Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես ընտրել եմ խաղաղության ժամանակաշրջանը, դրա համար էլ առանց կրակոցի տվեց հսկայական տարածքներ»

Սեպտեմբեր 21,2022 15:36

Հանրապետության հրապարակում այսօր հրավիրված ավանդական ասուլիսում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությունը քննադատելուց հետո պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե Նիկոլ Փաշինյանին համարո՞ւմ է Լեւոն Տեր-Պետրոսյանի սխալներից մեկը, որովհետեւ ասում են, թե նա առաջին նախագահի հոգեզավակն է եւ նրա գործի շարունակողը, ասաց. «Հիշում եմ՝ այն ժամանակներում, երբ մենք հիմնական ընդդիմությունն էինք, Նիկոլ Փաշինյանը հանդես էր գալիս որպես ընդգծված լեւոնական: Հիմա գիտեմ, որ իրենց մեջ հակասություն կա եւ ամենից լավ իրենք են իրար մերկացնում: Բայց ամենակարեւոր հարցերում, ցավոք սրտի, այսօրվա իշխանական թիմը շարունակում է Լեւոն Տեր-Պետրոսյանի դավադիր գործողությունները: Տեսեք, ինքն ասում էր, թե ոչմիթիզականությունը սխալ է: Եթե ոչմիթիզականություն ասելով դու հասկանում ես Արցախի, արցախահայության իրավունքներին հավատարիմ լինելը, ապա դու ինչի՞ էիր «Ղարաբաղ» կոմիտեի անդամ: Ցանկացած մարդ կարող է նման տեսակետ արտահայտել, բացի «Ղարաբաղ» կոմիտեի անդամից: Ուրեմն, թող հրապարակային հայտարարի, որ սխալ էր, երբ ասում էր «Ղարաբաղ» կոմիտե, միացում, հետո նոր փոխի իր ասածը: Բայց «Ղարաբաղ» կոմիտեի անդամը ինչպե՞ս կարող է ասել՝ չի կարելի խոսել Արցախի իրավունքների մասին ու Արցախը պիտի տանք Ադրբեջանին:

Գալով այսօրվա իշխանավորին՝ որեւէ բանական մարդ եթե շարունակում է համակրել նրան, խորհուրդ եմ տալիս գնալ եկեղեցի, աղոթել, խնդրել, որ Աստված իրեն մի քիչ լույս տա, խելք տա, բանականություն տա: Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես ընտրել եմ խաղաղության ժամանակաշրջանը: Դրա համար էլ ինքը առանց կրակոցի տվեց հսկայական տարածքներ: Ո՞ր է այդ խաղաղությունը: Եվ եթե ուրիշ բաների մասին չխոսենք, ազգային անվտանգության հարցերով ինքը ցույց տվեց, որ ինքը բանի պետք չի: Ինչքան բացասական բաներ ունենք մեր պատմության մեջ, ինքը դրանց կրողն է դարձել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930