Սեպտեմբերի 22-ին կառավարության նիստի չզեկուցվող հարցերից մեկը վերաբերում է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր ՓԲԸ-ի գույքը օտարելու թույլտվություն տալուն եւ ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելուն նախօրոք հայտնի գնորդին, որն ամերիկացի բարերար է:
E-gov.am-ից տեղեկանում ենք, որ բաժնետոմսերի գնահատված շուկայական արժեքը կազմել է 732,171.321 հազ. դրամ (առանց 2,301,462.679 հազ. դրամ հողի կադաստրային արժեքի), իսկ ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի վաճառքի գինը՝ 732,171.321 հազ. դրամ։ Ըստ E-gov.am-ի՝ «Նյու հորիզոն գրուպ ԻՆԿ»-ը տեղեկացրել է, որ պատրաստ է ձեռք բերել ընկերության բաժնետոմսերը (5 հողամասերը՝ 6422.76 ք.մ շենք-շինություններ և 14.22711 հա հողատարածքը):
«Նյու Հորիզոն գրուպ ԻՆԿ» ընկերությունը գրանցված է ԱՄՆ-ում եւ ըստ կառավարության կայքի, «վերջին տարիներին պայմանավորված աշխարհաքաղաքական տարբեր ճգնաժամերով, լուրջ խնդիրներ են առաջացրել օտարերկրյա մարզիկների ընդունման և դրանց դիմաց գումարների ստացման մասով, ինչն անհնարին է դարձնում ձեռնարկատիրական գործունեության իրականացումը, ուստի խնդրել է ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Նյու հորիզոն գրուպ ԻՆԿ» ընկերության միակ հիմնադրի կողմից միանձնյա հիմնված, հայաստանյան ռեզիդենտ հանդիսացող «Ծաղկաձորի սպորտային համալիր» ՍՊԸ-ին»։
Այսպիսով, նախագծով առաջարկվում է ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը անհատույց օտարել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի, որից հետո ընկերության 100 տոկոս պետական բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով, 732,171.321 հազ. դրամ շուկայական արժեքով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ՝ «Ծաղկաձորի սպորտային համալիր ՍՊԸ-ին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ