Ոստիկանությունը կրկին երկկողմանի փակել է Քրիստափորի փողոցը: Ցերեկվա ուժեղ քամուց մասնակի փլուզվել է Սուրմալու առեւտրի կենտրոնի օգոստոսի 14-ին պայթած շենքի կանգուն մնացած պատերից մեկը: Երեք մարդ հոսպիտալացվել է, փլատակի տակ մնացել է երկու ավտոմեքենա, վնասվել են նաեւ հարակից խանութներ:
ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը երեկոյան լրատվամիջոցներին ասաց, որ որոշակի վտանգավոր հատվածներ կան, որտեղ ԱԻՆ-ը իր մասով աշխատանքներն իրականացրել է եւ դրանք ավարտված են»: Հարցին, թե ո՞վ էր որոշելու, որպեսզի մասնակի փլուզված այդ շենքը ապամոնտաժվի, Հայկ Կոստանյանը պատասխանեց. «Տարածքն ունի սեփականատեր եւ բարձրացված հարցը գտնվում է նրա տիրույթում: Ամեն դեպքում, սեպտեմբերի 2-ին ԱԻՆ-ը որոշակի գործառույթներ է իրականացրել: Ավելի կոնկրետ, իրականացրել է շենքի սեյսմիկ փորձաքննություններ եւ համապատասխան գրչություններով դիմել քաղաքապետարան, ոստիկանություն, քաղաքաշինության կոմիտե եւ քննչական կոմիտե՝ բարձրացնելով մի շարք խնդրահարույց կետեր՝ կապված շենքի ապագայի հետ»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի դիտարկմանը, թե պետական գերատեսչություններից ամեն մեկը հայտարարում է, թե ինքը պատշաճ կատարել է իր գործառույթները, բայց իրականում ստացվում է, որ խնդրի լուծում եւ տեսանելի արդյունք չկա, ինչի հետեւանքը նոր փլուզումն է, տուժած մարդիկ ու վնասված գույքը, ԱԻՆ մամուլի խոսնակը պատասխանեց. «Թույլ տվեք՝ ես ուրիշների գործառույթների դաշտ չմտնեմ ու գնահատական չտամ, որովհետեւ ես նման լիազորություն չունեմ: Բայց կրկնում եմ, որ ԱԻՆ-ը իր մասով աշխատանքներն իրականացրել է եւ փոխանցել նշածս չորս գերատեսչություններին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ