Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստեղծված իրավիճակը Հայաստանին Իրանի ու Ռուսաստանի աջակցության բացակայության հետևանք է». իրանցի վերլուծաբան. «Հայաստանի Հանրապետություն»

Սեպտեմբեր 21,2022 11:05

Ադրբեջանի ռազմական ագրեսիայի առնչությամբ տարբեր ձեւաչափերով իրանցի վերլուծաբանների ու փորձագետների տեսակետները կարեւոր տեղ են զբաղեցնում իրանյան ԶԼՄներում։ Զուգահեռաբար Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները տարբեր առիթներով շեշտում են, որ թուրքերը պետք է հրաժարվեն իրենց ծավալապաշտական նկրտումներից։

Ստորեւ որոշ կրճատումներով ներկայացնում ենք կովկասյան հարցերի վերլուծաբան Աֆիֆե Աբեդիի տեսակետները, որոնք նա արտահայտել է սեպտեմբերի 15-ին ILNA գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է «Բաքվի նպատակները. «Զանգեզուրի միջանք» ստեղծելու նախագիծի առաջմղման՝ Թուրքիայի ու Ադրբեջանի գործողությունները խաղաղասիրական հեռանկար չունեն» վերնագրով, որտեղ եւս հաստատել է այն քննադատություններն Իրանի ադրբեջանամետ քաղաքականության վերաբերյալ, ինչին «ՀՀ»-ն տարբեր առիթներով բազմիցս անդրադարձել է։

Հարցին, թե Բաքուն Անկարայի աջակցությամբ ու հովանավորությամբ օրերս կրկին դիմեց ռազմական ագրեսիայի, մինչդեռ Հեղափոխության առաջնորդը Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների հետ հանդիպման ժամանակ հստակ շեշտել է հայ-իրանական սահմանի անձեռնմխելիությունը եւ պախարակել նման մտադրությունը, իսկ այժմ, հակառակ Իրանի նման թափանցիկ ու պարզորոշ պահանջի, Բաքվի նշյալ գործողություններն ի՞նչ նպատակներ են հետապնդում, արդյոք վարագույրի հետեւում կա՞ն նաեւ այլ խաղացողներ, Աբեդին պատասխանել է հետեւյալ կերպ։ Նախ պետք է տարանջատել Բաքվի ու Անկարայի հայտարարություններին ու իրականացվող քաղաքականությունները։ Նշյալ խաղացողների հայտարարությունները, հաշվի առնելով որոշ զգուշավորություն ու հաշվարկներ, ժամանակավոր բնույթ են կրում, մինչդեռ նրանց գործնական քաղաքականությունը թիրախավորել է Իրանի երկարաժամկետ շահերը։ Աբեդին շարունակելով՝ ընդգծել է, որ ինչպես արդեն նշել է, Թուրքիայի ու Բաքվի իրական նպատակները տարածաշրջանում աշխարհաքաղաքական նախագծերի իրականացումն է իրենց ծավալապաշտական նկրտումներին համապատասխան։ Բաքուն ձգտում է ամբողջությամբ զավթել Ղարաբաղը եւ տարածաշրջանի աշխարհատնտեսական մենաշնորհային դեր ունենալ։ Իսկ Անկարան Հարավային Կովկասին տիրապետելու առնչությամբ տարածաշրջանային ու միջազգային քաղաքական, տնտեսական ոլորտներում խիստ հավակնոտ ծրագրերի տրցակ ունի։ Վերջին տասնամյակում Թուրքիայի ու Ադրբեջանի նման նպատակների համադրումը հանգեցրել է նրանց մի շարք ռազմական ագրեսիաների, որոնց հետեւանքով տեղի է ունեցել հրադադար՝ հօգուտ Բաքվի։

Աբեդիին ուղղված վերջին հարցը հետեւյալն է՝ վերլուծաբաններից շատերն Ադրբեջանի հանդեպ Իրանի դիվանագիտության թույլ կողմը համարում են պահանջները ոչ հստակ արտահայտելն ու շեշտադրումները, ինչպեսեւ ընդհանրապես քննադատում են այդ երկրի հանդեպ վարած քաղաքականությունը՝ այն գնահատելով թույլ եւ կրավորական, արդյոք Աբեդին համաձա՞յն է այդ գնահատականների հետ, արդյոք ընդհանուր առմամբ քննադատությունները տեղի՞ն է համարում։ Ի պատասխան՝ նա նշել է, որ կարծում է, թե տարբեր պատճառներով վերջին տասնամյակում Հարավային Կովկասում եւ ղարաբաղյան պատերազմների առնչությամբ Իրանն իր հաշվարկներում սխալներ է գործել։ Իրանը, փաստորեն, մի կողմ թողնելով Հայաստանը, իր ավանդական հովանավորության քաղաքականությունը՝ ջանքեր է գործադրել Ադրբեջանի հետ ընդհանուր լեզու գտնելու համար, ապա, հենվելով վերջինիս հետ ունեցած պատմական ու կրոնական ընդհանրությունների եւ բարիդրացիական սկզբունքի վրա, Բաքվի հանդեպ  դրսեւորել է համագործակցային վերաբերմունք։ Եվ վերջին տարիների պատերազմների ընթացքում Իրանը, երբեմն հստակ եւ երբեմն էլ անուղղակի հովանավորելով Բաքվին, ավելի է բորբոքել Հայաստանի՝ ռազմավարական մենակության զգացումը, ինչի հետեւանքով ոչ միայն Հայաստանը տարածաշրջանում թուլացել է, այլեւ լրջորեն վճարել նաեւ ներքին քաղաքականության համար։ Ուստի այժմ վկան ենք Բաքվի հարձակողական քաղաքականության առաջ հայտնված Հայաստանի։ Ստեղծված իրավիճակը պատերազմում Երեւանի պարտության եւ Իրանի ու Ռուսաստանի ոչ հստակ, առարկայական աջակցության բացակայության հետեւանք է։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930