31 տարի առաջ այս օրը՝ այստեղ, հայ ժողովուրդն իր հանրաքվեով հռչակեց Հայաստանի անկախությունը։ Պատմական այս օրն ամրագրված է որպես ազատություն տենչող և անկախության համար պայքարող հայ ժողովրդի կամարտահայտություն։
Այո՛, մենք ձեռք ենք բերել և պետք է պահպանենք մեր ճակատագիրը որոշելու, մեր անվտանգության, մեր ապահովության և մեր ներքին խնդիրները լուծելու վերաբերյալ որոշումներն ինքնուրույն կայացնելու հնարավորությունը։ Այսօր առավել քան երբևէ։
Հիմա, երբ թշնամին մեր տարածքում է և շարունակում է սպառնալ մեր անվտանգությանն ու անկախությանը՝ նորանոր պահանջներ ներկայացնելով, մենք պետք է մեզ հեռու պահենք պատրանքներից, զինվենք իմաստությամբ, սառնասրտությամբ և սեփական շահերն ու կարողությունները ճիշտ գնահատելու կարողությամբ։ Մենք պետք է դադարենք մեր մեջ թշնամիներ փնտրել, կարող ուժեր, մարդկանց գտնելն առավել կարևոր է։
Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք, կարող ենք, երբ սթափ ենք և ավելի սառնասիրտ։ Մեր 31-ամյա անկախությունն այս պահին մեզնից յուրաքանչյուրի պաշտպանության կարիքն ունի՝ առանց բացառության։
Կարդացեք նաև
Փառք մեր զինվորներին, որ քաջաբար ընկան մարտում և նրանց, որոնք պահում են սահմանն ու առաջնագիծը հիմա՝ չվախենալով թշնամու սպառնալիքներից։
Խաղաղություն մեր հայրենիքին, մեր ժողովրդին։
«Ապրելու երկիր» կուսակցություն