Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ճապոնիայի ԱԳ նախարար Յոշիմասա Հայաշիի հետ։
Բարձր գնահատելով երկու երկրների միջև հաստատված համագործակցությունը՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Ճապոնիան կարևոր գործընկեր է Հայաստանի համար: Ընդգծվել է երկկողմ հայ-ճապոնական առևտրատնտեսական կապերի ոլորտում առկա մեծ ներուժն առավել արդյունավետ օգտագործելու, ինչպես նաև ներդրումների խթանման նշանակությունը: Նախարար Միրզոյանը կարևորել է Ճապոնիայի շարունակական աջակցությունը` ուղղված տարբեր բնագավառներում Հայաստանի կարողությունների զարգացմանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցերի շուրջ:
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը Յոշիմասա Հայաշիին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի մանրամասները և ընդգծել դրա հետևանքների վերացման նպատակով Ադրբեջանի վրա միջազգային հանրության շարունակական ճնշման կարևորությունը: Նա դատապարտել է Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ ու առավելապաշտական քաղաքականությունը, որը խաթարում է տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը:
Կարդացեք նաև
Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:
ԱԳՆ