Չնայած՝ Ադրբեջանի հարձակմանը Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքին, քաղաքում խանութները բաց էին։ Այդ խանութներից մեկում հանդիպեցինք Վիգեն Ավագյանին, որի ընտանիքին է պատկանում խանութը։
«Ամսի 13-ին ժամը 12-ն անց էր, սկսվեց ռմբակոծությունը։ Տեղանքը կոնկրետ չեմ կարող ասել, բայց ձայները շատ ուժեղ էին, երեխեքը վեր կացան, կինս վեր կացավ։ Փոքրս 1.5 տարեկան է, վեր կացան ու պանիկայի մեջ էին։ Ես դուրս եկա, տեսա՝ ինչ է կատարվում, այսինքն՝ ժողովուրդը խառն էր, բոլորին կոչ էինք անում իջնել պոդվալները, հրետակոծությունը շարունակվում էր։ Լուսամուտից նայում էի, էդ սարը կոնկրետ իմ տնից երևում ա։ Էդ տեղից երևում էր, հետո մի փոքր դադար եղավ, նայում էի սարին, էդ տեղ մենակ բոցեր էին հելնում, ձայնը չէր լսվում, հետո էլի հրետակոծություն, ու էդպես շարունակվել ա»,- Ադրբեջանի հարձակումը հիշում է Վիգենը։
Հարցին, թե արդյոք չի վախենո՞ւմ, Ջերմուկում է մնալո՞ւ, նա պատասխանեց. «Քո տունն է, քո տեղն է, ո՞ւր գնաս։ Գնանք հետո՞։ Մտնեն Ջերմուկ, արդեն Ջերմուկն էլ կվերանա Հայաստանի հետ։ Ընդամենը պիտի միասնական լինենք։ Մարդիկ գան, ապրեն։ Որ թիկունքը պինդ լինի, էնտեղի թիկունքն էլ պինդ կլինի»։
Առավոտյան խանութը շարունակել է աշխատանքը։ Հարցրեցինք՝ հաճախորդների թվի մասին. «Ջահելները բարձրացել են պոստեր, կանայք, երեխաները իջել են ներքև, պապի, տատի ներքևում են։ Քիչ-քիչ գալիս են»։
Կարդացեք նաև
Խանութը շարունակում է ապրանք ստանալ։ Հացը տեղում չեն թխում, քանի որ քաղաքում գազ չկար, սակայն հուսով է՝ իրավիճակը շուտով կփոխվի։
Հարցին, թե վախենո՞ւմ է, որ նոր պատերազմ կսկսվի, Վիգենը պատասխանեց. «Չենք վախենում, բայց պատրաստ ենք։ Ուրիշ ելք չունենք։ Նորմալ մարդը վախ էլ պետք ա ունենա, բայց դե պիտի պատրաստ լինեք»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ