշտությունը մեզ համար զուգահեռ, կեղծ իրականություն են ստեղծելու, որում գտնված լուծումները իրական կյանքում կարող են ողբերգությունների հանգեցնել։ Երեկ ամբողջ օրը Եռաբլուրի առավոտյան կադրերը աչքիս առաջ էին ու թույլ չէին տալիս այլ բանի մասին մտածել։ Այն, ինչ տեղի ունեցավ, կարծում եմ՝ շատ կարևոր է վերլուծել մեզ համար, մեր ապագայի համար։ Դա է պատճառը, որ որոշեցի արտահայտվել մի տեսանկյունից, որի քննադատները գուցե շատ լինեն, բայց չխոսել, նշանակում է ինչ-որ բան կոծկել․ նման զգացողություն ունեի։

Հայկական վիրտուալ տիրույթում հարցը քննվեց միայն դրա բարոյական տեսանկյունից։ Անարդարացիորեն անտեսվեց դրա իրավական ասպեկտը։ Ոստիկանության գործողությունները հարձակում էին Հայաստանում խոսքի, հավաքների ազատությունների և ժողովրդավարության վրա։ Անհնար է գերագնահատել մեր իրականության մեջ ժողովրդավարության տված հնարավորությունները և դրա բացակայության դեպքում կրելիք վնասները։ Այդպիսի ամենաթողությունը պետք է ամենախիստ կերպով պատժվի, եթե մենք ապագայում արդյունավետ գործող պետություն ունենալու նպատակներ ունենք։

Մյուս կողմից, պետք է ամենևին էլ ոչ հռետորական հարց բարձրացնել՝ արդյոք զոհվածի հարազատ լինելը լրացուցիչ իրավունքնե՞ր է տալիս, որ չունեն այդպիսիք չհանդիսացող քաղաքացիները։ Այսինքն՝ եթե Եռաբլուրում մուտքը փակող քաղաքացիների մեծամասնությունը զոհված զինվորների հարազատներ չլինեին, նրանց նկատմամբ ոստիկանության ապօրինի, տմարդի վերաբերմունքը ընդունելի կլինե՞ր, ի տարբերություն զոհվածների հարազատների նկատմամբ կիրառվածի։

Սա պատահական հարց չէ։ Այս հարցի պատասխանից Հայաստանի ապագան է կախված։ Ես ապրել եմ մի շրջանում և իմ աչքով տեսել եմ, որ միայն զոհված ազատամարտիկի հարազատ լինելու բերումով մարդկանց տրվել են տնտեսական լայն հնարավորություններ, ռեսուրսներ, վարչական լծակներ, հովանավորչություն այնքան, որ ամբողջ բնակավայրեր էին այդպիսի մարդկանց կամ խմբերի տեռորի տակ ապրում։ Արդյունքը մենք տեսել ենք․ դա հանգեցրեց անարդյունավետ պետության և խայտառակ պարտության։ Գուցե օբյեկտիվ է, որ մենք պետություն կառուցելու հմտություններ չունեինք, բայց անթույլատրելի է, որ մենք անընդհատ կրկնենք ձախողման հանգեցնող անցյալի սխալները։ Ի վերջո, պետք է յուրաքանչյուրն իր համար հստակեցնի՝ հանուն պետության հռչակած արժեքների և հայրենիքի նկատմամբ սիրո կռվելը ազատ ընտրությո՞ւն է, պարտավորությո՞ւն է, ինչ-որ չար մարդկանց պարտադրա՞նք է, թե՞, գուցե, օրենքի շրջանակներից դուրս լինելու ապագայի ինդուլգենցիա կամ ինչ-որ այլ բան։

Ի՞նչ իմաստ ուներ ստեղծել Եռաբլուրը։ Զուտ գործնական առումից զատ, դա նաև սիմվոլիկ նշանակություն ունի։ Մի ասպեկտից, թերևս դա հարգանքի տուրք էր զոհվածների մարտական եղբայրությանը․ միմյանց թիկունք պահած ու կյանքը մյուսի համար զոհելու պատրաստ տղաների և աղջիկների շիրիմները՝ իրար կողք։ Մյուս ասպեկտից, այն դարձավ մի վայր՝ ի տես ապրողների, թե երբեմն ազատորեն որոշումներ կայացնելու, պետականություն ունենալու համար ինչ թանկ գին է վճարվում։ Այս առումով, հայկական պետականությունը կարևորողների համար այն սրբատեղի է։ Եվ այս առումով Եռաբլուրը բոլորինն է։ Կարծում եմ՝ ինչքան էլ դժվար լինի հարազատների համար, հանգուցյալները դադարել են միայն իրենց զավակը, եղբայրը, ծնողը, քույրը, աղջիկը, լինել, այլ Եռաբլուրը դարձել է բոլորի՛ս վիշտը, երբեմն՝ հպարտությունը, երբեմն՝ ցավը, երբեմն՝ յուրաքանչյուրիս ամոթի ու բարոյականության սահմանը։ Ուզում ես միայն դո՞ւ այցելես զոհված հարազատիդ շիրիմին, այդ դեպքում Եռաբլուրը հուղարկավորության ճիշտ վայր չէ։

Կարծում եմ՝ որևէ մեկին, այդ թվում և առաջին հերթին՝ Հայաստանի կառավարման ղեկը ստանձնածներին չի կարելի արգելել Եռաբլուր մտնել։ Ավելին, Հայաստանի յուրաքանչյուր ղեկավար՝ նախկին, ապագա, իսկ առավել ևս Նիկոլ Փաշինյանը, պետք է հնարավորինս շատ այցելի Եռաբլուր։ Ի տարբերություն նրա վարած քաղաքականության մյուս քննադատների, ես չեմ կարծում, թե նրա գործողություններով էր պայմանավորված 2020-ի պատերազմական փուլի սկիզբը։ Նա նաև ամեն ինչ արել է, որ դրանից հետո պատերազմ չլինի՝ ենթարկվելով դաժան քննադատության և հասարակ մահկանացուների համար անտանելի վիրավորանքների։ Բայց ա՛յ պատերազմի արդյունքները նրա որոշումների, հրամանատարական ու կառավարչական որակների հետևանք են։ Մի բան է աշխատասենյակում նստած երևակայել ճակատագրական որոշումների հետևանքները, լրիվ այլ բան է հնարավորինս հաճախ աչքով տեսնել, մարմնով ու հոգով զգալ այդ հետևանքները։ Եռաբլուրը զգաստացնող խորհուրդ և մինչև վերջ պայքարելու, ոչ մի դեպքում չհանձնվելու պատգամ ունի։

Հավելեմ, որ այս համատեքստում ամենևին էական չեմ համարում հարցի պատասխանը, թե Նիկոլ Փաշինյանը պետք է մնա՞, հեռանա՞, բա՞նտ նստի, թե՞ հրաժարականից հետո ազատ կյանքով ապրի։ Այդ հարցը այս հոդվածում չի քննարկվում ընդհանրապես, քանի որ Փաշինյանը Հայաստանի պատմության, նրա ինչպիսին լինելու առումով ընդամենը փոքր դրվագ է։

Այն, ինչ կտրականապես մերժելի է, Եռաբլուրն ու զոհերի փաստը քաղաքական շահարկումների առարկա դարձնելն է։ Ընդհանրապես, քաղաքականությունը ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին է։ Եվ քաղաքականության մեջ Եռաբլուրի հիշատակումը կարող է լինել միայն ապագայում դրա մեծացումը հնարավորինս թույլ չտալու համատեքստում։ Ցանկացած այլ հիշատակում պոպուլիզմ է և, հետևաբար, մերժելի քաղաքականություն։ Ի՞նչ անուն տալ մահացու մեղքերը իրենց ամենօրյա պրակտիկա դարձրած, բայց եկեղեցի կառուցող կեղծ քրիստոնյա-բարեպաշտներին, որոնք նույնիսկ համազգային վիշտն են դարձնում իրենց «քաղաքականության» բութ գործիքը։ Գուցե մինչև ամենաթանկը՝ կյանքը, զոհաբերելը յուրաքանչյուրին հարցրե՞լ են նրանց քաղաքական նախընտրությունների մասին։

Կամ ի՞նչ անուն տալ քաղաքական գնչուներին, որ զոհերի հարազատների հուզական վիճակն օգտագործելով սպրդում են նրանց շարքերը՝ անձնական ողբերգությունների հետևը թաքնված իրենց կասկածելի քաղաքական նպատակներին հասնելու։ Դա ուղղակի նողկալի է։ Սա վերաբերում է բոլորին՝ թե՛ կառավարող ուժի յուրաքանչյուր ներկայացուցչի, թե՛ դրա ընդդիմադիրներից յուրաքանչյուրին։

Եվ վերջում, մենք առանց չափազանցության կանգնած ենք գոյաբանական մարտահրավերների առաջ։ Դրանց դիմակայելու հարցում մեզ համար հանրային համերաշխությունը կենսական անհրաժեշտություն է։ Նիկոլ Փաշինյանը կոնֆլիկտը չխորացնելու, դրանից խուսափելու հազար ու մի ձև ուներ։ Կարող էր սպասել, մինչև ճանապարհն ազատվեր։ Կարող էր մոտենալ, ծնողներին հանձնել նրանց հարազատների շիրիմների համար նախատեսված ծաղիկները, ներողություն խնդրել ու հեռանալ։ Բաց նա կոնֆլիկտի գնաց, թերևս քաղաքական հաշվարկով, ներքին հակասությունները սրելու, ներսում փորված խրամատները խորացնելու գնով։ Եվ դա մեզ ավելի թուլացրեց։ Խաղաղության ու համերաշխության կոչեր անողը, նվազագույնը՝ ինքը պետք է դրա մարմնացումը դառնա։

 

Սուրեն Սահակյան
հանրային-քաղաքական գործիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930