Լրահոս
Օրվա լրահոսը

Կրակոցներ՝ Գեղարքունիքում. ոստիկանները վնասազերծել են մինչև ատամները զինված «բախտագուշակ Վարսիկի որդուն». Shamshyan.com

Սեպտեմբեր 21,2022 18:27

Shamshyan.com. Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում։ Ոստիկանության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գավառ վարչական շրջանի Գանձակ բնակավայրում բնակիչը ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակում։

Օպերատիվ տեղեկությունները ստանալով՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանի և ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ) մեկնում են նշված բնակավայր, որտեղ Հ. Աբրահամյան փողոցում նկատում են ենթադրյալ կրակոցներ արձակող քաղաքացուն և փորձում են նրան վնասազերծել, սակայն վերջինս իր ձեռքին եղած ինքնաձիգով կրակահերթ է արձակում դեպի օդ, ապա դիմում փախուստի։

Ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը, հետապնդում են այդ քաղաքացուն, որը փախչում և մտնում է Հակոբ Պարոնյան փողոցի N 6 հասցեում գտնվող առանձնատան բակը։

Արդեն տեղում՝ մարզի ոստիկանապետի և Գավառի ոստիկանապետի գլխավորությամբ, սկսում են այդ քաղաքացու հետ բացատրական աշխատանքներ տարվել, սակայն տղամարդը դարձյալ հրաժարվում է կատարել ոստիկանների օրինական պահանջները, այն է՝ ցած դնել զենքը և ինքնակամ հանձնվել։

Ապա քաղաքացին առանձնատան պարսպի վրայով դիմում է փախուստի, սակայն այս անգամ ոստիկանների հմուտ գործողությունների արդյունքում հնարավոր է լինում նրան վնասազերծել, ապա տեղափոխել ոստիկանության Գավառի բաժին։

Դեպքի վայրի զննությամբ Գանձակ բնակավայրի Հ. Աբրահամյան և Հ. Պարոնյան փողոցների խաչմերուկում գտնվող մթերային խանութի դիմացի հատվածից հայտնաբերվել է թվով 3 հատ, Հ. Պարոնյան փողոցի սկզբնամասից՝ 4 հատ, իսկ Հ. Պարոնյան 6 հասցեում գտնվող առանձնատան բակից՝ 1 հատ 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի կրակված պարկուճներ։ Իսկ առանձնատան բակում հայտնաբերվել է 1 հատ «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ՝ իր պահունակով, 1 հատ «Մակարով» տեսակի ատրճանակ՝ 2 պահունակով, «Պարաբելում» տեսակի ատրճանակ՝ 1 պահունակով, 670-ից ավելի «Մակարով» տեսակի ատրճանակի փամփուշտներ, 100 հատ «ՏՈԶ» տեսակի որսորդական հրացանի փամփուշտներ, 220-ից ավելի ինքնաձիգի տարբեր տեսակի փամփուշտներ, 100 հատ «Պարաբելում» տեսակի ատրճանակի փամփուշտներ, 8 հատ «Մակարով» տեսակի ատրճանակի փամփուշտներ և պարկուճներ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը Գեղարքունիքում հայտնի «Գավառի բախտագուշակ Վարսիկի» տղա՝ 41-ամյա Սարգիս Հակոբյանն է։ Վերջինս փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հայտնել է, որ այդ ամբողջ զենք-զինամթերքը ինքը ձեռք է բերել արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։

Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930