Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Այսօր ինձ շնորհավորողների կեսից ավելին շնորհավորում էին որպես ինքնորոշման տոն»

Սեպտեմբեր 21,2022 14:19

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր Հանրապետության հրապարակում իր ավանդական ասուլիսն էր հրավիրել:

«Մենք այստեղ գալուց առաջ եղանք Եռաբլուրում, որովհետեւ ընդհանուր իրավիճակը պարտավորեցնում է հիշել, որ սեպտեմբերի 21-ի ձեռքբերման իրական հնարավորությունը խաթարվում է: Այսօր ինձ շնորհավորողների կեսից ավելին շնորհավորում էին որպես ինքնորոշման տոն: Մենք պիտի արձանագրենք, որ 1991 թվականին ոչ թե քաղաքագիտական, պատմագիտական մի փոքր սխալ է եղել, այլ տեղի է ունեցել ապիկարություն: Որովհետեւ, երբ 1919 թվականին Հայաստանի իշխանությունները որոշում էին, որ մայիսի 28-ը Հայաստանի անկախության օրն է, որեւէ մեկը իրավունք չուներ այդ օրը կերտած մարդկանց տոնի անունը փոխել: Բայց ունեինք Լեւոն Տեր-Պետրոսյան, որն իրեն իրավունք վերապահեց հայ ժողովրդի ինքնորոշման օրը կոչել անկախության օր, իսկ տասնամյակներ՝ 70 տարուց ավելի, որպես անկախության օր նշված մայիսի 28-ը կոչեր ինչ-որ հանրապետության օր»,-ասաց Հայրիկյանը:

Նա զարմանում է, որ Դաշնակցությունը այս առիթով երբեւէ արձագանքով հանդես չի եկել, չնայած մայիսի 28-ը անկախության օր հռչակել են իրենց կուսակցական հայրերը:

«Այսօր մեր ժողովրդի ինքնորոշման օրն է, որովհետեւ, երբ այս օրը կոչում ենք անկախության օր, մենք ժողովրդին բարոյաքաղաքական հարված ենք հասցնում: Ինչո՞ւ հարված, որովհետեւ մեր հարեւան Վրաստանը եւ Ադրբեջանը նշում են իրենց անկախության 104, 105-րդ տարին: Իսկ մենք նշում ենք 31-ամյակը: Եվ երեւույթների մեջ չխորացող որեւէ երկրի, պետության ներկայացուցիչ նախնական ընկալումով մտածում է, թե սրանք 31 տարի է, որ ստեղծված են եւ ոտնձգություններ են կատարում խեղճ հարեւան Ադրբեջանի նկատմամբ»,- ասաց ԱԻՄ նախագահը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930