«Եռաբլուրում իրենց շատ ճիշտ դրսեւորեցին ոստիկանները՝ հարիր այսօրվա իշխանությունը զավթածների կարգավիճակին: Մարդիկ չեն մտածելու, որ իրենք հայոց արժեհամակարգի կրողը չեն: Նրանք ընդհանրապես թրքահպատակներ են, նրանց ամբողջ կուրսը ձախողվել է, եւ չգիտեն՝ ինչ անեն»,- «Հայելի» ակումբում ասաց հերոս Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը՝ նկատի ունենալով ոստիկանության ծառայողների կողմից Փաշինյանի մուտքը փակած զոհվածների ծնողներին Եռաբլուրից բռնի ուժով հեռացնելը:
«Վերջերս մեկը, որ ինձանից վիրավորված էր քաղաքական հայացքների համար, ասում էր՝ չես ճանաչում Փաշինյանին, հիմա ինձ բացատրում է, որ նիկոլիստները ամեն ինչ կործանել են, ձախողման են տարել: Ասացի՝ ոչ, ամեն ինչ չի, որ ձախողել են, ապշած ինձ է նայում: Ասացի գիտես՝ իրենք պարգեւավճարը հստակ պահել են, իրենք այդ մի ոլորտին չեն կպնում, անխաթար գործում է պարգեւավճարը: Նրանք այդ գումարները ստանալով՝ գոյություն են քարշ տալիս, հրճվում են, տնտեսական աճ են ասում, գնում են իրենց տները՝ ասում են տեսա՞ք զոմբիներին ոնց խաբեցինք»,-ասաց Խաչիկ Մանուկյանը:
«Նրանք եկել են դագաղներով, եւ այդ դագաղները պարբերաբար հրամցնում են մեր ազգին: Սրանք մահաբեր են, իրենց մահաբերությունը չեն էլ թաքցնում…Գիտեք, թե ոնց է վամպիրի ծարավն ահագնանում ու անընդհատ արյուն է ուզում, դա կլինի պատերազմ, սահմանային զոհեր, կլինի այն կորտեժը, որը հղի կնոջը մեքենայի տակ է գցում, կլինի պայթյունը, որ կկազմակերպեն Երեւանի կենտրոնում»,- նշում է Խաչիկ Մանուկյանը:
Ապա հավելում է. «Այնքան հանդգնություն ունեն, որ թույլ էլ չեն տալիս ուսումնասիրություններ կատարել, ասում են՝ մեկ է, ինչ էլ ասենք՝ զոմբիախումբը հավատալու է, սրանց ասել ենք՝ մածունը սեւ է, հավատում են, որ սեւ է: Ամենազզվելին ու անմարդկայինը համարում եմ այն, որ երբ խոսում են մեր զոհերի մասին, տեսնում ես, որ իրենց համար դա ընդամենը թվաբանություն է: Անգամ այս վերջին պատերազմը վախեցան պատերազմ կոչել…Եվ վերջապես ո՞ւր է ձեր քյալլեքի «դուխով»-ը, կեպիներ էինք դնում, վրան գրված «դուխով», հանեք արա, էդ «դուխով»-ները դրեք գլխներիդ: Դուք վախենում եք ասել, որ պատերազմ է, բայց մենք ունենք զինվորներ ու բանակ, որ ձեր նման թրքահպատակ չեն, կռվում են հայրենիքի համար, կրում են հայոց արժեհամակարգը, նրանց մեջ ոգեղենություն կա, որին դուք ֆաշիստ եք ասում:
Կարդացեք նաև
Ու ինչքան էլ փորձեք հերոսներին դուրս մղել, չի ստացվելու: Մենք մեր առաքելությունն այս մոլորակի վրա չենք ավարտել: Ես ասել եմ, որ Եռաբլուրով է լինելու այս ազգի զարթոնքը, եւ դուք այսօր Եռաբլուրում ցույց տվեցիք, թե ձեզ ոնց է դուրս շպրտելու մեր ժողովուրդը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ