Կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի «Սուրմալու» («Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ) առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից տուժած անձանց ընտանիքներին։ Այս մասին որոշման նախագիծը գործադիրը հաստատեց կառավարության այսօրվա նիստում։
Ըստ նախագծի՝ առաջարկվում է սոցիալական աջակցությունը տրամադրել
1.վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց՝ հիվանդանոցային պայմաններում մինչեւ երեք օր բուժման մեջ գտնված անձանց՝ 150 հազար դրամի չափով,
2.հիվանդանոցային պայմաններում երեք եւ ավելի օր բուժման մեջ գտնված անձանց՝ 300 հազար դրամի չափով,
Կարդացեք նաև
3.զոհված անձանց (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին՝ յուրաքանչյուր զոհվածի համար՝ 3 մլն դրամի չափով:
Ըստ նախնական կանխատեսման և նախարարությունում առկա տեղեկատվության՝ միջոցառման պոտենցիալ շահառուներ կլինեն վիրավորում ստացած անձինք` 24, զոհված 17 անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ 1 անձ) ընտանիքներ`ընդհանուր 41 շահառու:
Ծրագրի իրականացման համար, ինչպես գրված է նախագծում, պետական բյուջեից կհատկացվի 55 մլն դրամ:
Անդրադառնալով երեկ ուժգին քամու հետեւանքով «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած փլուզմանն՝ ԱԻՆ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանն ասաց՝ առեւտրի կենտրոնի եռահարկ կիսափլուզված շենքի աջակողմյան պատն է փլուզվել, որի հետեւանքով պատի անմիջապես հարեւանությամբ տեղակայված երկու տրանսպորտային միջոցներ փլատակների տակ են հայտնվել, քաղաքացիներ չեն եղել, տուժել են երեք քաղաքացիներ, ստացել են սալջարդ եւ քերծվածք, որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, այժմ տարածքը սահմանազատված է եւ իրականացվում են մաքրման աշխատանքներ։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն առաջարկեց քաղաքապետը քանդման շատ արագ թույլտվություն տա, որպեսզի տարածքը մաքրվի սեփականատիրոջ միջոցներով կամ քաղաքապետարանը նախաձեռնի, հետո սեփականատիրոջից գումարը փոխհատուցվի։
Նիստը վարող փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էլ հավելեց․ «Ըստ իմ ունեցած տեղեկության, քաղաքապետարանը սեփականատիրոջ հետ աշխատանքներ է տանում։ Կարծում եմ՝ առաջիկայում փլուզման այլ դեպքեր չենք արձանագրի եւ տարածքը կմաքրվի»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ