Լրահոս
Օրվա լրահոսը

Քարոզարշավ չկա, ինքնաբացարկ՝ ևս․ Անիի ՏԻՄ ընտրություններին մնացին հաշված օրեր

Սեպտեմբեր 21,2022 21:44

Ինչպես տեղեկացրել ենք,  Անի խոշորացված համայնքում սեպտեմբերի 25-ին սպասվում են ՏԻՄ ընտրություններ, որին մասնակցում են երեք քաղաքական ուժեր՝  147 թեկնածուներով․ 49 կին և 98 տղամարդ։  Նրանից և ոչ մեկը ինքնաբացարկ  չի հայտնել, այս մասին մեզ տեղեկացրեց թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Պետրոսյանը։

Նա նշեց, որ քաղաքական ուժերը դադարեցրել են քարոզարշավը՝ պայմանավորված սահմանային լարված իրավիճակով։

Քարոզարշավն անորոշ ժամանակով դադարեցնելու մասին սեպտեմբերի 13-14-ից սկսած հայտարարել են նաև ընտրություններին մասնակցող երեք քաղաքական ուժերը։

Անիում ընտրությունները բավական լարված են․ այստեղ ընտրապայքարի են դուրս եկել 18 տարվա համայնքապետ, ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանը՝ «Ազգ-համայնք» դաշինքով, Անիի ավագանու անդամ, արցախյան երկու պատերազմներին որպես կամավոր մասնակցած Ագուն Սաղաթելյանը՝ «Հայկական երազանք» նորաստեղծ կուսակցությամբ, և  Արման Սարիբեկյանը՝ Մարալիկի, Արթիկի ու Ախուրյանի «Հայ փոստի» համակարգողը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությամբ։

«Հարգելի՛ անեցիներ,

երկրում լարված իրավիճակով պայմանավորված՝ մեր քարոզարշավն անորոշ ժամանակով դադարեցնում ենք։

Աստված պահապան հայ զինվորին, խաղաղություն և ամրություն մեր սահմաններին», -գրել էր Արտակ Գևորգյանը։

«Հարգելի հայրենակիցներ, սահմանային լարված իրավիճակից ելնելով` անորոշ ժամանակով դադարեցնում ենք մեր նախընտրական քարոզարշավը։

Ցավակցում եմ զոհված հերոսների ընտանիքներին, շուտափույթ ապաքինում եմ ցանկանում մեր վիրավոր տղաներին։ Միասնականություն և ողջախոհություն բոլորիս»,-հայտնել էր Արման Սարիբեկյանը։

Նորաստեղծ «Հայկական երազանք» կուսակցության ցուցակը գլխավորող Ագուն Սաղաթելյանն էլ, Հայ զինվորին ու Հայոց բանակին  հայտնելով իր զորակցությունը, նշել էր, որ ցանկացած պահի պատրաստ է դառնալ բանակի մի մասնիկը։

Այս կուսակցությունը նաև իր դիրքորոշումն է հայտնել  ընտրական գործընթացներն առավել նպատակահարմար ժամանակ տեղափոխելու մասին՝ գրելով․

«Հարգելի հայրենակիցներ`

Պայմանավորված Հայաստանի Հանրապետության դեմ թշնամու կողմից սանձազերծած ռազմական գործողություններով «Հայկական Երազանք» կուսակցության թիմը որոշում էր կայացրել ընդհատել Անի համայնքում սույն թվականի սեպտեմբերի 25-ին նախատեսված ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը:

Այս ընթացքում եղել ենք ռազմական գործողություններից տուժած բնակավայրերում, քննարկումներ ունեցել մեր սահմանների անվտանգությունն տեղերում ապահովող տարբեր պատասխանատուների հետ:

Հաշվի առնելով առկա ռիսկերն և սպառնալիքները, ներքին և արտաքին քաղաքական մի շարք զարգացումները՝ կարծում ենք որ ՀՀ տարածքում ՏԻՄ ընտրությունների անցկացումը սեպտեմբերի 25-ին ոչ միայն մտահոգիչ է լինելու բուն ընտրական գործընթացների իրականացման առումով, այլ նաև չի նպաստելու համայնքների բնակչության ամբողջական կամարտահայտմանը:

Սակայն, այս պահին ցավով պետք է արձանագրենք, որ ընտրական գործընթացների առավել նպատակահարմար ժամանակներ տեղափոխելու քաղաքական որոշման ականատես չենք լինելու և համայնքներում ընտրական գործընթացներն անցկացվելու են անկախ բերված հանգամանքներից:

Այս իրողության պայմաններում մեր թիմը որոշել է՝

  • մասնակցել ՏԻՄ ընտրություններին և դրանով չզրկել Անի համայնքի բնակչությանը ընտրություն ունենալու հնարավորությունից.
  • չեղարկել այս ընթացքում համայնքի տարբեր բնակավայրերում նախատեսված մեծ քարոզչական միջոցառումները.
  • միևնույն ժամանակ համայնքի բոլոր բնակավայրերի բնակիչների համար ապահովել իրենց խնդիրների ու մոտեցումների տեղերում ներկայացման և հավաքագրման հնարավորությունը քարոզարշավի մնացած օրերի ընթացքում:

Վստահ ենք՝ ամուր և զարգացող Անի համայնքն ապահով և բարեկեցիկ հայրենիք ունենալու երաշխիքներից մեկն է»:

Երեք քաղաքական ուժերն էլ, ըստ անեցիների, ունեն բավարար շանսեր ավագանու կազմում ընդգրկվելու, իսկ թե որ ուժը կստանձնի համայնքապետի պաշտոնը, դժվարանում են կանխատեսել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930