Եռաբլուրի տարածքից այսօր բերման ենթարկված ծնողներից երկուսն ունեն մարմնական վնասվածքներ․ մեկի ձեռքերն են վնասվել, մյուսի մատը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ «Երկուսն էլ կին են։ Կարծես թե մատը կոտրվել է։ Հիմա ոստիկանության բաժնում են։ Դուրս գան, կդիմեն բուժօգնության։ Շտապօգնություն կանչել են, բայց վնասվածքն ավելի լուրջ է»,-նշեց նա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, տասնյակ ծնողներ այս գիշեր մնացել էին Եռաբլուրում՝ փակելու համար Նիկոլ Փաշինյանի ճանապարհը։ Նրանց, այդ թվում՝ տարեց կնոջը, կարմիր բերետավորներն ուժի կիրառմամբ, քարշ տալով այսօր հեռացրին, որպեսզի չխոչընդոտվի ՀՀ անկախության տոնի առթիվ Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր։
Կարդացեք նաև
Վահան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մոտ երեք տասնյակ ծնողներ են բերման ենթարկվել․ «Բոլորի վերաբերյալ վարչական արձանագրություններ են կազմել, որոնք մենք հետագայում բողոքարկելու ենք»։
Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրն էլ՝ տիկին Գայանեն, շեշտեց՝ հանրությունը տեսավ, թե հերոսածին մայրերի հանդեպ ինչպես են վերաբերվում՝ նրանց, ովքեր ամենաթանկն են տվել երկրին․ «Ինձ Կենտրոնի բաժին էին տարել։ Ձեռքերս են վնասվել։ Պատմելու կարիք չկա, տեսել եք։ Մարդկանց եմ դիմում՝ արթնացեք։ Եթե որդեկորույս ծնողի հետ են այսպես վարվում, սովորական մարդկանց հե՞տ ինչպես կվարվեն։ Եռաբլուրը մեծացնում են ու միաժամանակ «խոնարհվո՞ւմ» այստեղ։ Փաշինյանն այստեղ գալիս է ի՞նչ անի»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ