Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Ես հորդորում եմ Ռոբերտ Քոչարյանով այլեւս չվախեցնել հանրությանը, Քոչարյանն էլ թող գիտակցի՝ քանի՞ անգամ պետք է պարտվի, որ գիտակցեն՝ իրենք կենսունակ քաղաքական ուժ չեն». Նորիկյան

Սեպտեմբեր 21,2022 16:37

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրերս հանդիպել էր իր աջակիցների հետ եւ հայտարարել. «Եթե ժողովուրդը թմբիրից դուրս է եկել, եթե այդ թեզը ճիշտ է, եթե մեր այդ վախի արձագանքը պայքարելն է դառել, այլ ոչ թե սենց ձեւացնելը, թե մեռած ենք, չկանք, որ մի հատ էլ քացով քեզ չավելացնեն, ուրեմն, այո, ճիշտ է, ուրեմն պետք է սկսել ուրիշ տեմպով, ուրիշ կարգախոսներով եւ իսկապես գնալ մինչեւ վերջ»:

Այսօր Aravot.am-ի հարցին, թե կարո՞ղ է երկրում ստեղծված իրավիճակը լուծել Քոչարյանը՝ «Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդ Նորայր Նորիկյանը պատասխանեց. «Կարծում եմ, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը ինչքան շուտ մտածեն քաղաքական դաշտը թողնելու մասին, այնքան ավելի շուտ Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ կապված մեր հանրությունը վստահ որոշումներ կկայացնի: 2018-ից արհեստականորեն մեր հանրության մեջ ներդրվեց սեւ-սպիտակ, ներկա-նախկին սորտավորումը, որը չարիք դարձավ մեր պետության ու հասարակության համար: Անթույլատրելի է մեր հասարակությանը սորտավորել: Այո, գործող իշխանության պատասխանատվությունը ահռելի է, եթե չասենք, որ առանցքային պատասխանատուն է, պետք է ամեն ինչ աներ, որ երկրի ներսում ներքին համերաշխության մթնոլորտ ձեւավորեր, հանրային լայն ինտեգրացիոն գործընթացներ ձեւավորեր: Բայց տեսնում ենք, որ այդ գործընթացը չի հասնում իր տրամաբանական ավարտին: Ցավով եմ արձանագրում, որ մենք Անկախության տոնը չենք կարողանում հավուր պատշաճի դիմավորել, սա մեր պետականաշինության ճգնաժամի, մեր ինքնության ճգնաժամի ցցուն դրսեւորումն է: Հետեւաբար ամեն մեկն իր մեղքի բաժինն ունի, թող իրենք բոլորով հավաքվեն ու հասկանան՝ որտեղ են վրիպել, որոնք են այն կոպտագույն ռազմավարական սխալները: Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի շարունակությունն է, նրանց անփառունակ իշխանության հետեւանքը: Եթե մեր հանրությունը այս ամենը չի գիտակցում ու փորձում ենք այսօր էլ Նիկոլ Փաշինյանի այլընտրանքը դիտարկել Ռոբերտ Քոչարյանին, մենք նույն ռազմավարական սխալն ենք թույլ տալու: Եթե չլիներ նրանց անփառունակ իշխանությունը, Փաշինյանը երբեք իշխանության չէր գա: Հետևաբար` հարցը դնելով՝ կամ դու նիկոլական ես, կամ քոչարյանական՝ նույն խորքային ռազմավարական սխալն ենք թույլ տալիս: Մեր հանրությունը պետք է կարողանա դուրս գա այդ շրջափուլից եւ քաղաքական նոր համակարգ ձեւավորել, իսկ դա անելու համար մեր հանրությունը նաեւ պետք է այլընտրանքային կարծիքներ ձեւավորի»:

Հարցին՝ կա՞ այլընտրանք՝ նա պատասխանեց. «ՀՀ-ում պղծվել է ուժեղ լինելու չափանիշը, եթե դու կոռումպացված համակարգի մաս չես կազմել, վարչական ռեսուրս չունես, նախկինում որեւէ ապօրինի գործընթացի մաս չես կազմել, ուրեմն դու ուժեղ չես, դու չես կարող փոխվել, այլընտրանք դիտարկվել: Ուժեղի չափանիշը պետք է փոխվի ու ՀՀ-ում ուժեղը պետք է ընկալվի ինտելեկտուալը, անբասիր կենսագրություն ունեցողը: Բնականաբար, մենք չունենք Ռոբերտ Քոչարյանի փողերը, գործող իշխանության ռեսուրսները»:

Ըստ նրա, ԶԼՄ-ները առաջին պլան են բերում սխալ մարդկանց, դրա համար էլ այս իրավիճակն ունենք:

Հարցրեցինք՝ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ընտրություններից հետո վերլուծություն են արել ու պարզել են, որ իր կերպարը, իր ղարաբաղյան անցյալը, պատերազմում հաղթանակ կրող առաջնորդի կերպարն է վախեցրել մեր ժողովրդին, որ կգա ինչ-որ թասիբով, կփորձի ազգային արժեքների համար պայքարել, կարո՞ղ է մարդիկ այս հետեւություններից հետո այլեւս չվախենան Քոչարյանից՝ Նորիկյանը պատասխանեց. «Ես հորդորում եմ Ռոբերտ Քոչարյանով այլեւս չվախեցնել հանրությանը: Ռոբերտ Քոչարյանն էլ թող գիտակցի՝ քանի՞ անգամ պետք է պարտվի, իր գեներացրած շարժումները պետք է պարտվեն, հանրության կողմից չստանան վստահություն, որ իրենք գիտակցեն՝ իրենք կենսունակ քաղաքական ուժ չեն: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նրանց գործունեության հետեւանքն է, բայց Նիկոլ Փաշինյանին հեռացնողը չեն լինի Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը, այս մի բանը թող ֆիքսեն: Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա ընտրությունների միջոցով՝ հերթական կամ արտահերթ՝ անաղմուկ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930