Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Մենք օրակարգ չենք թելադրում, մեզ են թելադրում: Իշխանություններն առաջնորդվում են պատերազմի օրակարգով, բայց պատերազմ ոչ թե թշնամու,  այլ հայ ժողովրդի դեմ. Արմեն Մանվելյան. «Փաստ»

Սեպտեմբեր 22,2022 10:58

Մի քաղաքագիտական սկզբունք կա. ասում են՝ պատերազմը տվյալ պետության քաղաքականության արդյունքն է կամ քաղաքականության շարունակությունը: Թե՛ 2020 թվականի 44-օրյա, թե՛ վերջին եռօրյա պատերազմը Երևանում նստած իշխանության քաղաքականության տրամաբանական շարունակությունն էին: Այս հարձակումները, պատերազմներն իրենք են բերում՝ իրենց տհաս քաղաքականությամբ, հիմարություններ անելու շարունակականությամբ: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանն՝ անդրադառնալով թշնամու վերջին հարձակմանը, դրանից բխող խնդիրներին ու հետևանքներին:

«Այս իշխանությունները չեն հասկանում արդի միջազգային հարաբերությունները, չեն հասկանում, թե անվտանգային համակարգն ինչպես է կառուցված, ինչպես է աշխատում: Նրանք զբաղված են ընդամենը իրենց իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքով, ինչը ամեն անգամ սխալների է հանգեցնում: Այդ սխալները, սակայն, մեզ վրա սարսափելի թանկ են նստում՝ հարյուրավոր նոր զոհեր, նոր, մեղմ ասած, խնդիրներ: Ադրբեջանական կողմն այս անգամ հասավ նրան, որ ամբողջ հարավից սկսած մինչև Վարդենիս իր դիրքերն առաջ է տարել: 1կմ-ից մինչև 4 կիլոմետր ավելի են խորացել ՀՀ տարածքի մեջ ու հիմա ամրանում են այդ դիրքերում, և իրենց հետ շպրտելու ոչ մի գործողություն չի արվում: Սկզբունքորեն ադրբեջանական կողմն իր նպատակին հասավ. հետ մղեցին այդ դիրքերից հայկական զորքերին, հերթական անգամ վնաս հասցրին, հերթական անգամ, ցավոք սրտի, մեծ թվով զոհեր, վիրավորներ ու գերիներ ունենք»,-ասաց մեր զրուցակիցը:

Արմեն Մանվելյանի խոսքով, անգամ այսքանից հետո իշխանությունները շարունակում են նույն վարքագիծը դրսևորել: «Էլի ներխուժել են ՀՀ տարածք, բայց այսքանից հետո հայկական կողմը կրկին ինչ-որ հիմար օրակարգերից է խոսում՝ անունը դնելով «խաղաղության օրակարգ», ինչն իրականում պատերազմի օրակարգ է: Այսօրվա իշխանություններն առաջնորդվում են պատերազմի օրակարգով, բայց պատերազմ ոչ թե թշնամու դեմ, այլ հայ ժողովրդի նկատմամբ: Այսօրվա իշխանության խնդիրն ամեն գնով իշխանության մնալն է: Իսկ իշխանությունը պահել է պետք. օրինակ՝ զոհվածների ծնողների վրա հարձակվելն իրենց համար ավելի հեշտ է, քան ադրբեջանցիների վրա»,-հավելեց նա:

Արմեն Մանվելյանի կարծիքով, 2020 թվականից հետո Հայաստանն իր ինքնիշխանությունը կորցրած պետական միավոր է: «Դե յուրե կա, բայց դե ֆակտո պետությունը, որպես տարածաշրջանային խաղացող, գոյություն չունի: Մենք օրակարգ չենք թելադրում, մեզ են թելադրում: Անգամ մեր անվտանգության հետ կապված խնդիրները քննարկվում են այլ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ՝ առանց Հայաստանի: Մի բան, որը բառացիորեն 4 կամ 10 տարի առաջ հնարավոր չէր: Հիմա, սակայն, հնարավոր է, ինչը նշանակում է, որ այսօրվա իշխանությունների «շնորհիվ» պետությունը կորցրել է իր ինքնավարությունը, ինքնիշխանությունը: Եվ ինքնիշխանության կորստի պայմաններում, երբ սրան կամ նրան են սիրաշահում, մե՛կ Արևմուտք, մե՛կ Ռուսաստան են թեքվում, հիմքում բացարձակապես Հայաստանի անվտանգությունը չէ: Դա իրենց իշխանության կյանքը մեկ օր, երկու ամիս կամ մեկ տարի ևս երկարացնելու տրամաբանության մեջ է: ՀՀ շահերը վաղուց արդեն մի կողմ են դրված, այդ տրամաբանության հիմքում բացառապես ՔՊ-ի ու նրա քաղաքական կլանի շահերն են, իրենք միայն դրան են հետամուտ»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930