Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը տեղեկացնում է․ «Սեպտեմբերի 20-ին աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ԱՄՆ կոնգրեսում հանդիպում է ունեցել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի, հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փըլոունի և հանձնախմբի այլ անդամների հետ։
Եղիշե Կիրակոսյանը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: Խոսվել է նաև 2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի ընթացքում ադրբեջանական զինծառայողների կողմից կատարված պատերազմական հանցագործությունների, խաղաղ բնակչությանը թիրախավորելու և հայ ռազմագերիների՝ ապօրինաբար Ադրբեջանում պահվելու մասին:
Եղիշե Կիրակոսյանը ԱՄՆ կոնգրեսականներին է ներկայացրել նաև Ադրբեջանում տիրող համակարգային բնույթ կրող հակահայկական ատելության և ռասայական խտրականության մթնոլորտի մասին, ինչպես նաև հայտնել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա իրականացված լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից միջանկյալ միջոցներ կիրառելու մասին որոշումների շարունակական խախտումների, այդ թվում Ադրբեջանի զինծառայողների կողմից կատարված պատերազմական հանցագործությունների, Ադրբեջանի տիրապետության ներքո հայտնված հայ զինծառայողների նկատմամբ վատ վերաբերմունքի, խոշտանգումների և սպանված անձանց մարմինների խեղումների, բազում այլ պատերազմական հանցագործությունների մասին։
Եղիշե Կիրակոսյանը շնորհակալություն է հայտնել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին և կոնգրեսականներին Հայաստանին ու Արցախին շարունակաբար ցուցաբերված աջակցության համար»։
Կարդացեք նաև
ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնի թվիթերյան գրառմամբ արձագանքել է այս հանդիպմանը․ «Քննարկեցինք Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների սարսափելի խախտումները և Հայաստանի ջանքերը Արդարադատության միջազգային դատարանում ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»։
Met with Yeghisheh Kirakosyan, Speaker Pelosi, and other Members of the Armenian Caucus today. We discussed Azerbaijan's horrific human rights abuses and Armenia's efforts in the @CIJ_ICJ and @ECHR_CEDH. pic.twitter.com/DlcYLBXwsS
— Rep. Frank Pallone (@FrankPallone) September 21, 2022