Սեպտեմբերի 25-ին ՀՀ 17 համայնքներում կանցկացվեն համամասնական ընտրություններ։ ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում տեղի կունենա համայնքի ղեկավարի ընտրություն՝ մեծամասնական ընտրակարգով։ Համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան Ծաղկահովիտ, Թալին, Ճամբարակ, Գյուլագարակ, Ալավերդի, Լոռի Բերդ, Տաշիր, Չարենցավան, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ, Անի, Սիսիան, Քաջարան, Արենի, Եղեգիս, Բերդ համայնքներում։ Այս համայնքների մեծամասնությունում համայնքի գործող ղեկավարները՝ հիմնականում նախկին ՀՀԿ-ականներ, առաջադրվել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։ Իշխող ուժի ցուցակում են նաև նախկին ՀՀԿ-ականներ, որոնք տարիներ շարունակ տարբեր քրեական պատմություններում են եղել ներգրավված։
ՀՀ ԿԸՀ կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում առաջադրվել է չորս ուժ՝ ՔՊ, ԼՀԿ, «Հանրապետություն» կուսակցությունները, «Հզոր համայնք» դաշինքը։ Համայնքի գործող ղեկավար Նորաին Հակոբյանը, որը պաշտոնավարում է շուրջ 20 տարի, նախկինում եղել է ՀՀԿ անդամ, այնուհետև որպես անկուսակցական առաջադրվել է ՔՊ ցուցակով։ Համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Կարապետյանը գլխավորում է ԼՀԿ ցուցակը։
Ալագյազ համայնքում ՔՊ թեկնածուն «Հայփոստ»-ի ավագ օպերատոր Անզոր Ուռուսյանն է։ Նրա նախընտրական շտաբը ղեկավարում է ՀՀԿ-ական Հրաչյա Նազարեթյանը։ Համայնքի գործող ղեկավար Ջասմ Մախմուդովը ևս առաջադրվել է։ Նա անկուսակցական է։
Վայոց Ձորի Եղեգիս համայնքում ՔՊ թեկնածուն գործող համայնքապետ Արթուր Ստեփանյանն է՝ 2017-ի նոյեմբերի 5-ին նա ՀՀԿ անդամ էր, երբ ընտրվեց Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում։ Եղեգիսում ընտրության են մասնակցում նաև «Ազատական» և «Վերելք» կուսակցությունները։
Կարդացեք նաև
Արենիում էլ ՔՊ ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Հուսիկ Սահակյանը, որն այդ պաշտոնում ընտրվել է 2017-ին՝ որպես ՀՀԿ-ական։
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքի գործող ղեկավար Հունան Ռուբենյանը ևս այս ընտրություններում գլխավորում է ՔՊ ցուցակը։ Նա համայնքի ղեկավար է 1996-ից։ 2012 եւ 2017-ին համայնքապետի ընտրություններում եղել է ԲՀԿ անդամ։
Ջրվեժում ՔՊ համամասնական ցուցակը գլխավորում է 1991-ից համայնքապետի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Պետրոսյանը, որը 2012-ի եւ 2017-ի ընտրություններում ընտրվել է ԲՀԿ-ի քվոտայով։ Հունան Ռուբենյանի մրցակիցը սեպտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Զառ բնակավայրի վարչական ղեկավար ԲՀԿ-ական Լևոն Խաչատրյանն է։ Նա գլխավորում է «Համախմբում» դաշինքը։
Ալավերդի համայնքում մրցում են ՔՊ-ն, «Ապրելու երկիր»-ը, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն։ ՔՊ-ի ցուցակը գլխավորում է ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։ ՔՊ-ի ցուցակում են Շնող համայնքի ղեկավարը, Թեղուտի վարչական ղեկավարը։ «Ապրելու երկիր»-ի ցուցակը գլխավորում է Ախթալա համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը, այս ցուցակում են Ճոճկան, Շամլուխ, Մեծ Այրում բնակավայրերի վարչական ղեկավարները։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ