Լրահոս
Օրվա լրահոսը

«Միևնույն է, ընտանիքիս հետ Ամերիկա եմ մեկնելու». ինչի՞ց են փախչում Վրաստանի բնակիչները. JAMnews

Սեպտեմբեր 22,2022 12:25

Վրաստանից դեպի ԱՄՆ՝ Մեքսիկայի տարածքով

JAMnews-ը պատմում է, թե ինչու են մարդիկ փախչում Վրաստանից, ինչ ճանապարհ են անցնում վրացի ապօրինի միգրանտները, և ինչ են նրանք գտնում իրենց երազանքների Ամերիկայում։

«Աշխատավարձը ցածր է, աշխատանքը շատ է, նեղում են»

36-ամյա Թաթիան (անունը փոխված է հերոսուհու խնդրանքով) Նյու Ջերսիի ընտանիքներից մեկում տարեց կնոջ օգնական է։ Նա ճաշ է պատրաստում, կնոջը զբոսանքի տանում, խանութներ ուղեկցում։ Նա աշխատում է օրական 24 ժամ և վաստակում օրական 180 դոլար։ Թաթիան ամսվա մեջ ընդամենը երկու հանգստյան օր ունի։

Նա մասնագիտությամբ իրավաբան է։ Վրաստանում 11 տարի պետական աշխատանք է կատարել նախարարություններից մեկում։ Վերջին մի քանի տարիներին աշխատանքը ծանրացել է, փոփոխվել են պայմանները.

«Աշխատավարձը ցածր է, շատ ես աշխատում, նեղում են։ Դուք սովորել եք, մագիստրատուրան եք ավարտել, գիտեք ձեր գործը, և հանկարծ կարող են բերել և պաշտոնի բարձրացում տալ մեկին, որը նույնիսկ վրացերեն լավ չգիտի, էլ չեմ խոսում անգլերենի մասին։ Օրինակ՝ իմ պետն աշխատանքի էր վերցրել մատուցողի և նրան ավելի բարձր աշխատավարձ նշանակել, քան ինձ։ Այդպիսի դեպքերը շատ էին»։

«Հունվարի վերջին ես պատահաբար իմացա, որ Ամերիկա կարելի է հասնել Մեքսիկայով։ Ազգականներիցս մեկն էր մեկնել։ Ես էլ սկսեցի մտածել այնտեղ տեղափոխվելու մասին»։

Մեքսիկան, որն ԱՄՆ հետ 3141-կիլոմետրանոց սահման ունի, վերջին ժամանակներս ապօրինի միգրանտների հիմնական հավաքատեղին է։ Նրանք, ովքեր չեն կարողանում օրինական ճանապարհով ԱՄՆ տեղափոխվել, փորձում են դա անել սահմանամերձ մեքսիկական քաղաքներից։ Նրանք գալիս են Մեքսիկայի որևէ սահմանային քաղաք, այնուհետև ամերիկամեքսիկական սահմանին հանձնվում են ԱՄՆ սահմանապահ ոստիկանությանը։

2021 ֆինանսական տարում (որը ներառում է նախորդ տարվա հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թ-ի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածը) ԱՄՆ սահմանապահ ծառայությունն ԱՄՆ և Մեքսիկայի սահմանին ձերբակալել է 1,6 մլն միգրանտի։ Այս ցուցանիշները գրեթե քառակի գերազանցում են նախորդ՝ 2019 ֆինանսական տարվա ցուցանիշը։ 2022 թ-ին ոչ ամբողջական թիվն արդեն կազմել է 1,8 մլն։

Pew Research Center կազմակերպության տվյալներով՝ 2021 թ-ին մեքսիկական սահմանն ապօրինի հատածների շրջանում Մեքսիկայի քաղաքացիները կազմել են ընդամենը 37 տոկոս։ Այս տարի ավելացել է այն երկրների մասնաբաժինը, որոնք պատմականորեն չէին մասնակցում միգրացիոն հոսքերին։

Այդ երկրների թվում են հետխորհրդային երկրները, այդ թվում՝ Վրաստանը։

Մեքսիկական բանտում

Թաթիան Մեքսիկա է ժամանել Մադրիդից։ Սկզբում նա հասել է Մեխիկո, այնուհետև՝ Մեխիկալի։ Սակայն 21 հոգուց բաղկացած նրա խմբից չորս հոգին միանգամից հայտնվել է իմիգրացիոն բանտում.

«Մեր խմբի այդ չորս անդամների համար տոմսեր էլ չկային, նրանք առանձին են մեկնել, և նրանց չվերթը հետաձգվել է։ Մինչ նրանք Մեխիկո են ժամանել, կաշառված սահմանապահներն արդեն փոխվել են։ Չորսն էլ կալանավորել են և տեղափոխվել իմիգրացիոն բանտ։ Այնտեղ պայմանները սարսափելի են՝ կեղտ, սարսափելի սնունդ, խավարասերներ։ Ինչ ունես, վերցնում են, ընտանիքիդ հետ կապվելու հնարավորություն չես ունենում»։

Խմբի անդամներին օգնելու համար Թաթիան կապվել է ուղեկցորդի հետ։ Նրան մեկ շաբաթ է պետք եղել, որպեսզի այդ մարդկանց բանտից դուրս բերի։ Թաթիան չգիտի, թե ինչպես է նրան հաջողվել դա։

Բանտից չորսն էլ տեղափոխվել են մասնավոր տուն՝ Մեքսիկայի ուրիշ քաղաքում։ Թաթիայի ընկերուհին հիշում է, որ տանտերը վտանգավոր տեսք ուներ, կարծես մաֆիայից լիներ։ Նրանց տեղավորել են ոչ թե տանը, այլ բակում մի խրճիթում։

Մեկ շաբաթ անց նրանք փորձել են Տիխուանա (քաղաք Մեքսիկայի հյուսիս-արևմուտքում) մեկնել, բայց կրկին կալանավորվել են.

«Այդ չորս աղջիկներից մեկը բանտ է մտել մազերի բնական գույնով, դուրս եկել սպիտակած։ Դա վերջին փորձն էր, եթե նրանք երրորդ անգամ բանտում հայտնվեին, նրանց միանգամից կարտաքսեին։ Նրանք վախենում էին, իրենց լավ չէին զգում, ուզում էին Վրաստան վերադառնալ։ Բայց, միևնույն է, փորձել են և երրորդ անգամ հաջողվել է, նրանք ժամանել են Կանկուն»։

Թաթիան ասում է, որ, չնայած այդ տառապանքներին, իր ընկերների բախտն, այնուամենայնիվ, բերել է։ Հետո՝ արդեն Ամերիկայում, պատի մոտ նա շատերի հետ է ծանոթացել, որոնք երկու ամսից ավելի մեքսիկական իմիգրացիոն բանտերում են անցկացրել։ Այժմ նրա ծանոթ աղջիկներից մեկը, որը փորձել է Ամերիկա հասնել, արդեն մեկ ու կես ամիս է՝ Մեքսիկայի բանտերից մեկում է։

Օվկիանոսում խորտակվողները

Այն մասին, թե ինչպես Մեքսիկայով Ամերիկա հասնել, արդեն բազմաթիվ լեգենդներ կան։ Սոցցանցերում բազմաթիվ խմբեր կան, որտեղ մարդիկ իրենց պատմություններով են կիսվում։ Նրանք հարցնում են, թե ինչպես Ամերիկա հասնել, որքանով է հուսալի այս կամ այն ուղեկցորդը։

Մեկը գրում է, որ իր ազգականը բանտում է, և շաբաթներով հնարավոր չէ նրա հետ կապվել։ Հարցնում են, թե ինչպես է հաջողվել տեղափոխվել հղի կնոջ և փոքր երեխաների հետ։

Շատերը գրում են, որ ուղեկցորդներն իրականում ստում են և ոչ մի բանի համար են փող վերցնում ապօրինի միգրանտներից, որ այդ ճանապարհը կարելի է առանց նրանց էլ անցնել։ Շատերը գրում են, որ ուղեկցորդն իրենց խաբել է։

Այս պատմությունը JAMnews-ին հարցազրույց տված 36-ամյա Մամուկա Թադիաշվիլիի մասին է, որը փորձել է ուրիշ ճանապարհով Ամերիկա հասնել։

Մամուկան 15 տարեկանից սովորել է կադետների կորպուսում։ Հետո ծառայել է բանակում։ Մասնակցել է նաև 2008 թ-ի օգոստոսյան պատերազմին։ 2010 թ-ին նրան հեռացրել են բանակից՝ ավտովթարի պատճառով։ Այն ժամանակ Մամուկայի ընտանիքն աղքատության մեջ է եղել, մեծ վարկերի տակ է եղել։ Բնակարանն ու այն ամենն, ինչ հնարավոր է եղել վաճառել, վաճառել են։ Մամուկան Թուրքիա է մեկնել աշխատելու, սակայն արդյունքում՝ իրավիճակը սկսել է այնտեղ էլ վատթարանալ։

Իսկ 2021 թ-ի ապրիլին նա Վրաստան է վերադարձել. «Բայց այստեղ իրավիճակն էլ ավելի վատ էր. աշխատավարձերը 300-500 լարի էին [մոտ $100-175]։ Ես հասկացա, որ այստեղ անելիք չունեմ»։

Այդ ընթացքում նա ամուսնացել է, ծախսերն ավելացել են։ Մամուկան նույնպես սկսել է մտածել Ամերիկա տեղափոխվելու մասին։ Ընտանիքի անդամների օգնությամբ վարկ է վերցրել, մինչև 13 հազար դոլար հավաքել և սկսել ուղեկցորդ փնտրել։

Մամուկան լեհական վիզա է ստացել և մեկնել Բարսելոն։ Մեքսիկա չվերթը մեկ շաբաթից է եղել։ Ուղեկցորդը զգուշացրել է, թե ինչ հագնել, որ տերմինալ գնալ։ Բայց նա որոշել է ուրիշ չվերթի տոմս գնել. «Ես անընդհատ լսում էի, որ ուղեկցորդներն իրականում ոչինչ չեն անում։ Եվ որոշեցի ինքնուրույն մեկնել։ Միայն մի տոմսի փող էի կորցնում, ուրիշ ոչինչ, և, եթե բախտս բերեր, ստիպված չէի լինի ուղեկցորդին 8 հազար դոլար վճարել։ Հաջորդ օրը ԲարսելոնԼիսաբոնԿանկուն տոմս գնեցի և մեկնեցի»։

Կանկունի օդանավակայանում Մամուկային ակնոցով մի տղամարդ է մոտեցել և նրան տարել գրանցման կետ։ Մամուկան տեսել է, թե ինչպես է սահմանապահը փնտրում նրա անձնագրային տվյալներն ու լուսանկարը WhatsApp-ի հաղորդագրություններում։ Նա հասկացել է, որ բռնվել է։ Մամուկային հարցաքննության են տարել, կալանավորել են և հաջորդ օրն Իսպանիա են վերադարձրել։

«Իմիգրացիոն բանտում, որտեղ մի քանի ժամ եմ անցկացրել, պայմաններն այնպիսին էին, որ ևս մեկ անգամ չէի դիմանա դրան։ Ստիպված էի ուրիշ ճանապարհ փնտրել։ Հիշեցի, որ ԱՄՆ կարելի է հասնել Բահամյան կղզիներով։ Ես այնտեղ եղել էի 2015 թին և գիտեի դա։ Սկսեցի նոր ուղեկցորդ փնտրել Բահամներում» (Բահամները կղզային անգլախոս երկիր է Ատլանտյան օվկիանոսում։ Բահամները տեղակայված են ամերիկյան Ֆլորիդա նահանգից դեպի հարավ-արևելք)։

Հունվարի վերջին օրերին էին։ Նոր ուղեկցորդը Մամուկայից 7 հազար դոլար է պահանջել և խոստացել Բահամյան կղզիներից ԱՄՆ տեղափոխել փետրվարի 1-ին։ Մամուկան Աբակո (Բահամյան կղզիների շրջան) է ժամանել և հանդիպել ուղեկցորդին։

Ուղեկցորդը սկզբից Մամուկային հյուրանոցում է տեղավորել, հետո ինչ-որ տուն տեղափոխել, որտեղ ևս 30 մարդ է եղել։ Այնտեղ Մամուկան աստիճանաբար հայտնաբերել է, որ այդ մարդիկ ամիսներով սպասում են մեկնմանը։ Նա հասկացել է, որ մի բան այն չէ, բայց հետդարձի ճանապարհ չի եղել։

Ամեն օր ուղեկցորդը ճշմարտանման պատճառ էր հորինում, թե ինչու հնարավոր չէ մեկնել հենց այդ օրը։ Ցույց էր տալիս, թե ինչպես է հսկողություն իրականացնում իմիգրացիոն ծառայությունը, ասում էր, որ նախօրեին մոտորանավակներ են կալանավորել թմրանյութերի տեղափոխման համար, հսկողությունն են ուժեղացրել և այլն։

9-րդ օրը խմբին տնից դուրս են բերել և տարել ինչ-որ փլատակներ։ Այդտեղից նրանք պետք է նավակով Ամերիկա տեղափոխվեին։ Հենց գիշերը նավակը հայտնվել է ափի մոտ, ուղեկցորդը Մամուկայից վերցրել է փողի առաջին կեսը։ Խմբի անդամներին բաճկոններ են հագցրել և նավակ նստեցրել։ Դրանից հետո ուղեկցորդը պահանջել է փողի երկրորդ մասը։ Մամուկան, համոզված լինելով, որ երկու ժամից Ամերիկայում է լինելու, այդ գումարն էլ է վճարել։ Մոտորանավակը շարժվել է։

«Հենց օվկիանոս դուրս եկանք, վարորդը սկսեց խմել։ Մի քանի ժամ նա նավակը վարում էր ափի երկայնքով՝ այդ ընթացքում հարբելով։ Կանայք հիստերիայի մեջ էին։ Ես հասկացա, որ մեզ խաբել են։ Նա գիշերվա կեսին մեզ ինչոր տեղ տարավ և իջեցրեց։ Ասաց, որ Ամերիկայում ենք։ Այդ ընթացքում ես քարտեզը մի լավ ուսումնասիրել էի, և այդ վայրը նման չէր Ամերիկային»։

Այդպես էլ եղել է։ Խմբին խաբել են և հետ տարել Աբակո՝ մի քանի ժամ օվկիանոսում ման տալուց հետո։

Այդպես խմբին խաբել են երեք ամիս։ Մամուկայի փողերը վերջացել են, և գնալու տեղ չի եղել։ Այդ ընթացքում նա քիչ-քիչ ուսումնասիրել է տեղանքը։ Արդյունքում՝ նա որոշել է նավակ գնել և ինքնուրույն մեկնել։ Այդ ընթացքում նրա հղի կինն ու կնոջ զարմիկի ընտանիքը (երկու մանկահասակ երեխաներ ունեցող զույգը) նույնպես որոշել են այդ ճանապարհով Ամերիկա տեղափոխվել։

Նրանք բոլորը Մամուկայի մոտ են եկել, 13 հազար դոլարով նավակ, նավիգացիա, սարքավորումներ և 2 հազար դոլարի բենզին գնել, այնուհետև գիշերը դուրս են եկել օվկիանոս։ Մոտորանավակը վարել է Մամուկայի ազգականը։ Սակայն նա երթուղով չի շարժվել, որը Մամուկան գծել էր իր քարտեզի վրա, այդ պատճառով էլ երթուղին չորս ժամվա փոխարեն պետք է 8 ժամ տևեր։

Այդ ընթացքում մոտորանավակի ռադիատորի ջուրը սկսել է եռալ, ալիքներն ուժեղացել են, շոգն ու աղի ջուրն անտանելի են դարձել։ Հանկարծ օվկիանոսի մեջտեղում մոտորանավակը կանգնել է, շարժիչը չի դիմացել։ Այդ ընթացքում ալիքներն ուժեղացել են, նավակը սկսվել է ջրով լցվել, տղամարդիկ չեն հասցրել ջուրը դատարկել, կանայք և երեխաները խուճապի են մատնվել։ Անսպասելիորեն ալիքը հարվածել է, և նավակը շրջվել է։ Մոտորանավակը խորտակվել է։

Մամուկայից բացի բոլորը բաճկոններով են եղել։ Մամուկան ասում է, որ չի հիշում, թե որքան ժամանակ է ձեռքերը թափահարել և ինչպես է հայտնվել նավաքթի մոտ, որը ջրի տակ էր մնացել.

«Այդպիսի պահերին րոպեն դար է թվում։ Մտածում էի, թե ամեն ինչ ավարտվել է։ Հանկարծ ինչոր տեղից կարմիր նավակ է մոտեցել և մեզ բոլորիս փրկել, ծածկոցներով փաթաթել։ Մենք էլ ոչինչ չունեինք, միայն այն հագուստն էր, որը մեր հագին էր, և անձնագրերը, որոնք կնոջս ազգականի մոտ էին տոպրակի մեջ»։

Մոտորանավակն ամերիկյան է եղել։ Մամուկան ստել է, թե ուկրաինացիներ են և խնդրել է իրենց Ամերիկա տանել։ Բայց սուտը չի օգնել։ Բահամներում նրանց արդեն սպասում էր իմիգրացիոն ծառայությունը։ Նրանք բոլորն էլ կալանավորվել են և տեղափոխվել իմիգրացիոն բանտ։

Երկու շաբաթ անց Մամուկայի ազգական երիտասարդ ընտանիքը փող է հավաքել, որն անհրաժեշտ էր հետադարձ տոմսերի համար՝ շուրջ 8 հազար դոլար, և վերադարձել Վրաստան։

Մամուկային և նրա կնոջը պետք էր 3 500 դոլար։ Մեկ շաբաթ էլ է անցել, մինչև որ ստացվել է հավաքել այդ գումարը։ Մամուկան ու նրա կինն այդ ժամանակ իմիգրացիոն բանտում են եղել։

«Ինձ ու կնոջս մի «ցանց» էր բաժանում։ Պայմանները վտանգավոր էին։ Մենք նստում էինք այդ ցանկապատի մոտ գիշերներ շարունակ և խոսում էինք, որպեսզի նա չվախենա»։

Թռիչքի օրը Մամուկային ու նրա հղի կնոջն իմիգրացիոն ծառայությունն օդանավակայան է տեղափոխել։ Առաջին հայացքից ամեն ինչ լավ էր, բայց զույգին չեն թողել օդանավ նստել։

Ոստիկաններն ուսերն են թոթվել։ Մամուկան ու կինը բանտ են վերադարձել։ Տոմսերը չեղարկվել են։

«Մինչև այս պատմության մասին հյուպատոսության իմանալը ես ստիպված էի սկզբից տոմսի փող գտնել։ Վրաստանում էլ մարդ չէր մնացել, որ կարողանայի գոնե մի դոլար խնդրել։ Նախ՝ վճարեցի կնոջս տոմսի փողը, և այդ անգամ նա արդեն մեկնեց»։

Մամուկան Բահամների բանտում ավելի քան մեկ ամիս է անցկացրել։ Ի վերջո՝ նրա ընկերը մեքենան գրավադրել է և Մամուկային տոմսի փող ուղարկել։

Մամուկան, որը Վրաստանը լքել էր հունվարի վերջին, վերադարձել է ապրիլի 17-ին՝ միակ շորտով, վերնաշապիկով, որը բանտում կուբացի բանտակիցն էր նվիրել, և մինչև 30 հազար դոլար պարտքով։

Այժմ Մամուկան Իսրայելում է։ Նա երեք տեղ է աշխատում օրական 22 ժամ և վաստակում է օրական 270 դոլար։ Նա ապրում է իր աշխատավայրերից մեկում, որպեսզի բնակարանի վարձի գումարը խնայի։

Նրա դուստր Սոֆյան ծնվել է Վրաստանում։ Բահամներից հետո Մամուկայի կինն անընդհատ մղձավանջներ էր տեսնում, չէր կարողանում քնել, գիշերը զարթնում էր, պայքարում խուճապային գրոհների դեմ։ Բուժզննման տվյալներով՝ երեխայի հետ ամեն ինչ կարգին է։ Մամուկան հույս ունի, որ այդ սարսափելի պատմությունը չի ազդի փոքրիկ Սոֆյայի վրա։

Մամուկան պլանավորում է Իսրայելում մնալ մի քանի տարի։ Նրա վերջնանպատակն Ամերիկան է.

«Ի տարբերություն Եվրոպայի՝ այնտեղ ավելի լավ են վճարում, քեզ ավելի լավ ես զգում։ Շանս ունես փաստաթղթերդ ստանալու և սևագործ բանվոր չլինելու մնացած ամբողջ կյանքիդ ընթացքում։ Այդ պատճառով էլ

«Մի օր, այլ ճանապարհով, ավելի լավ պատրաստված՝ միևնույն է, ընտանիքիս հետ Ամերիկա եմ մեկնելու», – ասում է Մամուկան՝ պատրաստվելով հիվանդանոց գնալ, որտեղ հավաքարար է աշխատում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930