Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր Փաշինյանը մեկ անգամ չէ, որ իշխանությանը քննադատում էր միահեծանության եւ ՀՀ-ն ոստիկանապետության վերածելու համար: Այժմ, կարծես թե, նա մտադրվել է շարունակել այն գործը, որին մի ժամանակ դեմ էր. Գևորգ Բրուտենց. «Հայացք Երեւանից»

Սեպտեմբեր 22,2022 11:55

Մի քանի օր առաջ երեք երիտասարդ Ազատության հրապարակից բերման էին ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին: Երեքն էլ՝ իրենց հանդեպ անհամաչափ ուժ կիրառելու պատճառով, մարմնական տարբեր վնասվածքներով էին, տղաներից մեկի վերնաշապիկը պատռոտված էր, մյուսը, որ 44-օրյա պատերազմից ողնաշարի խնդիր էր հետը բերել, ուժեղ հարվածներից չէր կարողանում ուղղել մեջքը: Ո՞րն էր բերման ենթարկվածների մեղքը, ինչո՞ւ ոստիկանները դիմեցին բիրտ ուժի: Ականատեսների պատմելով՝ երիտասարդները հասարակական կարգ չէին խախտել եւ չէին ընդդիմացել կամ վիրավորել օրենքի պահապաններին:

Ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ ՀՀԿ-ական իշխանությանը սուր քննադատության էր ենթարկում միահեծանության եւ ՀՀ-ն ոստիկանապետության վերածելու համար: Իհարկե՝ քննադատությունն անհիմն չէր, Ազատիչն իր իշխանավարման օրոք ուզում էր ավագ դպրոցներում ոստիկաններ կարգել, ինչի մասին դեռ 2014թ. մարտին հայտարարել էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ անշուշտ ոչ առանց Բաղրամյան 26-ի «դաբրոյի»: Դպրոցներում ոստիկանների հայտնվելը նպատակ ուներ ընդլայնել ուժային կառույցների վերահսկողությունը բոլոր ոլորտների վրա։ Սա ոստիկանական պետություն կառուցելու քայլ էր, որը ինձ անհայտ պատճառներով մնաց կիսավարտ։

Այժմ, կարծես թե, Փաշինյանը պինդ մտադրվել է շարունակել այն գործը, որին մի ժամանակ դեմ էր:

Հայաստանն այսօր ոստիկանական պետություն դառնալու ճանապարհին է: Որո՞նք են դրա նախանշանները: Փաստերը բազմաթիվ են, բայց կանդրադառնանք դրանցից մի քանիսին՝ սկսելով ամենասկզբից՝ 2018-ի ապրիլի կեսերից: Շատերը, հավանաբար, նկատած կլինեն ՔՊ առաջնորդի նկատմամբ ոստիկանության չափից դուրս հանդուրժողական պահվածքը, երբ վերջինս մի դեպքում էլեկտրասյունից պոկում է տեսանկարահանող սարքը, մյուս դեպքում կազմակերպում ռադիոտան մուտքի դռան ջարդումն ու ներխուժումը շենքից ներս, ինչը քրեորեն պատժելի արարք է, երրորդ դեպքում արգելափակում, կաթվածահար է անում Երեւանի ամենաբանուկ փողոցների տրանսպորտային երթեւեկը եւ միշտ մնում անպատիժ:

Ըստ 2018թ. ապրիլի 16-ի թվակիր մի տեսանյութի, փշալարերի առջեւ կանգնած Փաշինյանը ոստիկաններին աշխատավարձի բարձրացում է խոստանում: Թերեւս սա այն սակավաթիվ խոստումներից է, որ վարչապետությունը ստանձնելուց ամիսներ անց նա ի կատար ածեց՝ ոստիկանների աշխատավարձը բարձրացնելով միջինը 20%-ով: Եվ, բացի դրանից, նրա նախաձեռնությամբ առաջիններից մեկը հենց ուժային կառույցներում ներդրվեց գրեթե ամենամսյա պարգեւավճարների դուրսգրման արատավոր պրակտիկան, որը, փաստորեն, օրինականացված կաշառատվություն է իշխանությանը եւ անձամբ Նիկոլ Փաշինյանին հավատարմորեն ծառայելու համար:

Կառավարական ամառանոցից ոչ հեռու, ԵԽ երեւանյան գրասենյակի դիմաց տեղի ունեցած անագորույն այդ միջադեպը, թերեւս, Հայաստանը ոստիկանական պետություն դարձնելու ամենախոսուն վկայություններից էր, որտեղ համակարգը փայլեց իր ողջ պերճանքով ու թշվառությամբ: Քաղաքացիների դեմ կիրառվեցին հատուկ միջոցներ՝ ծխանռնակներ եւ լուսաձայնային նռնակներ. հավանաբար քիչ համարվեց սեւ եւ կարմիր բերետավորների տված աննախադեպ ծեծուջարդը: Մի քանի տասնյակ տուժածներ՝ այդ թվում ոստիկան, շտապօգնության մեքենաներով տեղափոխվեցին հիվանդանոց: Բերման ենթարկվածների թվաքանակը եռանիշ թվերով էր հաշվվում:

Հունիսի 3-ի դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, նախաքննություն էր կատարվում, որի արդյունքը եւս ոստիկանապետությանը բնորոշ կանոնների շրջանակում է: Այսինքն՝ մեղավորը «վերեւից» նշանակովի է: Կարծեմ՝ Մուսոլինի սկզբունքներից է. «Յուրայիններին ամեն ինչ թույլատրվում է, իսկ հակառակորդների համար կան օրենքներ»։ Հայաստանում այս սկզբունքը միշտ հարգի է եղել, բայց վերջին շրջանում ամենաարդիականն է դարձել: Չէ՞ որ մեզ ազգովի տանում են դեպի ոստիկանապետություն:

Գևորգ ԲՐՈՒՏԵՆՑ
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ACNIS reView Հայացք Երեւանից կայքէջի acnis.am 2022թ.-ի 32-րդ համարից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Շնորհակալ եմ իմ համեստ վերլուծականը բավական հաջող հանրային ուշադրության արժանացնելու համար:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930