Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այսօր Եռաբլուր այցելեց ու աղոթքից հետո իր ուղերձը հղեց՝ լրագրողների հետ զրույցում՝ չպատասխանելով որեւէ հարցի, այդ թվում չմանրամասնելով, թե ինչ են խոսել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, հանդիպում ունենալո՞ւ է նախկին այլ նախագահների հետ, իրավիճակի ի՞նչ հանգուցալուծում է տեսնում, ինչո՞ւ պետական միջոցառումներին չի լինում եւ այլն:
«Անկախության այս օրը մենք հոգեւոր դասի հետ միասին եկել ենք Եռաբլուրի այս նվիրական վայր, ուր հանգչում են նահատակ մեր զավակները՝ նրանց հիշատակին խոնարհում բերելու եւ աղոթք: Մենք մեր հայցը առ Աստված բարձրացրեցինք՝ խնդրելով Երկնավորից, որ հեռացնի մեր երկրի սահմաններից պատերազմի չարիքը եւ հեղի մեր ժողովրդի կյանքից ներս խաղաղություն, որպեսզի ազգիս զավակները ապրեն ստեղծագործ կյանքով, ապրեն բարօրության մեջ, սիրով եւ միաբանությամբ:
Կարդացեք նաև
Տերը թող օգնական եւ պահապան լինի մեզ եւ զորացնի մեր երկիրը՝ պաշտպանելու եւ ապահովությունն ու անվտանգությունը ուղեկից դարձնելու մեր ժողովրդին՝ մեր կյանքի բոլոր ժամանակներում»,- ասաց վեհափառը եւ այսքանով ամփոփեց իր խոսքը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ