Այս տարի սեպտեմբերի 21-ին շքեղ կամ նույնիսկ տոնական համերգ անցկացնելը պատեհ չէր լինի: Հատկապես՝ վերջին երկու տարում պարծենալու կամ տոնելու առիթ բացարձակապես չունենք: Այդ առումով՝ կառավարությունը ճիշտ էր վարվել՝ որեւէ միջոցառում չկազմակերպելով: Կարելի էր սահմանափակվել վարչապետի ուղերձով: Ճիշտ է, եթե ես գրեի այդ տեքստը, ապա ինչ-որ ձեւով անպայման կհիշատակեի նաեւ Արցախը, որը, հիշեցնեմ, ընդամենը երկու տարի առաջ «Հայաստան էր եւ վերջ»: Բայց այսօր, ինչպես նշել էի նախորդ սյունակում, դա Հայաստանի իշխանությունների առաջնահերթությունների մեջ չի մտնում:
Եռաբլուր գնալը անկախության տոնի պարտադիր միջոցառումների շարքում չէ: Ինչո՞ւ էր այնուամենայնիվ, վարչապետը որոշել գնալ՝ իմանալով, որ այնտեղ կարող է հանդիպել որդեկորույս մայրերին: Ինձ թվում է հոգեբանական բացատրությունը միանգամայն պարզ է՝ խնդիրը տղայական ինքնահաստատման ձգտումն է՝ ապացուցել, որ ուժ ունի, կարող է իշխել, ջարդել, ցավ պատճառել: Հենց դրանով է, կարծում եմ, բացատրվում, կարմիր բերետավորների վայրագ բռնությունը որդեկորույս ծնողների հանդեպ: Չնայած՝ նույնիսկ Փաշինյանի գնալու պարագայում կարելի էր խուսափել բռնություններից, եթե ցանկություն լիներ: Բայց այդ դեպքում ուժի ցուցադրությունը կատարյալ չէր ստացվի:
Հետաքրքիր են իշխանության կողմնակիցների՝ ոստիկանության բիրտ գործողություններն արդարացնելու փաստարկները: Հիշեցնեմ, որ այդ քարոզիչները ներկայանում են որպես արեւմտյան արժեքների, ժողովրդավարության, խոսքի եւ հավաքների ազատության կողմնակիցներ: Եվ ահա, ըստ նրանց, որդեկորույս ծնողներին պետք էր ծեծել, որովհետեւ նրանք «քոչարյանականներ» էին: Նախ՝ այդ պնդումը կասկածելի է:
Եթե վարչապետը փաստացի ասել է, որ պատերազմից չի խուսափել այն պատճառով, որ չէր ցանկանում իր հասցեին լսել դավաճանության մեղադրանքներ, իսկ մեկ այլ առիթով կրկնել է նույն միտքը, ասելով, որ չպատերազմելու դեպքում կունենայինք նույն արդյունքը, բայց՝ առանց զոհերի, ապա դա, կարծում եմ, բավարար հիմք է ծնողների համապատասխան զգացմունքների համար՝ նրա հանդեպ: Բայց, ենթադրենք, Եռաբլուրում հավաքված բոլոր ցուցարարները Քոչարյանի կողմնակիցներ էին: Արդյոք դա արդարացնո՞ւմ է մարդկանց վրա դաժան հարձակումը:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Չեմ գիտեր, ես կ’ըսեմ ոչ, դուք ի՞նչ կ’ըսէք։
Հռետորական հարցադրումներու համար ամէնէ վատ ժամանակաշրջանն է հիմա։
Մի հատ մեծ ազգային քաղաքական շաբաթօրյակ է պետք անցկացնել եւ նրանք, ովքեր ազատվել են ներքին կապանքներից’ դուրս են եկել մամայի բալիկի կարգավիճակից եւ ի վիճակի են ինքնուրույն որոշում կայացնելու եւ ինքնուրույն գործելու, պետք է անարյուն թավիշով մաքրեն մեր երկիրը, հարեւան երկրներն ու աշխարհը ամեն տեսակ քաղաքական աղբից, թե չէ մեր կապիտուլյացիոն գարշահոտ աղբի վարակն արդեն տարածվում է դեպի Հյուսիս, իսկ այնտեղից’ ամբողջ աշխարհով մեկ: Մենք արարչագործության, այլ ոչ թե չարագործության բնօրրանը պետք է լինենք մարդկության համար: Ազատվենք ամեն մեկս մեր ներքին կապանքներից եւ մեր մեջ կխոսի Հայը: