Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արդար Հայաստանը» Թալինի ընտրություններին չմասնակցելու որոշում չի կայացնի. Արմեն Գրիգորյան

Սեպտեմբեր 21,2022 19:03

«Իրավիճակը չի էլ տրամադրում շատ ակտիվ լինել, բայց, ինչպես հասկանում եմ, ընտրությունը հետաձգելու միտում չկա եւ մենք փորձելու ենք այս իրավիճակից ելնելով՝ մեր ասելիքն ու ծրագրերը ներկայացնենք մարդկանց»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց սեպտեմբերի 25-ին, Արագածոտնի մարզի Թալին համայնքում կայանալիք ընտրություններում «Արդար Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Արմեն Գրիգորյանը:

Թալինում թեժ ընտրություններ են սպասվում: Տեղական իշխանության համար այստեղ կպայքարեն  հինգ ուժեր՝  «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր», «Արդար Հայաստան», «Հայ յեղափոխական դաշնակցություն» և «Կայունություն» կուսակցությունները:  Հիմնական պայքարն այստեղ ընթանալու է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Ապրելու երկիր» կուսակցությունների միջեւ:

Հարցին՝ կարողացա՞ն իրենց ասելիքն ամբողջությամբ հասցնել ընտրողներին, քանի որ սեպտեմբերի 13-ին, Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման պատճառով, քաղաքական ուժերը հայտարարեցին քարոզարշավը դադարեցնելու մասին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Բնականաբար՝ ոչ: Կենդանի շփում էինք պլանավորել ամեն համայնքում, ժամանակացույցով, բայց հայտնի պատճառներով դադարեցրել ենք նախընտրական քարոզչությունը: Այս իմաստով, մեր ասելիքը չենք կարողացել ամբողջական հասցնել ընտրողներին: Փորձում ենք սոցցանցերի միջոցով ասելիքը հասցնել ընտրողներին, բայց դրա արդյունավետությունը հստակ գնահատել չենք կարող: Ամեն դեպքում, այս իրավիճակում, փորձում ենք հնարավորինս լսելի դարձնել մեր ասելիքը, որպեսզի մարդիկ հասկանան՝ ո՞ւմ են ձայն տալիս, ինչո՞ւ են ձայն տալիս, ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենան»:

Իշխանության թեկնածուն մեղադրել էր ընդդիմադիրներին՝ ասելով, որ երբ ինքն ու իր թիմակիցները սահման էին մեկնել, ընդդիմադիրները տուն առ տուն էին մտել եւ իշխանության հակաքարոզչությամբ զբաղվել: Մեր դիտարկմանն Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Դա այնքան աբսուրդ է եւ այնքան ծիծաղելի բաներ կան այդ հայտարարության մեջ, որ չեմ էլ ցանկանում դրան անդրադառնալ: Տուն առ տուն մտնելու կարիք երեւի իրենք ավելի շատ ունեն, քան մենք: Մենք նման բան չենք արել: Իսկ եթե դա ընդամենն ասելու համար է կամ ցեխ շպրտելու… գիտեք, դա իրենց ոճն է»:

Հետաքրքրվեցինք նաեւ ինչպիսի՞ նախընտրական մթնոլորտ է համայնքում: «Համեմատաբար հանգիստ է, ինչ-որ լարվածություն կամ ագրեսիվ դրսեւորումներ չկան: Համենայնդեպս, ես չեմ նկատել նման բաներ, եթե չհաշվենք PR-ի համար ասված պոպուլիստական բաները»,- ասաց Արմեն Գրիգորյանը:

Մեր հարցին էլ ի պատասխան, թեկնածուն նաեւ տեղեկացրեց, որ վերջին պահին ընտրություններին չմասնակցելու որոշում դժվար թե կայացնեն, քանի ոչ չեն գտնում, որ այդպիսով ինչ-որ մի բանին օգուտ տված կլինեն. «Եթե մենք հասկանանք, որ դրանով մեր երկիրը կշահի կամ ինչ-որ մի բան կփոխվի, վստահաբար, չենք մասնակցի, բայց չմասնակցելու պատճառը չեմ հասկանում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930