Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավունք չունենք վհատվելու: Համախմբվենք հանուն անկախության և ինքնիշխանության աննկուն պայքարի. «Ի պաշտպանություն Արցախի»

Սեպտեմբեր 21,2022 14:35

31 տարի առաջ ՝ 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում կայացավ անկախության հանրաքվեն. հայ ժողովրդի վճռական կամարտահայտությամբ հռչակվեց Հայաստանի Հանրապետության ծնունդը:

Սեպտեմբեր ամիսը դարձավ բախտորոշ ողջ հայության համար՝ 1991 թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում էր տեղի ունեցել  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնադրման հռչակագրի ընդունումը: Տոնական ամիս՝ երկու խորհրդանշական օրերով, 31 տարի անց,  սակայն, երկու հայկական պետություններում ինքնիշխանության ճգնաժամ է, պատերազմ, տարածքային և մարդկային մեծ կորուստներ, վհատություն:

Հետադարձ հայացքը դեպի ոչ վաղ անցյալ ցույց է տալիս, որ հայոց պետությունների հռչակումը տեղի է ունեցել ծանր, անհուսալի թվացող ու հակասական, բայց և հերոսական ժամանակներում: Այժմ էլ, երբ Ադրբեջանն անշեղ հետամուտ է ավելի քան 100 տարի առաջ Թուրքիայի իրականացրած հայ ժողովրդի ցեղասպան քաղաքականությանը, մենք իրավունք չունենք վհատվելու, կորցնելու հավատը և հանձնվելու:

44-օրյա դժնի պատերազմը և դրա շարունակությունը 2022 թ. սեպտեմբերի 13-ին մի անգամ ևս ապացուցում է, որ թուրքադրբեջանական դաշինքը չի հրաժարվելու հայկական պետականությունը ոչնչացնելու իր մտադրությունից, շարունակելու է հայոց ցեղասպանությունը՝ միջազգային իրավունքին հակասող իր ապօրինի գործողությունների ու ծրագրերի մեջ ներգրավելով միջազգային և տարածաշրջանային այլ ակտորների։ Ուստի ազգային-պետական բոլոր ուժերով Արցախից Հայաստան և ի սփյուռս աշխարհի պիտի համախմբվենք հանուն անկախության և ինքնիշխանության աննկուն պայքարի, որի դեմ անզոր և անփառունակ են լինելու դավադիրների բոլոր ծրագրերը:

«Ի պաշտպանություն Արցախի հասարակական նախաձեռնությունն» ի սրտե շնորհավորում է հայ ժողովրդին անկախության տոնի առիթով՝ 91-ի հերոսական ոգին մեզ զորավիգ, անցյալի հաղթանակներն ու ձեռքբերումները, մեր հերոսների արյամբ ողողված հայրենի հողը, պետականության սրբազան պատգամը բոլորիս ոտքի է հանելու, կերտելու ենք հայկական ապագան: Մեր պայքարն արդար է, նպատակն ազնիվ, անձնատու, ապիկար իշխանությունները հեռանալու են բոլորիս կամքով: Թույլ չենք տալու ձախողել մեր անկախությունը, մեր ինքնիշխան, ազատ հայոց ապագան և՛ Արցախում, և՛ Հայաստանում:

«Ի պաշտպանություն Արցախի հասարակական նախաձեռնություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930