Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

10 հազար մարդ կա «Եռաբլուրում», 10 հազար մարդու մեջ ինչ-որ 30-ը հավաքվում են, ուղղորդված ձեւով գալիս ու փորձում են ցույց տալ, որ իրենց ցավն ամենամե՞ծն է. Հակոբ Ասլանյան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 22,2022 11:16

Հարցազրույց ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ

Պարոն Ասլանյան, ի՞նչ զգացողություններ ունեցաք, որ հարյուրավոր ոստիկաններ «Եռաբլուրում» քարշ տալով, բիրտ ուժ կիրառելով` հեռացրին 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներին, որպեսզի դուք՝ ՔՊ-ականներդ ու վարչապետ Փաշինյանը, մտնեք Եռաբլուր եւ Անկախության օրվա առիթով հարգանքի տուրք մատուցեք զոհերին։

– Այսինքն՝ դա ի՞նչ հարց է, Եռաբլուրը մեր բոլորինս չէ՞։

Նախեւառաջ նրանցն է, ում զավակները, եղբայրները, ամուսիններն իրենց կյանքն են տվել հայրենիքին։

– Ոչ։ Անկախ նրանից՝ դու այնտեղ զավակ ունես, թե չունես, Եռաբլուրը մեր ժողովրդինն է, դա ինչ-որ մեկինը չէ, որ ասի` դու այստեղ պիտի չմտնես։ Պետական բարձր պաշտոնյային, երկրի ղեկավարին ոչ ոք իրավունք չունի նման բան ասելու։

Իսկ երկրի ղեկավարն իրավունք ունի՞ նման բարբարոս վերաբերմունքի արժանացնել զոհվածների ծնողներին։

– Դուք երեւի լավ չեք հասկանում։ Ես ասում եմ, որ Եռաբլուրը բոլորինս է, ես էլ գնում էի հորաքրոջս որդու՝ Ավետիսյան Գագիկի շիրիմին ծաղիկներ խոնարհեի, որն անհետ կորել է 92 թվականին։ Եվ ի՞նչ, ո՞վ կարող էր ինձ չթողնել։ Ես էլ այնտեղ հարազատներ ունեմ հուղարկավորված, բայց երբ մտնում եմ Եռաբլուր, անհայտ զինվորի գերեզմանին եմ նախ ծաղիկներ խոնարհում, հետո նոր գնում իմ զինվորների մոտ, որոնց կորցրել եմ արցախյան կռիվների ժամանակ։ Այնպես որ, դա բոլորինս է։ Ովքեր մտածում են, որ կարող են որեւէ մեկին արգելել՝ մտնել Եռաբլուր, դա առնվազն անբարոյականություն է։ Ես մի մոտեցում ունեմ՝ ուժգին ցավը ճղճղան չի լինում, ես խոնարհվում եմ նրանց առջեւ, ովքեր կորուստներ ունեն, բայց, վերջիվերջո, հասկացեք՝ մենք պետականություն ունենք եւ պետք է պատրաստ լինենք․․․ Մի՛ օգտագործեք ձեր երեխաներին, նրանք մեր հայրենիքի զինվորներն էին, նրանք երեխա չէին։ Երբ զինվորը կանգնում է հայրենիքի պաշտպանությանը, նա գիտի, որ ամեն րոպե կարող է կյանքը տալ հայրենիքին։

Զոհվածների ծնողներն ուղղորդվել են ինչ-որ մարդկա՞նց կողմից։

– Այո, կանանց մեծ մասը, իմ կարծիքով, ուղղորդված էր, մենք տեսել ենք նաեւ ուղղորդողներին։ Չի կարելի նրանց ձեռքին խաղալիք դառնալ, մենք  այսօր պատերազմի մեջ ենք, անկախ նրանից՝ հրադադար է, թե ոչ, մենք պատերազմի մեջ ենք։ Իսկ պատերազմի մեջ գտնվող երկրում հարկավոր է, որ բոլորը՝ անկախ իրենց կորուստներից, հասկանան, որ մենք պետք է միակամ լինենք։ Մեր ընտանիքն անցել է բոլոր պատերազմներով, երկու զոհ, մեկ անհայտ կորած ունի, բայց մենք ինչո՞ւ չենք ելնում կամ՝ այն ժամանակ էլ չենք ելել, Սերժին, Ռոբերտին ինչ-որ բաներ ասել: Պետք է եղել՝ հայրենիքի համար ենք դուրս եկել։

Ասացիք, որ տեսել եք նաեւ ուղղորդողներինովքե՞ր են ուղղորդել։

– Ես տեսել եմ կադրերով, թե ոնց են կանանց ուղղորդում, նրանց թվում են նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավորներից։

Անկախության համար կյանքը տված տղաների ծնողներին ողջերը բռնությա՞ն են ենթարկում, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն նրանց զավակներին։ Նորմա՞լ է սա։

– Շատ կներեք, երկրի համար կյանքը տվածները 30-ն ե՞ն, թե՞․․․ 6.5 հազար առաջին կռվին ենք տվել, 4 հազար էլ՝ հիմա։ 10 հազար մարդ կա այնտեղ, 10 հազար մարդու մեջ ինչ-որ 30-ը հավաքվում են, ուղղորդված ձեւով գալիս ու փորձում են ցույց տալ, որ իրենց ցավն ամենամե՞ծն է։ Եթե մարդը դրել՝ իր զավակին հայրենիքից ավելին է գնահատում ու չի հասկանում, որ իր զավակը հայրենիքի համար է տվել կյանքը, ուրեմն ես նրա հետ խոսելու բան չունեմ։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930